Լրահոս

26.03.2010 14:12


Ս. Սուրենյանց. «...անվտանգության գոտու որոշ տարածքներ պե՛տք է զիջվեն...»

Ս. Սուրենյանց. «...անվտանգության գոտու որոշ տարածքներ պե՛տք է զիջվեն...»

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի համար ակնհայտ է, որ Ադրբեջանն իր համաձայնությունն է տվել մադրիդյան նորացված սկզբունքներին, իսկ Հայաստանը թեև իր վերջնական պատասխանը չի տվել, սակայն, ըստ էության, մերժել է դրանք։ Ս. Սուրենյանցը նշել է, որ թեև մադրիդյան սկզբունքներում իրեն էլ են որոշ կետեր մտահոգում, սակայն Հայաստանը ոչ թե պետք է մերժի այդ սկզբունքները, այլ աշխատի դրանք առավել հայանպաստ դարձնելու ուղղությամբ։

-Ինձ համար ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը վերադարձել է խնդիրը ձգձգելու տակտիկային,- ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը՝ ավելացնելով, որ ԼՂ-ի խնդրի կարգավորման ձգձգումը շատ ավելի վատ հետևանքների է հանգեցնելու.

-Ես ստատուս քվոյի պահպանման հեռանկար չեմ տեսնում։ Խնդիրը փոխզիջումների հենքի վրա պետք է լուծվի։ Ինչքան ժամանակը ձգվում է, այնքան Հայաստանի համար անբարենպաստ տարբերակներ են դրվում շրջանառության մեջ։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից 1997-ին պաշտպանված փուլային տարբերակը շատ ավելի լավն  էր, քան հետո բոլոր տարբերակները,-նշել է նա,-ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանության մոտ խոհեմությունը կգերակայի։

Իսկ փոխզիջումներն, ըստ Սուրենյանցի, պետք է լինեն բանական, ու թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը և թե՛ Ադրբեջանը չպետք է նվաստացած դուրս գան գործընթացից.

-Ինձ համար ակնհայտ է, որ անվտանգության գոտու որոշ տարածքներ պե՛տք է զիջվեն Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և Ղարաբաղի հայկականության պահպանման դիմաց։ Այսինքն, բոլոր ազատագրված տարածքները չեն կարող պահպանվել, բայց, անշուշտ, Ղարաբաղը պետք է ընդհանուր սահման ունենա Հայաստանի հետ,- ասել է Ս. Սուրենյանցը,- ես գերադասում եմ այդ տարածքների մասին խոսելիս ընդհանրապես օգտագործել անվտանգության գոտի հասկացությունը, և որ դրանց մի մասը որոշակի ժամանակահատվածում բանակցությունների արդյունքում վերադարձվելու է Ադրբեջանին՝ անվիճելի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը