Մեկնաբանություն

02.04.2019 21:29


Չի՞ հասկանում, թե՞ ձևացնում է

Չի՞ հասկանում, թե՞ ձևացնում է

Վիեննայից վերադառնալուց հետո վարչապետ Փաշինյանը հերթական անգամ «լայվ» մտավ, որ դուխ տա իր հետ դեռևս հույսեր կապողներին, հանգստացնի թերահավատներին և հակադարձի «չուզողներին», բայց ստացվեց, ինչպես միշտ։

Վարչապետի երկարաշունչ ուղերձը՝ ուղղված հանրությանը, ավելի շատ հարցականներ առաջացրեց, քան պատասխանեց բանակցային գործընթացից շատ թե քիչ տեղյակ շրջանակներին մտահոգող «օդից կախված» հարցերին։ Ավելին՝ ցույց տվեց, որ ճակատագրով կամ թյուրիմացաբար գլխավոր բանակցողի դերում հայտնված այս անձնավորությունն այսքան ժամանակ ոչ բանակցային գործընթացի պատմությունից է բան հասկացել, ոչ էլ համարժեք պատկերացում ունի բանակցությունների տրամաբանության մասին։

Հարցականները շատ են, բայց անդրադառնանք դրանցից երկուսին։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը վերջերս ևս մեկ անգամ՝ ոչ թե ըսի-ըսավների մակարդակով, այլ անհերքելի փաստերով՝ հղում անելով, մասնավորապես, Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական՝ բանակցությունների «գլխավոր մասնագետ» Ժիրայր Լիպարիտյանին, համոզիչ կերպով ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը դեռ մինչև Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալն էր փաստացի դուրս մնացել բանակցային գործընթացից (մի կողմ թողնենք, որ մինչ այդ էլ որպես բանակցությունների լիարժեք սուբյեկտ՝ հավասարը հավասարի պես, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ չէր նստել բանակցային սեղանի մոտ, այլ՝ «ԼՂ ընտրված ներկայացուցիչների և չեղած «ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի մակարդակով)։ Դրանից հետո 20 տարվա վաղեմության պնդերես շահարկումները, թե Ռոբերտ Քոչարյանն է դուրս թողել Արցախը բանակցային ձևաչափից և իրենով արել արցախահայության անունից բանակցելու իրավունքը, մղվեցին երկրորդ պլան։

Փաշինյանն ուղիղեթերային իր ուղերձում միանշանակ, ընդ որում՝ մեկի տեղ մի քանի անգամ, պնդում է, որ հենց 98-ին Արցախը դուրս մնաց բանակցային ձևաչափից։ Եվ, որպես մեղմացուցիչ հանգամանք, նշում է՝ այդքանով հանդերձ, Արցախը դե ֆակտո մասնակցել է բանակցություններին, որովհետև երկրորդ և երրորդ նախագահները, ծնունդով Արցախից լինելով, ուղղակի կամ անուղղակի ներկայացնում էին նաև Արցախը։ Դե, իսկ ինքը, քանի որ արցախյան արմատներ չունի՝ քայլելով ու փողոց փակելով իշխանության եկած իջևանցի տղա է, չի կարող բանակցել Արցախի անունից ու Արցախի փոխարեն։

Իրողությունն այն է, որ Արցախն, այո՛, փաստացի ներգրավված է եղել բանակցային գործընթացում, բայց դա պայմանավորված էր ոչ թե գլխավոր բանակցողների ծննդավայրի (և անգամ Արցախյան պատերազմում ունեցած հսկայական ներդրումների) գործոնով, այլ նրանով, որ ամեն անգամ (կամ գրեթե ամեն անգամ) տարածաշրջան այցելելիս Մինսկի խմբի համանախագահները մեկնում էին նաև Արցախ, հանդիպում ղեկավարության հետ, լսում նրանց տեսակետները բանակցային օրակարգում դրված ցավոտ հարցերի վերաբերյալ։

Եվ ավելին՝ նույն երկրորդ և երրորդ նախագահները մեկ անգամ չէ, որ հրապարակավ խոսել են Արցախը բանակցությունների լիիրավ մասնակից դարձնելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ առանց հակամարտության հիմնական սուբյեկտի, այսինքն՝ Արցախի անմիջական մասնակցության, խնդիրը չի կարող լուծվել ու չի լուծվի։ Եվ ուրեմն՝ Փաշինյանը կա՛մ ծանոթ չէ Քոչարյանի գրասենյակի վկայակոչած փաստերին ու փաստարկներին, ասել է թե՝ չի յուրացրել բանակցային գործընթացի պատմությունը (ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, թե ովքեր էին ուսուցիչները՝ Տեր-Պետրոսյան ու Ալիև)։ Այսինքն՝ խոսում է իր չիմացած բաներից, կա՛մ, որ ավելի վատ է, լավ էլ գիտի, բայց միտումնավոր խեղաթյուրում է փաստերը՝ ուղղակի ջուր լցնելով Տեր-Պետրոսյանի ու իր վկաների ջրաղացին։

Փորձելով պատրանք ստեղծել, թե «տղամարդ է, խոսքի տերն» է՝ ինչպես և նախապես խոստացել էր, Վիեննայում օրակարգ է մտցրել Մադրիդյան սկզբունքների հիմքում դրված հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի շուրջ տարընթեցումները հանելու, այդ հարցերում հստակություն մտցնելու և տարաբևեռ մեկնաբանությունների մշակույթից հրաժարվելու խնդիրը։ Եվ ավելացնում է՝ իհարկե, հարցականները մնում են, բայց ինքը հետևողական է լինելու այդ հարցում և փորձելու է ստանալ իրեն հետաքրքրող բոլոր հարցերի հստակ պատասխանները։

Սա փաստում է, որ Փաշինյանն այդպես էլ գլխի չի ընկել, որ բանակցությունների նպատակն էլ հենց առայժմ ցավոք անլուծելի այդ թնջուկների շուրջ կոնսենսուսի հասնելն է՝ հակամարտության բոլոր կողմերի համար այս կամ այն չափով ընդունելի մոտեցումներ մշակելը։ Ամբողջ խնդիրն այն է, որ կողմերի մոտեցումներն այդ հարցերում տրամագծորեն տարբեր են (հուսանք, այսօր էլ տարբեր են), և կողմերից յուրաքանչյուրը, ներկայացնելով իր դիրքորոշումը, ակնկալիքների և ցանկությունների նշաձողը, հիմնավորելով իր մոտեցումները, ձգտում է կշեռքի նժարն իր կողմը թեքել և հասնել իր համար առավել նպաստավոր հանգուցալուծման։ Հենց այն հարցերի շուրջ, որոնց հետ կապված Փաշինյանն ուզում էր պարզաբանումներ ստանալ Ադրբեջանից և Մինսկի խմբի համանախագահներից։

Եթե այդ հարցերը միանշանակ պատասխաններ ունենային, և բանակցությունների բոլոր մասնակիցները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Արցախը և Մինսկի խմբի համանախագահները նույն դաշտում տեսնեին դրանց լուծումները, կողմերին կմնար նստել կլոր սեղանի շուրջ և գրավոր ձևակերպում տալ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այսինքն՝ մշակել այդքան սպասված երկարատև և կայուն խաղաղության համաձայնագիրը։

Այս տարրական բանը չհասկանալ նշանակում է դիվանագիտության մեջ բոբիկ լինել, ինչը, համաձայնեք, չափից ավելի մեծ շռայլություն է մեզ համար. անթույլատրելի շռայլություն, որի հետ երևի թե միայն Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրելը՝ ոտքի վրա կամ ձեռի հետ ձեռք բերված վերելակային համաձայնություններով փոխարինելը կարող է համեմատվել…

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը