Լրահոս

10.04.2019 19:43


Տեր Ղազար քահանան մինչև Ավագ շաբաթ փիլոնազուրկ է արվել

Տեր Ղազար քահանան մինչև Ավագ շաբաթ փիլոնազուրկ է արվել

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտարարություն է տարածել.

«Արարատյան Հայրապետական թեմն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում առավել ակտիվացած օտարածին արժեքների քարոզչության շուրջ: Հայ Եկեղեցու հոգեւորականների կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին չի դատապարտում որեւէ անձի՝ հավատալով, որ յուրաքանչյուրն Աստծո առաջ ապաշխարելու, մեղքերի թողություն ստանալու եւ դարձի գալու հնարավորություն ունի: Սակայն Եկեղեցին խստորեն դատապարտում է մեղքն ու մեղքի քարոզը:

Ցավով նկատում ենք, որ այլասերության ու անբարոյականության ակտիվացած քարոզը առավել բեւեռացնում է մեր ժողովրդին: Համաշխարհային մարտահրավերներին ընդառաջ մեզ առավել քան երբեւէ պետք է համախմբված ու մեկտեղված լինել՝ մեր պետականությունն առավել ամուր ու հզոր դարձնելու գործում՝ առաջնորդվելով ազգային եւ հոգեւոր արժեքներով:

Դատապարտելով այլասերության քարոզի բոլոր դրսեւորումներն՝ այդ ամենի դեմ պայքարում կարեւորում ենք խոհեմ ու քաղաքակիրթ կեցվածքը:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը տեղեկացնում է, որ վերջին օրերին հոգեւորականին ոչ հարիր կեցվածքի, իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ հայտարարվել է փիլոնազուրկ մինչեւ Ավագ Շաբաթ եւ գտնվում է ԱՀԹ Արարատի մարզի հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հսկողության ներքո:

Ինչպես բոլոր հոգեւորականները, Տեր Ղազարն իրավունք ունի իր վրդովմունքն արտահայտելու այլասերության քարոզի շուրջ, սակայն անընդունելի է քաղաքական հայտարարություններ անելը եւ քաղաքացուն ոչ հարիր կեցվածք ցուցաբերելը:

Կոչ ենք անում մեր հավատավոր ժողովրդին մեկտեղվել ազգային ու հոգեւոր արժեքների պահպանության առաքելության շուրջ, զերծ մնալ ավելորդ ու ծայրահեղ դրսեւորումներից՝ ի շահ մեր ժողովրդի եւ մեր պետականության»:

Այս խորագրի վերջին նյութերը