Մեկնաբանություն

01.04.2019 20:30


ԵԱՏՄ-ից դուրս գամ, մտնեմ Պուտինի ընդունարան

ԵԱՏՄ-ից դուրս գամ, մտնեմ Պուտինի ընդունարան

Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Այդ մասին լուր կա ինչպես ՀՀ վարչապետի, այնպես էլ ՌԴ նախագահի պաշտոնական կայքերում:

Հեռախոսազրույցի մասին երկու կայքերում էլ փաստն արձանագրված է, բայց տարբեր են մատուցման ձևերը: Կան տարբեր շեշտադրումներ և դետալներ: Իսկ ինչպես հայտնի է, սատանան դետալների մեջ է:

Եվ այսպես, ՀՀ վարչապետի կայքը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները: Իսկ ահա Պուտինի կայքում այլ կերպ է ներկայացվել հեռախոսազրույցը:

«Փաշինյանը տեղեկացրել է Պուտինին մարտի 29-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին»,- մասնավորապես նշված է «Kremlin.ru»-ում:

Ուշադրությո՛ւն դարձրեք: Վարչապետի կայքը Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցը ներկայացնելիս օգտագործում է «քննարկել» բառը, իսկ Պուտինի կայքում նշվում է, որ Փաշինյանը տեղեկացրել է («проинформировал») Վիեննայում տեղի ունեցածի մասին: Համաձայնե՛ք, որ «քննարկել» և «տեղեկացնել» բառերը տարբեր իմաստներ ունեն, այն էլ՝ պետությունների ղեկավարների մակարդակում: Տեղեկացնելը տվյալ դեպքում դառնում է հաշվետվություն ներկայացնելու պես մի բան:

Թե իրականում ինչ մթնոլորտում է տեղի ունեցել Փաշինյան-Պուտին զրույցը, դժվար է ասել: Փաստն այն է, որ Մոսկվայում հատուկ ընդգծել են, որ Փաշինյանն իրեն «դակլադ» է տալիս, այսինքն՝ նրա հետ ոչ թե հարց են քննարկում, այլ պարզապես լսում են «դակլադ»:

Ուշագրավ է նաև այն, որ կրեմլյան կայքը գրում է, որ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ բանակցային գործընթացում ռուսական ծանրակշիռ միջնորդական ջանքերի համար: Մինչդեռ հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ ՌԴ միջնորդական ջանքերի թեմայով Փաշինյանի շնորհակալության ու, ըստ էության, քծնանքի մասին խոսք չկա: Հավանաբար, Նիկոլենք համարել են, որ դա այնքան էլ «դուխով» չէ, ու չեն ուզեցել զրույցի այդ հատվածը ներկայացնել հպարտ քաղաքացիներին:

Մեկ այլ դետալի մասին:

Կրեմլի կայքը մեկ փոքրիկ պարբերություն է հատկացրել հայ-ռուսական հարաբերությունների թեմային, իսկ ահա Փաշինյանի կայքը հիմնական շեշտը դրել է հայ-ռուսական հարաբերությունների թեմայով հեռախոսազրույցի մանրամասների վրա և երկու պարբերությամբ անդրադարձել զրույցի այդ հատվածին:

Միջպետական հարաբերություններում այս դետալները շատ մեծ բան են ցույց տալիս:

Փաստորեն, ընդդիմադիր աշխատած տարիներին ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ հանդես եկած, Ռուսաստանին 2016-ի ապրիլյան պատերազմը հրահրելու մեջ մեղադրած, հակառուսական հռետորաբանությամբ աչքի ընկած Փաշինյանն, ըստ կրեմլյան կայքի, դարձել է Պուտինին «դակլադ» տվող: Ըստ էության՝ նախկինում քննադատվող դաշնակցային ու «ֆորպոստային» հարաբերություններն այժմ իջել են արհամարհանքի ու անվստահության մակարդակի:

Փաստորեն, ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունից մինչև Պուտինին «դակլադ» տալը մեկ «թավշյա» քայլ է:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Փաշինյանն ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ իր վարչապետությունից հետո ՌԴ-ի հետ հարաբերություններն աննախադեպ լավ են, և Պուտինի հետ ինքը փայլուն կապ է հաստատել, բայց իրականությունը ճիշտ հակառակն է:

Իսկ թե ինչպիսին է Կրեմլի վերաբերմունքը «թավշյա» առաջնորդի նկատմամբ, երևաց նաև վերջին օրերին, երբ ՌԴ դաշնային միանգամից 3 հեռուստաալիք Փաշինյանին ներկայացրեց որպես 2008-ի նախագահական ընտրություններից հետո անկարգությունների կազմակերպիչ, Նիկոլի քաղաքական հոգեհայր Լևոն Տեր-Պետրոսյանին՝ փորձառու քաղաքական խառնակիչ, իսկ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ որպես ապօրինաբար կալանավորված քաղաքական հետապնդյալ, ուժեղ առաջնորդ և մարտիկ:

Այս խորագրի վերջին նյութերը