Լրահոս

25.03.2010 16:30


ՀՅԴ անդամ. «Հայաստանն այսօր կանգնած է տնտեսության կառավարման ճգնաժամին դեմ հանդիման»

ՀՅԴ անդամ. «Հայաստանն այսօր կանգնած է տնտեսության կառավարման ճգնաժամին դեմ հանդիման»

«Կոնգրես» հյուրանոցում ՀՅ Դաշնակցության կազմակերպած «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. գլոբալ հեռանկարներ, տեղական իրողություններ» խորագրով միջազգային երկօրյա  խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ անցումային շրջանում գտնվող երկրներում վաղուց արդեն հասունացել է ժամանակը՝ տարածելու խորքային արժեքների վրա հենված ներկա մարտահրավերներին համապատասխանող ժամանակակից սոցիալիզմի գաղափարները և համախմբել հասարակությանը դրանց շուրջ։ Նա նշել է, որ որպես սոցիալիստական կուսակցություն՝ Հայաստանում դա Դաշնակցության առաքելությունն է։

Ա. Ռուստամյանն ասել է, որ պատահական չէ, որ Հայաստանում առկա դժվարությունները հենց ընկերային արդարության և համերաշխության խախտման  հետևանք են, քանի որ ինչպես ԱՊՀ շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում անկախությունից ի վեր սոցիալիստական իշխանություններ չեն եղել։

Նրա համոզմամբ՝ արատավոր համակարգի արդյունքում հասարակության մեջ բնականորեն աճելու է անհանդուրժողականության մթնոլորտը։ Դաշնակցության համար մեկ ընդհանուր ամբողջության մեջ շաղկապված գաղափարներից մեկի (ընկերվարություն, ազգային, ժողովրդավարություն) արհամարհումը հանգեցնում է մյուսի չկատարմանը։

Այսօր, Ա. Ռուստամյանի խոսքերով, Հայաստանը կանգնած է տնտեսության կառավարման ճգնաժամին դեմ հանդիման։ Կառավարությունը ոչ միայն անպատրաստ գտնվեց համաշխարհային ճգնաժամի առաջ, այլև չկարողացավ հակաճգնաժամային քիչ թե շատ ադեկվատ քայլեր կատարել։ Այդուհանդերձ, նա նշել է, որ միայն քննադատելով սահմանափակվել չի կարելի, պետք է նաև լուծումներ առաջարկել և հասնել քաղաքական առնվազն ձախակողմյան դաշտի բյուրեղացման։

-Հայաստանի սոցիալ-տնտեսական այս վիճակը պարզապես պարտադրում է ընկերվարական ուժերին, ինչպիսին Դաշնակցությունն է, հստակեցնել նաև սեփական առաջնահերթություններն ու անելիքները։ Նախ՝ կատարել վերլուծություն և տալ այսօրվա Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի ախտաճանաչումը, երկրորդ՝ ընկերվարական արժեհամակարգի հիման վրա առաջադրել սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման գործուն հայեցակարգ և մեխանիզմներ,-նշել է Արմեն Ռուստամյանը և հավելել, որ սոցիալական իրավիճակն ուղղակիորեն կապվում է ընտրական գործընթացների հետ, քանի որ հնարավոր չէ այսօր հասարակությանը տանել գիտակցված ընտրությունների ծրագրերի և գաղափարների միջև։

Այս խորհրդաժողովից Դաշնակցությունն ակնկալում է վերոնշյալ խնդիրների քայլ առ քայլ լուծում։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը