Լրահոս

26.03.2010 15:30


Պարույր Հայրիկյանը ասել է ճշմարտությունն ու խաչակնքվել

Պարույր Հայրիկյանը ասել է ճշմարտությունն ու խաչակնքվել

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողներին ասել է, որ մինչև հիմա Հայաստանն արցախակենտրոն կործանարար գործելաոճն էր որդեգրել, իսկ այժմ, թեկուզ ուշացումով, բայց սկսել է, կամ էլ պարտադրել են, որ սկսի հայակենտրոն մտածելակերպ դրսևորել։

-Արցախի հարցը հայկական հարցի մի մասն է, ոչ թե Հայաստանն է Արցախի հարցի մի մասը, և Արցախը դրանից շահել չէր կարող ու չի շահում,- նշել է Պ. Հայրիկյանը։

Նա նաև հավելել է, որ զուր են մարդիկ խուճապի մատնված խոսում ԼՂ-ի հարցում փոխզիջումների անթույլատրելիության մասին, քանի որ եթե դու գնում ես բանակցությունների, նշանակում է՝ որոշում ես ընդունել գնալ փոխզիջումների.

-Եթե գնում է բանակցության, ապուշ պետք է լինի, որ «փոխզիջում» բառը չօգտագործի։

ԱԻՄ առաջնորդը համաձայնել է նաև այն կարծիքի հետ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցով նա, փաստորեն, ասել է, որ հայերն ադրբեջանցիների տարածքներն են գրավել իրենց անվտանգությունն ապահովելու համար և այժմ դրանք պատրաստ են հետ վերադարձնել փոխզիջումային տարբերակով։

-Իհարկե այդպես է ստացվում։ Բայց այդ ժառանգությունը մենք ստացել ենք առաջին նախագահից, ով դեմ էր նույնիսկ Շուշիի ազատագրմանը, ստացել ենք երկրորդ նախագահից, ով բանակցություններ վարելիս, բնականաբար, լսում էր, թե դիմացինն ինչ է ասում, և երբ դիմացինն ասում էր՝ պետք է տարածքներ վերադարձնեք, երբեք չէր ասում՝ վե՛րջ, ես ձեզ հետ այլևս չեմ բանակցում,- ասել է Պ. Հայրիկյանը,- հիմա այս նախագահը ստացել է այդ բեռը։

Իրականում, Պ. Հայրիկյանի խոսքերով, նույնիսկ Բաքուն է հայերինը, սակայն արդեն իսկ ՄԱԿ-ի բանաձևերում շատ որոշակի ասված է, որ վերոնշյալ տարածքները հայկական ուժերի կողմից բռնագրավված են և պետք է վերադարձվեն ադրբեջանցիներին։

-Այդ միջազգային իրավունքի շրջանակներում ՀՀ առաջին նախագահն իրեն շատ անշնորհք ու ապազգային պահեց։ Դա ամենամեղմ բառերն եմ ասում, որովհետև չէր կարելի Հայաստանի այս տարածքներով ՄԱԿ-ում գրանցվել։ ՄԱԿ-ում գրանցվելու պահին պետք է ասվեր՝ մենք այս տարածքներում գրանցվում ենք՝ շատ լավ հասկանալով, որ դրանք հետևանք են ռուս-թուրքական դավադիր պայմանագրի։ Դա չի արել այդ թափթփուկը, և հիմա մենք նորից Հայաստանին պետք է անկախացնենք, որպեսզի խոսենք այդ երևույթների, Սևրի պայմանագրի մասին։ Չե՛ն արել։ Ոչնչություններ են, ողորմելիություններ։ Հիմա այդ բեռի տակ դուք էլ գաք իշխանության՝ ի՞նչ, կհոխորտա՞ք, ամբողջ աշխարհին կասե՞ք՝ չէ՛, այդ տարածքները մերն են, ազատագրել ենք։ Չե՛ք կարող։ Արդեն ձեր անկախ Հայաստանի նախորդ թափթփուկներն են պարտադրել, որ դրանք մերը չեն։ Մերն այս փոքրիկ Հայաստանն է, քարտեզների վրա անգամ չեն նշում, այսպես կոչված, ազատագրված տարածքները։ Չեն նշում նույնիսկ Արցախը որպես միասնական,-վրդովված հայտարարել է Պ. Հայրիկյանը և շարունակել,- ամենաահավորն այն է, որ այս թափթփուկները մինչև այսօր չեն ասում՝ Հայաստանն օկուպացված է եղել, մինչև հիմա ասում են՝ Խորհրդային Հայաստանում, երկրորդ հանրապետություն։ Տո թափթփո՛ւկ, հարյուր հազարավոր մարդկանց են Սիբիր քշել, ի՞նչ երկրորդ հանրապետություն։ Տականքնե՛ր,դուք ի՞նչ մարդ եք, որ փչացնեք այս սերնդին։

Այս խոսքերից հետո ԱԻՄ առաջնորդը խաչակնքվել է՝ ի պատասխան լրագրողների այն դիտարկման, որ իր պահքը խախտեց։ Նա արդեն 5 օր է՝ ծոմ է պահում և որոշել է 12 օր ոչինչ չուտել։

-Երբ քո որդիներին կործանում են, պասի խախտում չկա։ Զայրանալ չի կարելի, բայց ճշմարտությունը պետք է ասես։ Քրիստոսը զայրանո՞ւմ էր, որ ասում էր՝ իժերի ծնունդնե՛ր, ի՞նչ եք մտել հորս տուն։ Մենք ճշմարտությունն ենք գնահատում,- եզրափակել է Պ. Հայրիկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը