Մեկնաբանություն

01.04.2019 18:50


Փաշինյանի կարգախոսը՝ «Բարեկամներիս` մերոնքական ավանդույթով ու ամեն ինչ, իսկ թշնամիներիս՝ օրենք»

Փաշինյանի կարգախոսը՝ «Բարեկամներիս` մերոնքական ավանդույթով ու ամեն ինչ, իսկ թշնամիներիս՝ օրենք»

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի պատմությունը շատ ցայտուն ձևով ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի մտածողությունը և քայլարածների քաղաքականության բուն էությունը:

Այսօր «ժողովրդի վարչապետը», հանդիպելով մշակութային վերոնշյալ օջախի ներկայացուցիչների հետ, հերթական անգամ բացահայտել է այդ մտածողությունը, որը բոլշևիկյան է, և ցույց տվել իրենց վարած քաղաքականությունը, որը տեղավորվում է «Բարեկամներիս` մերոնքական ավանդույթով ու ամեն ինչ, իսկ թշնամիներիս՝ օրենք» բանաձևի շրջանակներում:

Օրբելյանը Փաշինյանի հետ չի քայլել և չի հանդիսանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Հենց դա էլ Փաշինյանին ստիպել է հայտարարել, որ Օրբելյանի՝ տնօրեն նշանակման մասով կան օրենքի խախտումներ, և իրենք ուզում են իրավիճակը բերել օրենքի դաշտ:

Մի կողմ թողնելով հարցի իրավական կողմը ՝ նկատենք, որ Փաշինյանն ուզում է իր «մարդուն» տեսնել Օպերայի տնօրենի պաշտոնում ու այդ նպատակով էլ տառակերությամբ է զբաղված: Մնացածը ձևականություն է և դեմագոգիա: Նրան ոչ թե Օպերայի ճակատագիրն է հետաքրքրում, այլ տարածք գրավելն ու յուրայիններին աշխատանքի տեղավորելը:

Հայտի է, որ երբ Փաշինյանին պետք է լինում, նա օրենքն է հարմարեցնում մարդու «տակ»: Օրինակ՝ քայլարածներն ամեն ինչ անում են և նույնիսկ ԱԺ կանոնակարգ-օրենքում ու ՍԴ անդամի թեկնածուին ներկայացվող օրենսդրական կարգում են փոփոխություններ մտցնում, որպեսզի կարողանան մեկ անգամ արդեն ԱԺ-ում մերժված Վահե Գրիգորյանին կրկին առաջադրել ՍԴ անդամի թեկնածու ու նրան դարձնել ՍԴ դատավոր: Լևոնական Վահեի համար հսկայական փոփոխություններ են անում, իսկ ահա Օրբելյանի պահով օրենքի տառից են կառչում ու մտքներով էլ չի անցնում լուծում գտնել:

Ուշագրավ մեկ հանգամանք: Փաշինյանն ասում է, որ Օրբելյանը ժամանակին օրենքի խախտումով է նշանակվել տնօրեն, ու այդ մասին կա քաղաքացու հաղորդում: Սա արդեն բոլշևիկյան ոճ է՝ անանուն նամակին հղում անել և առաջ բրդել սեփական ցանկությունները: Հպարտ քաղաքացու անունի՛ց, բնականաբար:

Ի դեպ, Փաշինյանն ասում է, որ Օրբելյանին իրենք ոչ թե հեռացնում են Օպերայից, այլ կրճատում են նրա պաշտոնների քանակը: Նկատենք, որ սա պարզապես ցինիզմ է: Նախ՝ քայլարածներն իրենց թիմում չունեն Օրբելյանի կարգի որևէ թեկնածու (իրենց նպատակը հենց սեփական թիմակցին տնօրեն նշանակելն է), որ մտածեն Օրբելյանի կարգավիճակն «օպտիմալացնելու» մասին: Բացի այդ՝ Օրբելյանը, իր հեղինակությունն ու կապերը օգտագործելով, հսկայական միջոցներ է կարողանում բերել և օժանդակել մշակութային այդ կարևորագույն օջախի գործունեությանը: Հիմա եթե նա համապատասխան կարգավիճակ չունենա, ապա այդ միջոցները չեն գա Հայաստան: Նույն Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի՞ զիջել իր վարչապետի պաշտոնը և նույն ջանասիրությամբ փորձի ներդրումներ բերել Հայաստան: Իհա՛րկե, ոչ: Ինչո՞ւ է այդ դեպքում նա մտածում, որ դա կարող է անել Օրբելյանը: Ընդ որում՝ Օրբելյանը հայաստանյան ներկա պայմաններում հայտնի միջազգային բրենդ է, իսկ ահա Վահե Գրիգորյանն իր ոլորտում, մեղմ ասած, այդ մարդը չէ, այլ ընդամենը Փաշինյանի դուդուկի տակ պարող է և քաղաքական հետապնդումներ իրականացնելու հարցում ՀՔԾ-ին կից ֆիգուր:

Ի դեպ, Օրբելյանի հետ տեղի ունեցողն ամբողջությամբ տեղավորվում է այն քաղաքականության մեջ, ըստ որի՝ իրականացվում է կադրային ջարդ: Սրանք, մասնավորապես, խոստացել էին, որ պետական ապարատի ստորին ու միջին օղակին չեն դիպչելու, բայց հիմա քայլարած պատգամավոր Վարազդատ Կարապետյանը բոլշևիկյան ոճով հայտարարում է, որ, իբր, չինովնիկական ստորին ու միջին օղակներում դիմադրում են բարեփոխումներին, և հետևաբար նրանց պետք է փոխել: Դա էլ է հերթական խաբեությունը, այսինքն՝ խոստացել էին մի բան, բայց անում են հակառակը: Դա նշանակում է, որ ավերածությունները բոլոր ոլորտներում շարունակական են լինելու: Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս վտանգավոր փորձարկումներին:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Ինչպես հայտնի է, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը:

Առաջադրված թեկնածուները 23-ն էին: Անցավ Շիրինյանը, ով «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է:

Արձանագրենք, որ բոլոր ոլորտներում նշանակվում են Նիկոլի «մարդիկ»: Սա 90-ականների իշխանությունների գործելաոճն է՝ «Թող պոլի փայտ լինի, միայն թե ՀՀՇ-ից լինի» տխրահռչակ տարբերակով:

Այս խորագրի վերջին նյութերը