Լրահոս

26.03.2010 14:30


Փիթր Վեյդրուդ. «Բանաձևը խորհրդարանում անցել է և չի կարող վերաքննության ենթարկվել»

Փիթր Վեյդրուդ. «Բանաձևը խորհրդարանում անցել է և չի կարող վերաքննության ենթարկվել»

Մարտի 25-ին Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը թուրքական NTV հեռուստաընկերությանն ասել էր, որ Շվեդիայի Ռիկսդագը (խորհրդարանը) հնարավոր է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի կրկնակի քվեարկություն անցկացնի։

-Ես չեմ հասկանում՝ դա ասելով ի՞նչ նկատի ունի արտգործնախարարը, քանի որ այդ բանաձևը խորհրդարանում անցել է և չի կարող վերաքննության ենթարկվել,- «7օր»-ի հետ զրույցում ասել է Շվեդիայի քրիստոնյա սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Փիթր Վեյդրուդը։

Նա նշել է, որ կարելի է երկու տարբերակ պատկերացնել՝ առաջին՝ խորհրդարանում դարձյալ քվեարկություն լինի, և այս անգամ խորհրդարանն ասի, որ Ցեղասպանություն չի եղել, երկրորդ՝ քննարկվի, որ խորհրդարանն իր կարողություններից դուրս ինչ-որ բան որոշի, սակայն երկու տարբերակներն էլ, Փ. Վեյդրուդի կարծիքով, մեծ խնդիր պետք է առաջացնեն արտգործնախարարի համար։

-Պետք է ասեմ, որ արտգործնախարարի և Շվեդիայի կառավարության կեցվածքը չի նշանակում, որ պատմության վերաբերյալ նրանք այլ կարծիք ունեն։ Նրանք գիտեն, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել, սակայն իրենց կեցվածքն այսօր այլ պատճառներ ունի։ Նրանց տեսակետն այն է, որ խորհրդարանի որոշելիք հարցը չէ՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Սակայն այս անգամ խորհրդարանի մեծամասնությունն այն կարծիքին էր, որ, այո՛, խորհրդարանն ինքը պետք է քաղաքական կեցվածք ունենա հարցի վերաբերյալ, հետևաբար ինձ համար ուղղակի անհասկանալի և տրամաբանության սահմաններից դուրս է, որ այս հարցը դարձյալ դրվի քվեարկության,- նշել է Փիթր Վեյդրուդը։

Նա հավատացած է, որ արտգործնախարարի արարքն իրեն վիրավորված զգալու հտևանք է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը