Լրահոս

25.03.2010 15:51


Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միջոցառումների շարքը

 

 

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Պատմության և արևելագիտության ինստիտուտների, ինչպես նաև ՀՀ Սփյուռքի նախարարության և «Հայկական հուշարձանների ուսումնասիրություն» կազմակերպության հետ համատեղ 2010թ. ապրիլի 19-20-ը Երևանում կազմակերպում է միջազգային գիտաժողով Հայոց ցեղասպանության, մասնավորապես մշակութային ցեղասպանության հիմնախնդիրների շուրջ: Գիտաժողովի նպատակն է հստակ գնահատականներ տալ Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի Հանրապետության տարածքում մեր օրերում շարունակվող հայկական մշակութային ժառանգության համատրած ոչնչացման քաղաքականությանը, ինչպես նաև անդրադառնալ դրա գաղափարական, քաղաքական ու մշակութաբանական հիմնավորումներին և հետևանքներին:

Գիտաժողովին մասնակցելու են մշակութային ցեղասպանության գծով մասնագետ-պատմաբաններ Հայաստանի Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Գերմանիայից և Հոլանդիայից:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվելու է «Հայոց ցեղասպանությունը մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցադրություն, որում ընդգրկվելու են վերջին տարիներին թանգարանի կողմից իրականացված հավաքչական աշխատանքների արդյունքում ձեռք բերված օտարալեզու բացառիկ հնատիպ ու ժամանակակից պարբերականներ, որոնց առաջին էջերին անդրադարձ է եղել հայկական կոտորածների թեմային: Այս ցուցադրությունը նմանատիպ բովանդակությամբ առաջին ցուցադրությունն է:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թանգարանային մշտական ցուցադրության ցուցասրահներից մեկում ներկայացնելու է վերջին երկու տարիների ընթացքում թանգարանի հավաքչական աշխատանքների արդյունքում ձեռք բերված առավել արժեքավոր թանգարանային միավորներն ու վավերագրերը: Ցուցադրության մեջ ներառվելու են փաստաթղթեր, լուսանկարներ, միջազգային հայանպաստ շարժմանը վերաբերող նյութեր և այլ վավերագրեր:

2010թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը սահմանելու է Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակ, որը հնարավորություն է ընձեռելու արտասահմանյան ուսանողներին և ասպիրանտներին մեկ ամիս անցկացնելու Հայաստանի Հանրապետության գիտական հաստատություններում ու գրադարաններում հայոց ցեղասպանության գծով մասնագիտանալու համար:

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով ՀՑԹԻ-ն հրատարակության է պատրաստել մեկ տասնյակ արժեքավոր մենագրություններ հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Այդ հրատարակությունների շարքում կարևոր են շվեյցարացի հայտնի միսիոներ Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում» հուշագրության հայերեն տպագրությունը, իտալական դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուի երկրորդ հատորը, Բրեզոլի «Այստեղով թուրքերն են անցել...» ֆրանսերեն հատորի հրատարակությունը նվիրված կիլիկյան կոտորածներին, ինչպես նաև Ֆերիման Դաքետի «Երիտասարդ թուրքերը և Հոլոքոստը Ադանայով» հազվագյուտ հատորյակի վերահրատարակումը, որն առաջին անգամ լույս է տեսել Լոնդոնում, 1913 թ., ինչպես նաև ՀՑԹԻ կողմից թողարկվող պարբերական հրատարակության' «Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր» ժողովածուի 16-րդ և 17-րդ հատորները: 

Այս խորագրի վերջին նյութերը