Տնտեսական

04.04.2019 11:52


ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը. ՀՅԴ

ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը. ՀՅԴ

Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշներն առավել շահեկան է վերլուծել` համեմատելով նախորդ տարվա արդյունքների հետ, ինչը հնարավորություն է տալիս գնահատելու երկրի տնտեսության կառավարման արդյունավետությունը և միտումները: Եվ այսպես՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ, այն դեպքում, երբ 2018 թվականի նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունն աճել էր 8.6 տոկոսով, այսինքն՝ 2.1 տոկոսով նվազել է տնտեսական աճի տեմպը: Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի տնտեսական ակտիվությունը հիմնականում ապահովել են արդյունաբերության, շինարարության, ծառայությունների և առևտրի ոլորտները: Մասնավորապես՝

  • 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերությունն աճել է 1.9 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 8.3 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 6.4 տոկոսով: Նվազումը պայմանավորված է հանքարդյունաբերության ծավալների կրճատմամբ: Բանն այն է, որ 2018 թվականին Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը:
  • 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին շինարարությունն աճել է 21.6 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 22.7 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 0.9 տոկոսով: Շինարարության ոլորտի աճի վրա դեռևս մեծ ազդեցություն ունեն պետական վարկային միջոցներով իրականացվող շինարարական ծրագրերը: Ի դեպ՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածի (Տրանշներ 1.-ը և 2.-ը) շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն 2019 թվականի սեպտեմբերին, սակայն շինարարության ներկայիս տեմպը վկայում է, որ հերթական անգամ շինարարական աշխատանքների ժամանակացույցը երկարաձգվելու է՝ լրացուցիչ ֆինանսական բեռ առաջացնելով պետական բյուջեի վրա: Վստահաբար կարելի է նշել, որ հատկացված վարկային միջոցները բավարար չեն լինի ծրագիրն ավարտին հասցնելու համար:
  • 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին առևտուրն աճել է 13.1 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 17.4 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 4.3 տոկոսով: Հատկանշական է, որ պաշտոնատար անձինք պարբերաբար խոսում, հրապարակում են միլիոնավոր ՀԴՄ կտրոնների տպագրության աճի մասին տվյալներ, մինչդեռ նախորդ տարի, ավելի քիչ ՀԴՄ կտրոններ տպագրելով, առևտրի ոլորտն ավելի արագ է աճել: Հետևաբար` Հայաստանի տնտեսական քաղաքականության արդյունավետության գնահատման հիմքում առավել ընդգրկուն ցուցանիշներ պետք է դնել։
  • 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ծառայության ոլորտն աճել է 17.5 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 15.1 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը ավելացել է 2,4 տոկոսով: Ծառայության ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատմամբ և բանկային համակարգի ցուցանիշների զգալի բարելավմամբ:

Տնտեսության վիճակը, ստվերայնության աստիճանը գնահատելու համար հաճախ օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության և իրացման ծավալների ցուցիչը: Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունի հունվար-փետրվար ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրության` 21 տոկոսով անկումը: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ անկումը գլխավորապես բացատրվում է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների կրճատմամբ:

Միանշանակ է, որ տնտեսական աճի դանդաղումն իր ազդեցությունն է թողել արտահանման և ներմուծման ցուցանիշների վրա, մասնավորապես՝

  • 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին արտահանումը նվազել է 11.6 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 41 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 52.6 տոկոսով: Արտահանման ծավալների անկումը հիմնականում բացատրվում է Թեղուտից արդյունահանվող պղնձի, մոլիբդենի արտահանման դադարով: Արտահանվող այլ ապրանքների ծավալների կրճատում նույնպես կլինի։
  • 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծումը նվազել է 5.6 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 44.4 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 50 տոկոսով: Ներմուծման ծավալների կրճատման վրա էական ազդեցություն ունի խոշոր ներդրումային ծրագրերի դադարը, օրինակ՝ Ամուլսարը:

Մտահոգիչ է, որ 2019 թվականի ընթացքում արտահանումը, ի տարբերության ներմուծման, ավելի մեծ տեմպերով է կրճատվել, որը լրացուցիչ արժութային ճնշում կառաջացնի ներքին շուկայում, ինչը կարող է նպաստել ՀՀ դրամի արժեզրկմանը՝ կրճատվող դոլարային պահուստների պայմաններում:

Վերջին ամիսների ընթացքում մի շարք պաշտոնատար անձինք խոսում են բարձր աշխատավարձային քաղաքականության մասին, այն պարագայում, երբ 2019 թվականին միջին անվանական աշխատավարձն աճել է 4.9 տոկոսով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմում էր 8.9 տոկոս, այսինքն՝ աշխատողների աշխատավարձերի աճի տեմպը նվազել է 4 տոկոսով:

Ամփոփելով վերը նշվածը՝ հարկ է արձանագրել, որ ՀՀ տնտեսության մեջ թռիչքաձև զարգացում և էական կառուցվածքային փոփոխություններ չեն արձանագրվել, տեսանելի չեն տնտեսական քաղաքականության նոր մոտեցումներ, մոդելներ:

Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու

Այս խորագրի վերջին նյութերը