Լրահոս

26.03.2010 14:53


Շենգեն վիզաների տրամադրումը դարձել է ավելի թափանցի՞կ

Ֆրանսիայի դեսպանատունը կազմակերպել էր Եվրահամայնքի մակարդակով ընդունված Շենգեն վիզաների տրամադրման մասին նոր օրենսգրքի վերաբերյալ մամլո ասուլիս շենգենյան գոտու հյուպատոսների մասնակցությամբ։

Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն ասել է, թե նոր փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից, պետք է դյուրին դարձնեն տեղաշարժերը Եվրամիության տարածքում։

-Նոր օրենսգիրքը կարգավորելու է կարճաժամկետ մուտքի արտոնագրերը, և,  բնականաբար, տուրիստական և ընտանեկան նպատակներով այցելությունների համար տրվող վիզաները, իսկ երկարաժամկետ վիզաների ռեժիմն առանձնակի փոփոխությունների չի ենթարկվել,-նշել  է նա։

Նրա խոսքերով՝ անձնագրերի հետ կապված երեք հիմնական փոփոխություններ են տեղի ունեցել օրենսդրությունում։

-Մենք՝ շենգենյան գոտու հյուպատոսությունների ներկայացուցիչներս, արդեն իսկ իրավունք չունենք 10 տարուց ավելի տարիք ունեցող անձնագրերի մեջ վիզա խփելու. անձնագիրը պետք է վիզան խփելու պահից սկսած նվազագույնը ևս 3 ամսվա վավերականություն ունենա, և վերջապես անձնագրերը պետք է վիզաներ խփելու համար նախատեսված էջերի առնվազն երկու ազատ թերթիկ ունենան,-նշել  է Ֆրեդերիկ Գրապեն։

Ըստ հյուպատոսի՝ այս փոփոխությունների մասին Հայաստանի իշխանություններն իրազեկված են եղել, և նա հույս է հայտնել, որ այն անհարմարությունները, որոնք կարող են ստեղծվել նոր օրենսդրությամբ, շուտով կստանան իրենց համապատասխան լուծումները։

-Թափանցիկությունն ապահովելու համար օրենսդրությամբ նախատեսված է, որ ցանկացած մերժման հիմնավորում գրավոր ներկայացվելու է շահագրգիռ և հետաքրքրված մարդկանց,-նշել է նա։

Ֆրեդերիկ Գրապեի խոսքերով՝ տարանցիկ «B» կարգի վիզաները դուրս են բերվելու շրջանառությունից, և շրջանառության մեջ են դրվելու  կարճաժամկետ «C» կարգի վիզաներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը