Լրահոս

24.03.2010 17:00


ՀՅԴ–ն համաձայն չէ Սերժ Սարգսյանի մոտեցման հետ

ՀՅԴ–ն համաձայն չէ Սերժ Սարգսյանի մոտեցման հետ

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ սիրիական «Al Watan» թերթի հարցազրույցին՝ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «7օր»-ին ասել է, որ լրագրողները հիմնականում հարցնում են այդ հարցազրույցում ԼՂՀ-ին վերաբերող հատվածի մասին, սակայն նույնքան մտահոգիչ են նաև Ցեղասպանության և Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին Սերժ Սարգսյանի ասածները։

-Այնտեղ կարծես ներակայացվում է այնպես, որ Ցեղասպանությունը ճանաչողները համաձայն չեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատմանը։ Վստահ չեմ, որ ինքն ա՛յդ է ուզեցել ասել, բայց այդպես է ընկալվում ասածը,- նշել է Կ. Մանոյանը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա, Կ. Մանոյանի խոսքերով, Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ նման հայտարարությունով է հանդես գալիս.

-Ինքը դա ասել է և՛ որպես Պաշտպանության նախարար, և՛ որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, և՛ որպես վարչապետ։ Առաջին անգամ է, որ հատկապես մադրիդյան սկզբունքների առկայության պայմաններում հանրապետության նախագահը նման բաներ է ասում,- նշել է Կ. Մանոյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը նախկինում նույնիսկ Աղդամի մասին է հայտարարել և Պաշտպանության նախարար եղած ժամանակ նշել՝ այդ տարածքներն ազատագրած ժամանակ գիտեինք, որ հետ ենք տալու։

Կ. Մանոյանի համար մեղմ ասած անհասկանալին այն է, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հատկապես հիմա՛ խոսել այդ մասին, երբ Ադրբեջանը ոչ միայն զիջելու նշույլ ցույց չի տալիս, այլ ընդհակառակը՝ ռազմատենչ հայտարարություններն է շարունակում։

-Կարծես սա վախենալու արտահայտություն էր, այդպես է ընկալվում, որ նա հոխորտում է, մենք արդեն ասում ենք, որ պատրաստ ենք տալ,- նշել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն,- մենք համաձայն չենք այդ մոտեցմանը։ Դաշնակցությունը միշտ էլ ասել է, որ այդ տարածքներն անվտանգության երաշխիք են ոչ թե մինչև հարցի կարգավորումը, այլ ընդհանրապես, որ այդ տարածքները նույնքան հայկական են, ինչքան մնացածը, որ ուզում ենք պահել, որ այդ տարածքները մենք ձեռք ենք բերել որպես հետևանք Ադրբեջանի կողմից նախաձեռնած ագրեսիայի, և եթե ագրեսորն Ադրբեջանն է, մենք այդ ագրեսորին հատուցելու խնդիր չունենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը