Լրահոս

25.03.2010 13:49


ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարարը չի հիշում, որ իրենց ապազգային էին անվանում

ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարարը չի հիշում, որ իրենց ապազգային էին անվանում

Այսօր «Իրավունք դե ֆակտո» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, այժմ ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանին հարցրել են՝ ինչո՞վ է տարբերվում այսօր Հայաստանում վարվող արտաքին քաղաքականությունն իր իշխանության տարիներին եղած դիրքորոշումներից, որովհետև այն ժամանակ էլ ձե՛զ էին ասում, որ ապազգային եք։

-Ես, ճիշտն ասած, այդպես չեմ հիշում, թե ոնց էին ասում, որ մենք ապազգային ենք։ Ես եղել եմ ազգային անվտանգությունում 1994-95թթ., և երբ մենք խոսում ենք այն տարիների մասին, պետք է բոլորս մի բան շատ լավ հիշենք՝ պատերազմ էր, չկա այն երկիրը, որ պատերազմի ժամանակ լույս է ունենում, չկա այն երկիրը, որ ճանապարհ է ունենում պատերազմի ժամանակ, այն էլ Հայաստանի պես պարկի մեջ գտնվող երկիրը, բայց այն ժամանակ գոնե մենք բոլորս հավատ ունեինք։ Անկեղծ եմ ասում, որ այսօր իշխանավորների հետ խոսելուց իրենց աչքերի մեջ դա չեմ տեսնում։ Եթե մեկը մեզ հանդիպեր 94թ.-ին, կխոսեր պատերազմից, դրա ելքից (այնտեղ մի շարք շրջաններ էին վտանգված, ծանրագույն վիճակ էր), կտեսներ, որ բոլորի աչքերի մեջ հավատ կար,– պատասխանել է Գ. Եղիազարյանը՝ հավելելով, որ այսօրվա և այդ տարիների միջև համեմատական անցկացնելու հիմք չկա.

-Եթե մարդը մի միավոր ղեկավարում էր, պարտադիր նրա մի ոտքն Արցախում էր, մյուսը՝ Հայաստանում։ Հիմա այսքան բան է կատարվում, մի հատ ուշադրություն դարձրեք՝ սրանցից ո՞վ է գնում այնտեղ, կամ գնում են ի՞նչ անեն։ Մենք գնում էինք կոնկրետ հարցը լուծելու համար։ Այնտեղ սկզբից մենք մեկ զինամթերք չունեինք, հետո ունեինք մի տեսակից, մյուս տեսակից չունեինք, խառն էր, դեռ բանակը կազմավորված չէր, դեռ ֆիդայական շարժումն էր։ Այսօր, փա՛ռք Աստծո, մենք ունենք կազմավորված, պանծալի բանակ, որի հիմքերը դրեց, իհարկե, ֆիդայական շարժումը, այսօր ամեն ինչ ունենք, այսօր արդեն ոչ առաջին տասնամյակ է՝ խաղաղություն կա, և տեսեք, թե հարցերն ինչ լուծում են ստանում։ Եթե ասում են, որ մենք ապազգային ենք, թող ապազգային լինեին, օրինակ՝ էլի հողեր վերցնեին, էլի տարածքներ ազատագրեին։ Քարն իրենց գլուխը՝ թող 100 անգամ մեզանից ապազգային լինեն, մեկ սանտիմ մեր տարածքներն ազատագրեն, 4 կողը մեր տարածքներն են դեռ չազատագրված։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը