Մեկնաբանություն

09.04.2019 14:50


«Մահվան տեսիլը» և մարտի 1–ի 10 զոհերը (տեսանյութ)

«Մահվան տեսիլը» և մարտի 1–ի 10 զոհերը (տեսանյութ)

Թեև Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա օգոստոսին հայտարարեց, որ «Մարտի 1»–ի գործն ամբողջությամբ բացահայտված է, սակայն հետագայում նրա թիմակիցները սկսեցին լղոզել ու սրբագրել նրա այդ հայտարարությունը։ Քանզի ոչ մի բացահայտում էլ չկա։ Կա միայն քաղաքական հետապնդում ու «հեռախոսային արդարադատություն»։

«Մարտի 1»–ի գործը՝ փակուղում

Լղոզեցին ու սրբագրեցին Փաշինյանի հայտարարությունները, քանզի այլ տարբերակ չկար։

Պարզվեց՝ ամբողջ խնդիրը չհայտնաբերված պարկուճն է։ Ա՛յ, եթե հայտնաբերեին, ամեն ինչ կլիներ Փաշինյանի ասածով։ Բայց չեն հայտնաբերել։ Իսկ դա նշանակում է, որ ըստ Փաշինյանենց տրամաբանության՝ «Մարտի 1»–ի գործը բացահայտել հնարավոր չէ։

Փաշինյանն ասել է, որ պարկուճները փոխվել են, ու հենց այդ պատճառով էլ իրենք չեն կարողանում պարզել, թե ովքեր են հրազեն օգտագործել ու սպանություն կատարել։ Դա, իրոք, նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է, որ մարտի 1–ի 10 զոհերի հարցում չկա բացահայտում, և չկա առաջընթաց։ Հետևաբար, հնարավոր չէր հայտարարել, որ գործն այդ ամբողջությամբ բացահայտվել է։ Հնարավոր չէր, բայց հայտարարվեց, քանզի քաղաքական շոու էր պետք։

Հիմա «թավշյա» իշխանությունները «գործն ամբողջությամբ բացահայտվել է» ձևակերպման նոր մեկնաբանություն են ներկայացնում։ Ասում են՝ «Մարտի 1»–ի շղթան է ամբողջությամբ բացահայտվել, բայց այդտեղ էլ են ստում կամ առնվազն սխալվում։ Շղթան բացահայտված չէ։ Շղթայի բացահայտումը պետք էր սկսել Ազատության հրապարակում «Մահվան տեսիլի» արտասանությունից, և ահա թե ինչու։

Ինչո՞ւ եղան զոհեր, և ո՞ւմ էին դրանք ձեռնտու

2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ ամեն ինչ գնում էր դեպի ցնցումային տարբերակ, և չէին բացառվում զոհերը, քանզի թշնամանքի ու ատելության քարոզը հասել էր գագաթնակետին։ 1–ին նախագահն ամեն ինչ անում էր, որպեսզի դաշտը սև–սպիտակային դառնա, և ինքը կարողանա առավելագույն կոնսոլիդացիա ապահովել իր շուրջը։

Ընդդիմադիր դաշտից ամենաշատ ձայները հավաքած Լևոն Տեր–Պետրոսյանի մարտավարությունը հետընտրական շրջանում պարզ էր՝

–հրապարակում հնարավորինս շատ մարդ հավաքել ու շարունակաբար մեծացնել փողոցային ճնշումը,

–կազմաքանդել կամ առնվազն կիսել պետական ապարատը,

–տրոհում առաջացնել ուժային կառույցներում (1995–ի ընտրակեղծիքների գլխավոր մենեջեր Գագիկ Ջհանգիրյանը՝ որպես գործող զինդատախազ, ելույթ էր ունենում հանրահավաքային հարթակից, իսկ Տեր–Պետրոսյանն ու նրան կցված հանրահավաքային դիջեյ Նիկոլ Փաշինյանը կոկորդ էին պատռում «Մա՛ն–վե՛լ» գոռալով),

–հանրահավաքները դարձնել շուրջօրյա ու ձգել մինչև Սահմանադրական դատարանի նիստը՝ նպատակ ունենալով զանգվածային ճնշման արդյունքում ՍԴ–ից ընտրությունների արդյունքների վերանայման որոշում պոկել։

Իշխանությունները շատ լավ հասկանում էին տերպետրոսյանական մարտավարությունը և որոշեցին թույլ չտալ դրա իրագործում, սակայն ցուցարարները ոչ թե տեղի տվեցին, այլ գնացին բախման՝ ընդդիմության առաջնորդների հստակ ուղղորդմամբ։

Պարզ է, որ որևէ մեկին զոհեր պետք չէին։ Առավել ևս՝ իշխանություններին. Ռոբերտ Քոչարյանն ավարտում էր իր նախագահության ժամկետը։

Զոհեր չէին ուզում կողմերը, բայց զոհեր եղան, քանզի ընդդիմադիր Տեր–Պետրոսյանը տարբերվում էր մինչև 2008–ը ու դրանից հետո ընդդիմադիր դաշտի առաջնորդներ եղած Վազգեն Մանուկյանից, Ստեփան Դեմիրճյանից ու Րաֆֆի Հովհաննիսյանից։ Վերջիններս չանցան այն սահմանագիծը, որից հետո կարող էին զոհեր լինել։

Լևոն Տեր–Պետրոսյանին 2008–ին նույնպես զոհեր պետք չէին, բայց երբ սկսվեցին բախումները, նա ոչինչ չարեց դրանք կանխելու համար, ավելին՝ հնարավոր զոհերը մտան նրա հաշվարկների մեջ։

Լարվածության մեկնարկում ընդդիմությանն առաջարկվում էր հավաքը Ֆրանսիայի դեսպանատան մոտից տեղափոխել այլ տեղ ու թոթափել լարվածությունը, սակայն Տեր–Պետրոսյանը դա թույլ չտվեց։ Նա, որպես նախկին նախագահ, շատ լավ գիտեր, թե ինչ կարող է լինել, եթե լարվածությունը մեծանա, ու սկսվեն բախումներ, բայց չկանխեց դրանք, քանզի 2008–ի մարտի 1–ից սկսած՝ նրա մոտ արդեն «պլան բ»–ն գործի դրվեց։ ՀՀ 1–ին նախագահը որոշեց «վա բանկ» գնալ՝ շատ լավ հասկանալով, որ կարող են նաև զոհեր լինել (հետագայում ու մինչև օրս այդ զոհերը դարձել են Լևոնենց քաղաքական շահարկումների ու առևտրի առարկան)։

Նա այդ մարտավարությունն իր մտքում էր պահել ու այդ մասին բարձրաձայնեց անուղղակիորեն՝ 2008–ի հունվարի 22–ին Ազատության հրապարակում արտասանելով Չարենցի «Մահվան տեսիլը» (իսկ ի՞նչ գիտեր Տեր–Պետրոսյանը, որ զոհեր են լինելու, որ իրեն միակ զոհի դերում էր ներկայացնում Չարենցի տողերով)։

Ինչպես հետագայում պարզվեց, «Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» տողերն իրականում նշանակում էին՝ «Թող լի՛քը զոհ պահանջվի ինձնից բացի»։ Այդպես էլ եղավ։ Մենք ունեցանք 10 զոհ։

«Մահվան տեսիլ» արտասանողը մարտի 1–ի գիշերը հայտարարեց, որ շատ լավ քնել է։

Թող լի՛քը զոհ պահանջվի ինձնից բացի

Ընտրությունները Հայաստանում վիճահարույց են եղել 1995–ից սկսած։

Նախագահական բոլոր ընտրությունների վերաբերյալ եղել են վեճեր ու տարատեսակ գնահատականներ։

Միայն 1998–ի նախագահական ընտրություններից հետո չի եղել հետընտրական զարգացում։ Երկրորդ տեղը զբաղեցրած Կարեն Դեմիրճյանը դուրս չեկավ փողոց և չդիմեց ՍԴ։

Մյուս բոլոր նախագահական ընտրություններից հետո եղել են հետընտրական փողոցային զարգացումներ, և ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը վիճարկել է ՍԴ–ում։

1996–ից սկսած՝ եղել է ընդվզում, բայց միայն 2008–ին եղան զոհեր։ Իշխանություններին և՛ 1996–ին, և՛ 2003–ին, և՛ 2008–ին, և՛ 2013–ին ձեռնտու չի եղել զոհը։

Ի դեպ, 2018–ի քաղաքական զարգացումների ժամանակ էլ կար զոհի հավանականություն, ու նաև դրա համար եղավ հրաժարական։ Նիկոլ Փաշինյանը 2008–ի բախումների ակտիվ դերակատարն էր ու դասեր էր քաղել։ Դա էր պատճառը, որ նա 2018–ին արդեն «բաց ձեռքերի» պայքար էր առաջարկում։

Փաշինյանը ներսից գիտեր, որ քաղաքական բախման ժամանակ զոհերը լինում են նաև ընդդիմությա՛ն վարքագծից ելնելով (նա, 1996–ից սկսած, բոլոր նախագահական ընտրություններին հետևել է որպես լրագրող կամ ընդդիմադիր գործիչ՝ անձամբ ակտիվորեն մասնակցելով դրանցից առնվազն 2–ին)։

Փաշինյանը ղեկավարում էր 2008–ի բախումները և այժմ ունի հոգեբանական խնդիր և մեղքի ենթագիտակցական զգացողություն՝ կապված զոհերի հետ։ Փաշինյանը 2008–ին օգտագործվեց Տեր–Պետրոսյանի կողմից։

Փաշինյանը շատ լավ գիտեր, որ եթե 1–ին նախագահը «մինչև վերջ ու ամեն գնով» տարբերակով չգնար ու իրեն էլ չներքաշեր այդ տարբերակի մեջ, ապա զոհեր չէին լինի։ 2008–ին Փաշինյանը տեսավ, որ նույնիսկ «մինչև վերջ գնալու» դեպքում հնարավոր չեղավ վերցնել իշխանությունը։ Տեսավ, դասեր քաղեց ու 2018–ին գնաց «թավշյա» տարբերակով։ Ամփոփելով՝ նկատենք, որ միայն ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի դեպքում ենք ունեցել զոհեր։

. . .

Եվ այսպես, մարտի 1–ի 10 զոհերի հարցը դեռևս շարունակում է բաց մնալ իրավական ու քաղաքական օրակարգում։ Մեր հանրությունը պետք է նոր՝ սառը և ռացիոնալ հայացքով նայի այս ամենին։

Ո՞ւմ էին ձեռնտու զոհերը, ի՞նչ էր պլանավորել «Մահվան տեսիլ» արտասանողը, և ինչո՞ւ է քաղաքական վենդետտայի գործիք դարձել մարտի 1–ի ողբերգությունը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններից շատ բան է կախված։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը