Մեկնաբանություն

03.04.2019 17:05


Կա՛մ ընթացք կտան 1996-ի կեղծված ընտրությունների մասին հաղորդմանը, կա՛մ կխոստովանեն, որ ԼՏՊ-ի մոտ իշխանություն են աշխատում 

Կա՛մ ընթացք կտան 1996-ի կեղծված ընտրությունների մասին հաղորդմանը, կա՛մ կխոստովանեն, որ ԼՏՊ-ի մոտ իշխանություն են աշխատում 

Երբ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց պալատական խարդավանքների սիրահար, զինված խումբ ստեղծելու գործով անցնող տխրահռչակ Վահան Շիրխանյանի խզբզած «բաց բանսարկությունը» հիմք ընդունելու և 1998թ. նախագահական ընտրությունների արդյունքների կեղծված լինելու «փաստը» քննության առարկա դարձնելու մասին, առաջին հարցը, որ ծագեց առողջ դատելու ունակությունը չկորցրած քաղաքացու մոտ այն էր, թե ՀՔԾ-ն, ընդհանրապես՝ հայրենի դատաիրավական համակարգը նույնքան «հետևողական» կլինե՞ն 1996թ. նախագահական ընտրություններում տեղ գտած աղաղակող խախտումները վեր հանելու, դրանց իրավական գնահատական տալու հարցում։

1996-ի ընտրակեղծիքներին հետահայաց անդրադառնալու անխուսափելի անհրաժեշտությունը հիմնավորող հիմնական փաստարկներից մեկը հետևյալն էր՝ եթե ՀՔԾ-ն այնքան «դուխով» է, որ որոշել է «քննել» 1998-ի ընտրությունների օրինականությունը, որոնց արդյունքները չեն վիճարկվել ո՛չ Սահմանադրական դատարանում, ո՛չ փողոցում (սա մեր ընտրությունների պատմության եզակի այն դեպքերից է, երբ երկրորդ տեղը գրաված թեկնածուն իրեն 70 տոկոսով հաղթած նախագահ չհռչակեց և իր կողմնակիցներին չտարավ փորձության), ապա տարրական տրամաբանությունը հուշում է, որ նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև 1996թ. հիմնավորապես կեղծված, ընտրություններ կեղծելու «քաղաքական մշակույթի» հիմքերը դրած ընտրությունների պարագայում։ Առավել ևս, երբ դա ապացուցող հիմնավոր փաստերի ու փաստարկների պակաս չի զգացվում։

Խոսքը, մասնավորապես, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի կողմից օրերս շրջանառության մեջ դրված փաստաթղթի` ԱՄՆ պետդեպարտամենտի՝ 1996թ. Հայաստանի նախագահական ընտրությունների մասին զեկույցն է, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը վերընտրվեց սեպտեմբեր ամսվա բազմաթեկնածու և հակասական ընտրությունների արդյունքում, որոնք նշանավորվեցին մի շարք անօրինականություններով ու ընտրական օրենքի լուրջ խախտումներով։ Ընդդիմությունը մերժեց ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմեց Սահմանադրական դատարան՝ խնդրելով չեղյալ հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ու նշանակել նոր ընտրություններ։ Դատարանի վարած քննությունը չցրեց պաշտոնական արդյունքների հավաստիության վերաբերյալ կասկածները»։

Պետդեպարտամենտը նաև ներկայացրել է «գերժողովրդավարական» այն իրավիճակը, որի պայմաններում Տեր-Պետրոսյանն ինքն իրեն վերընտրված (այն ժամանակ ընդդիմադիր լրագրող Փաշինյանի գնահատմամբ՝ «զոռընտիր») նախագահ հռչակեց` չսպասելով անգամ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եզրակացությանը.

«Սեպտեմբերյան ընտրություններին հետևած իրադարձությունների ժամանակ կառավարությունը ծեծի ու բռնությունների ենթարկեց ընդդիմադիր կուսակցությունների անդամներին ու ցուցարարներին», «Դաշնակցությանն առնչվող մամուլի միջոցները շարունակում են փակված մնալ։ Հեռուստատեսային և ռադիոհեռարձակումները խստորեն վերահսկվում են կառավարության կողմից», «ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն իր՝ սեպտեմբերի 24–ի զեկույցում նշեց, որ Տեր-Պետրոսյանն ընտրություններին նախորդած շաբաթվա ընթացքում 16 անգամ ավելի շատ ժամանակ է ունեցել հեռուստաեթերում, քան իր հիմնական մրցակիցը։ Ըստ ԵԱՀԿ–ի՝ սա անհամեստորեն գերազանցում է այն չափերը, որ նման դեպքերում արձանագրվել է որևէ տեղ աշխարհում», և այլն, և այդպես շարունակ։

Մինչ այդ` մարտի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանին էր բաց նամակով դիմել Նարեկ Մանթաշյանը` «պարոնայք արդարադատություն իրականացնողներից» պահանջելով «քրեական գործ հարուցել և քննել 1996թ. նախագահական ընտրությունները, հայտնաբերել և պատժել մեղավորներին` նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ». «Խնդրում եմ նամակս ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։ Կից ներկայացնում եմ նաև այդ տարիներին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի մասնակցությամբ տեսագրությունը՝ որպես հանցանքի ապացուցողական նյութ, նաև ինքնախոստովանություն։

Եթե կարճ ժամանակում նշված դեպքի առթիվ չհարուցվի քրեական գործ, ես ինձ իրավունք եմ վերապահում Հայաստանի Հանրապետության գործող, նամակիս պաշտոնյա հասցեատերերին չվստահել, չվերաբերվել որպես պետական պաշտոնյաների և նրանց որակել որպես ռևանշիստական արդարադատության կամակատարներ, որոնք իշխանությունն օգտագործում են միայն աշխատավարձ, պարգևավճար ստանալու և Քոչարյանից վրեժ լուծելու համար»։

Նիկոլ Փաշինյանն ու իր անձնական օգտագործման գործիք ՀՔԾ-ն առ այսօր համեստորեն լռում են. չեն արձագանքել այս դիմում-խնդրանքին։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազին, վերջինս, լրագրողների հարցերին պատասխանելով, խիստ դիվանագիտական պատասխան տվեց կայքերում ու թերթերում ակտիվորեն արծարծվող այդ հարցադրումներին` ասելով. «Դրա վերաբերյալ մենք ունե՞նք ի հայտ եկած նոր հանգամանքներ»։ Լրագրողի հիշեցմանը, թե այդ մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներ, հայտարարություններ են եղել, այդ թվում` հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի կողմից, որ Տեր-Պետրոսյանի թիվ 1 մրցակցին` ընտրություններում փաստացի առաջին տեղը գրաված Վազգեն Մանուկյանին այդ «գործով» տուժած ճանաչեց, գլխավոր դատախազը մի փոքր կարկամեց, հետո, իրեն հավաքելով, այսպես խոսեց. «Ով ինչ գրի, որը իրավական գնահատականի արժանանա, դրան տրվելու է պատշաճ արձագանք»։

Վերջում, «բացելով փակագծերը», ներկայացրեց իր «սկզբունքային դիրքորոշումն» այդ հարցում. «Բազմիցս բազմաթիվ բաներ կարող են գրված լինել։ Եթե նկատեցիք, իմ ձևակերպումը` գրված կամ տրված հաղորդում-հայտարարություն, որը իր մեջ որոշակիության իրավական գնահատականի կարիք ունի... Բովանդակությունից մեր համար պետք է ստեղծվեն հիմքեր` որոշակիությամբ պայմանավորված իրավական գործընթաց իրականացնելու։ Որտեղ դա տեսել ենք, իրականացրել ենք»։ Եվ այդպես էլ չպատասխանեց լրագրողի հարցին` Շիրխանյանի նամակում եղե՞լ է իրավական որոշակիություն, թե՞ ոչ այնքան։

«Իրավական որոշակիության» ծուռումուռ արահետներում կողմնորոշվելու հարցում այսօր գլխավոր դատախազին օգնության հասավ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը. Արամ Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազության մոտ բացօթյա ասուլիս արեց և հայտարարեց՝ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Հայտնեց, որ դիմել է գլխավոր դատախազություն՝ 1996 թ. նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև իր նկատմամբ առանձնապես դաժանությամբ բռնություն կիրառելու և իրեն խոշտանգելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:

Եվ հիմա հարցը, ինչպես ասում են, կտրուկ է դրված. կա՛մ հայրենի իրավապահները ընթացք կտան Ա. Հարությունյանի դիմումին, կա՛մ կմերժեն` ընդունելով, որ իրենք ոչինչ չեն որոշում. հանցագործության մասին այդ և նման հաղորդումների ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Ժողվարչապետի «քաղաքական որոշումն» է կանխորոշում` Արթուր Դավթյանը և Սասուն Խաչատրյանը «որոշակիությամբ պայմանավորված իրավական գործընթաց իրականացնելու» հիմքեր կտեսնե՞ն այդ հաղորդումներում, թե՞ իրենց «հայտնի կենդանու» տեղը կդնեն։

Կա նաև հարցի մյուս կողմը։ Փաշինյանն, ինչ խոսք, բազմիցս ապացուցել է մի բան ասելու, հակառակն անելու իր «հաստատակամությունը», և այս դեպքում էլ կարող է շատ հանգիստ, առանց աչքը թարթելու հետ կանգնել Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ արած հայտարությունից։ Հեչ որ չլինի, կարող է ձեռքը գցել «այլաբանորեն խոսելու» փրփուրներին և ասել` հո կրակը չե՞մ ընկել ոչինչ չպարտավորեցնող հերթական մի հայտարարություն անելով։

Բայց տեսողության հետ խնդիրներ չունեցող ցանկացած մեկը հասկանում է՝ սա լակմուսի այն թուղթն է, որ միանշանակ ի հայտ է բերելու թավշյահեղափոխական վարչախմբի ողջ «պերճանքն ու թշվառությունը», ցույց է տալու՝ ի վերջո, ժողվարչապետն առաջնորդվում է անցյալի թաքուն ծալքերը «լուսաբանելու» և ընտրություններ կեղծելու էջը մեկընդմիշտ փակելու անկեղծ ցանկությա՞մբ, թե՞ ընդամենը Տեր-Պետրոսյանի թաքուն ու բացահայտ ցանկությունների կատարողն է։ Եվ, սևեռվելով երկրորդ նախագահի վրա, ընդամենը մի խնդիր է լուծում՝ վրեժխնդիր լինել Ռոբերտ Քոչարյանից 1998-ի իշխանափոխության և մարտիմեկյան ձախողված հեղաշրջման փորձի համար։

Կամ, ինչպես կասեր քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը` «փոքրիկ մարդ է, ով եռում է վրեժխնդրությունից»...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը