Քաղաքական

11.04.2019 16:15


Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձավ Հայաստանում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրմանը

Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձավ Հայաստանում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրմանը

Հայաստանում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրման որոշումը չի կարող միանձնյա կայացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 11-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հիմա Հայաստանում քննարկումների մեջ ենք, թե արդյոք մեր երկրի համար կարող է ընդունելի լինել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրումը, և սրա հետ կապված՝ Հայաստանում կան բավական լուրջ մտահոգություններ նաև նախկին կառավարության ներկայացուցիչների շրջանում: Ես շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ այս պրակտիկան ոչ միայն միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, այլև, ըստ էության, 2015թ. գտնվում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում, այդ թվում` Եվրոպայի խորհրդի առաջ: Այդ մեխանիզմի մասին հիշատակում կա «Հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրվաման, և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայում, կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայում, և, ըստ էության, այս մեխանիզմի վերաբերյալ Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել: Դա մի մեխանիզմ է, որ Հայաստանում կարող է, և պետք է կյանքի կոչվի: Բայց Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և այստեղ որոշումները միանձնյա չեն կայացվում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշման կայացման վերաբերյալ քննարկումների ծավալման ու ինստիտուտի ներդրման հարցում Հայաստանին շատ օգտակար կլինի Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը:

«Այս ինստիտուտի վերաբերյալ մենք պետք է ունենանք լայն քննարկումներ և այդ քննարկումների արդյունքում պետք է կայացնենք որոշում: Շատ օգտակար կլինի ԵԽ-ի հետ համագործակցությունը, որպեսզի որևէ մեկը չփորձի սա մեկնաբանել կամ օգտագործել որպես հետապնդումների գործիք, որովհետև մեր երկրում այդ էջն անշրջելիորեն փակված է»,- նշեց Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը