Հարցազրույց

10.02.2011 16:29


Երվանդ Բոզոյան

Երվանդ Բոզոյան

Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

-Վերջին շրջանում ակնհայտ է, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև որոշակի տարաձայնություններ կան, և այժմ արդեն խոսվում է կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու մասին, որը կարծես թե անհասկանալի է դառնում այն առումով, որ երկրի իշխանական համակարգում խոշոր բաներ չեն փոխվել։ Ինչո՞ւ է նոր հուշագրի ստորագրման անհրաժեշտություն առաջացել, և ի՞նչ ենթատեքստ ունի ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների այս լարվածությունը։

-Իրականում հակասությունները հանրապետականների ու ԲՀԿ-ի միջև չէ։ ՀՀԿ-ն իշխանական, ավելի ճիշտ՝ պետական բյուրոկրատիայի  կուսակցություն է, որտեղ մարդիկ ապրում ու աշխատում են պաշտոնյաների պես։ Այդ մարդիկ պարզապես վարձու աշխատողներ են։ Նրանք ուղղակի չեն կարող այդպիսի հակասություններ ունենալ։ Այստեղ հակասություն ունի գործող նախագահը՝ գործող կուսակցության՝ ԲՀԿ-ի հետ։

-Ինչու՞։

-Որովհետև նախագահի խնդիրը բացարձակ իշխանություն ունենալն է։ Որպեսզի նա կարողանա բացարձակ իշխանություն ունենալ, ապա պետք է վերահսկի երկրի բոլոր ֆինանսական հոսքերը։ Երբ որևէ ուժ չունի ինքնուրույն ֆինանսական միջոցներ, չի կարող նաև ինքնուրույն քաղաքական պատասխանատվություն ստանձնել։ Այս իշխանությունն ունի վերարտադրման և կայունության ապահովման խնդիր։ Դեմոկրատական երկրներում դա ժողովրդավարական մեթոդներով է արվում, ավտորիտար երկրներում՝ ավտորիտար մեթոդներով։ Հիմա Հայաստանում նախագահն ուզում է իր իշխանությունը վերարտադրել բոլոր ֆինանսատնտեսական հոսքերն իր ձեռքում կենտրոնացնելու միջոցով։ Եվ, բնականաբար, դա դիմադրություն է առաջացնում ողջ բիզնես դաշտում։ Իհարկե, հիմա ոչ մի բիզնեսմեն իր դժգոհությունը հրապարակավ չի արտահայտում, սակայն վարվող քաղաքականությունից բոլորը դժգոհում են։ Բոլորը քողարկված կերպով իրենց այդ դժգոհությունն արտահայտում են՝ ոչ ֆորմալ ձևով համախմբվելով Ծառուկյանի շուրջը։

-Ակնհայտ է, որ 2008թ. նախահագական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը լեգիտիմության հետ կապված լուրջ դեֆիցիտի խնդիր ունի, բայց եթե, ինչպես Դուք եք ասում, ինքը ԲՀԿ-ի հետ հարաբերություններում լարվածություն ստեղծի, և այնպես ստացվի, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գա, ապա այդ դեպքում ինչի՞ վրա է հիմնված Սերժ Սարգսյանի հաշվարկը։ Ո՞ւմ վրա է հենվելու այսօրվա գործող նախագահը, որպեսզի վերարտադրվի, իսկ նա հաստատ այդպիսի խնդիր է ուզում լուծել։

-Սա իսկապես հետաքրքիր պահ է։ Այդ հենարանն իրականում պայմանական բնույթ ունի։ Օրինակ, Խաչատուր Սուքիասյանը կարողացավ ֆինանսավորել օպոզիցիոն շարժումը, որը հսկայական ալիք բերեց։ Հիմա գործող նախագահը երաշխիքներ չունի, որ այդ մեծահարուստներն իրեն ամբողջովին հավատարիմ կլինեն գալիք նախագահական ընտրություններում։ Եվ անկեղծորեն նա ճիշտ է, որ նման վստահություն չունի։ Քանի որ նա հասարակական մեծ լեգիտիմություն չունի, որոշել է իր ձեռքում կենտրոնացնել բոլորի ֆինասական հոսքերը, որովհետև ստեղծված իրավիճակում իշխանության վերարտադրման ավելի հարմար տարբերակ չի տեսնում։ Ֆորմալ առումով այդ ամենը հասարակությանը հրամցվելու է մոնոպոլիաների, օլիգարխիկ, քրեական համակարգերի դեմ պայքարի տեսքով՝ հասարակական սպասելիքներին համահունչ։ Բայց հասկանալի է, որ երբ բոլորի ֆինանսական հոսքերը սկսում է վերահսկել մեկ մարդ, նա դառնում է միակ օլիգարխը։ Եվ դա շատ ավելի վտանգավոր է, քան երբ դաշտում կան, ասենք, 15 օլիգարխներ։ Սա ներկայիս ադրբեջանական կամ թուրքմենական մոդելն է։ Օրինակ, Թուրքմենիայում ընդհանրապես մեկ օլիգարխ կա՝ նախագահը։ Նույնն է վիճակն Ադրբեջանում։ Նմանատիպ երկները գոյատևում են, որովհետև ունեն գազ և նավթ։ Բայց քանի որ մենք գազ և նավթ չունենք, այդպիսի համակարգի ձևավորման դեպքում կփլուզվենք։ Սա թույլ չտալն ուղղակիորեն մեր ազգային անվտանգության խնդիրն է դառնում։ Այսինքն՝ փոխարենը կլանաօլիգարխիկ համակարգը բացելու և ազատ մրցակցային դաշտ ստեղծելու՝ Սարգսյանը գնում է գերկենտրոնացված մոդել ստեղծելու ճանապարհով, ինչը չի բխում ՀՀ շահերից։

-Ինչի՞ կարող է հանգեցնել ստեղծված իրավիճակը։

-Ինձ համար ակնհայտ է, որ այս ամենը բերելու է մի նոր քաղաքական կենտրոնի ձևավորմանը, որը սկսելու է դիմադրողական շարժում՝ թույլ չտալու համար, որ իշխանությունն իր այս պլաններն իրագործի։ Դրա համար կան մի քանի պատճառներ։ Նախ՝ մարդիկ պարզապես չեն ցանկանա սնանկանալ։ Երկրորդ՝ շատերը հասկանում են, որ այս ամենը կապ չունի քաղաքացիական արժեքների, վեհ գաղափարների հետ, և ուղղակի խլելու քաղաքականություն է, որը հանգեցնում է կապիտալի արտահոսքին, երկրի փլուզմանը։ Ոմանք հայտարարում են, թե միջին և մանր բիզնեսի դեմ ուղղված օրենսդրական ճնշումները միջազգային կառույցների պահանջների արդյունք են։ Բայց ես կարծում եմ, որ դրանք կատարվում են գործող բիզնեսի համար անտանելի պայմաններ ստեղծելու նպատակով, որպեսզի խլելու այդ գործընթացը շատ ավելի հեշտացնեն։

-Ի՞նչ եք կարծում՝ եթե իշխանությունը ԲՀԿ-ին դուրս թողնի կոալիցիայից, պետությունը տնտեսական, վարչական տեռոր չի՞ սկսի Ծառուկյանի և նրա շրջապատի նկատմամբ։ Եվ դրա հետևանքով ԲՀԿ-ն իր ռեսուրսների մի մասը չի՞ կորցնի։

-Ճնշումներ կարող են լինել։ Չի բացառվում, որ ոմանք չդիմանան այդ ճնշումներին  և ԲՀկ–ն լքեն, բայց դրանից ԲՀԿ–ն չի տուժի, այլ կտուժեն այդ մարդիկ, եթե իհարկե այդպիսիք լինեն։ Իշխանական մեքենան կարող է որոշակի ռեսուրսներից զրկել Ծառուկյանին, բայց փոխարենը ԲՀԿ-ն կստանա հասարակական լայն զանգվածների աջակցությունը, ինչն ուղղակի կարագացնի իշխանական համակարգի փլուզման գործընթացը։

-Այս ամենը հաշվի առնելով՝ ինչքանո՞վ եք հավանական համարում նոր, արտահերթ ընտրությունների անցկացումը։

-Ես կարծում եմ, որ այս պրոցեսների արդյունքում արտահերթ ընտրությունները կլինեն ուղղակի անխուսափելի։

-Նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական։

-Խորհրդարանակա՛ն ընտրությունները կլինեն անխուսափելի։ Կլինի դա մայիսին, հունիսին, թե՞ սեպտեմբերին, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Սակայն ինձ համար պարզ է, որ այս սցենարով  ու այսօրվա քաղաքականությամբ իշխանությունը որևէ շանս չունի վերարտադրվելու և պետք էլ չի որ վերարտադրվի։

-Ինչո՞ւ եք կարծում, որ Սարգսյանը չի կարողանա վերարտադրվել։ Չէ՞ որ Հայաստանում իշխանությունները բոլոր ընտրությունների ժամանակ՝ սկսած 1995թ., կարողացել են վերարտադրվել։

-Ես այդ հարցին պատասխանեմ այսպես։ 1995-96թթ. Հայաստանը նոր էր դուրս գալիս այն ժամանակվա էներգետիկ և տնտեսական ճգնաժամից, պատերազմը նոր էր ավարտվել, և բոլորը տեսնում էին, որ արդեն կար զարգացման միտում։ Սակայն կար Խորհրդային Միության փլուզման շոկը, և մարդիկ այդ շոկի արդյունքում ուղղակի ընդվզեցին այն ճչացող անարդարություններից, որոնք կային 90-ական թվականներին։ Նույնը կարելի է ասել 2003թ. և նույնիսկ 2008թ. նախագահական ընտրությունների մասին՝ մարդիկ ընդվզում էին անարդարության դեմ։ 2003թ. և 2008թ. բոլորը հիշում են, որ նույնպես կային տնտեսական զարգացման միտումներ, այսինքն տնտեսությունը զարգանում էր, սակայն հասարակության մեջ կար դժգոհություն, որովհետև անարդարություն կար։ Այն բարիքը, որ ստեղծվում էր երկրում, համաչափ չէր բաշխվում, և այդ իմաստով 2003թ. ու 2008թ. բողոքական զանգվածը ցույց տվեց իր դժգոհությունը։ Սակայն պետք է անկեղծ նշենք, որ դա, այնուամենայնիվ, բողոքական զանգվածի դժգոհությունն էր։

-Այսօր ա՞յլ է իրավիճակը։

-Ինչ վերաբերվում է այսօրվա պահին, ապա ես կարող եմ ասել, որ վերջին 20 տարում այսպիսի վիճակ չի եղել երբևիցե, որտեղ ոչ միայն արդարություն չկա, այլև ուղղակի չկա զարգացում։ Երկիրը կանգնած է ստագնացիայի առաջ, էկոնոմիկան ուղղակի փլուզվում է, սոցիալական բոլոր շերտերի մոտ կա խորքային դժգոհություն, իշխանությունը, փաստորեն, հայտնվել է այնպիսի մի վիճակի առաջ, որ կորցրել է իր կառավարման վերահսկողությունը հասարակության և նույնիսկ տնտեսության վրա։ Եվ այս շոկային վիճակից ես կարծում եմ, որ իշխանությունը հնարավորություն չունի վերարտադրվելու. քաղաքականության մեջ կան հստակ գործող կանոններ։

-Ի՞նչ կարող է լինել այդ դեպքում մեզ մոտ։

-Հայաստանում ուղղակիորեն կարող են սկսվել եգիպտական պրոցեսները, որովհետև թե՛ կառավարությունում, թե՛ Բաղրամյան 26-ում, թե՛ այլ մարմիններում հաստատվել են տնաբույծ «մուբարաքները», ովքեր ամբողջովին կտրված են մեր հասարակությունից, տնտեսական պրոցեսներից, սոցիալական շերտերից և ուղղակիորեն չեն տիրապետում այն խնդիրներին, որոնց առջև կանգնած է պետությունը։ Եթե 2003թ., 2008թ. կար դժգոհություն հասարակության մի՛ մասի մեջ, ապա այսօր այդ դժգոհությունն արդեն համատարա՛ծ բնույթ է կրում։

-Այսինքն՝ նաև խոշո՞ր բիզնեսն է դժգոհ։

-Բոլո՛րը։ Կարելի է ասել, որ այսօր չկա հասարակության մի շերտ, որը գոհ լինի այս վիճակից։ Ընդ որում, գոհ՝ ես նկատի ունեմ, որ եթե 1995թ., 1996թ., 2003թ. և 2008թ., բնականաբար, կային շատ-շատ սխալներ, ու դրանք ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաև օբյեկտիվ պատճառներ ունեին, ապա այսօրվա իրավիճակում այս տնտեսական քաղաքականության արդյունքում է, որ սուբյեկտիվ գործոնը շատ մեծ դեր է կատարում, և բոլորը դա հասկանում են։ Այդ խնդիրը՝ տոտալ վերահսկել ամբողջ ֆինանսական, տնտեսական դաշտը, բերում է ուղղակի կտրուկ արտագաղթի՝ թե՛ մարդկանց, թե՛ կապիտալի, որը ուղղակի սպառնում է պետության գոյությանը, և սա ինքնին արդեն կոնսոլիդացիայի մի հսկայական պոտենցիալ է իր մեջ պարունակում։ Սրա դեմ ուղղակի իշխանությունը ռեսուրս չունի դիմադրելու։ Ինձ համար դա միանշանակ է։ Այլ խնդիր է, թե կհայտնվի՞ Սերժ Սարգսյանը Մուբարաքի կարգավիճակում։ Դա կախված է իրենից՝ ինչքան շուտ ինքը դա հասկանա, այնքան ավելի լավ իր և իր անմիջական շրջապատի համար։

Զրույցը վարեց՝ Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը