Մեկնաբանություն

16.04.2019 00:05


Ինչո՞ւ Մոսկվան չի հավատում Նիկոլի արցունքներին

Ինչո՞ւ Մոսկվան չի հավատում Նիկոլի արցունքներին

Չգիտես` լա՞ս, թե՞ խնդաս՝ տեսնելով, թե Փաշինյանը եւ իր շրջապատն ինչպես են կաշվից դուրս գալիս`համոզելու Մոսկվային եւ անձամբ նախագահ Պուտինին, որ իրենց վրա կարելի է հույս դնել. հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարը երբեք այնքան փայլուն չի եղել, ինչպես «Նիկոլի թվին»։

Պուտինը տարբեր առիթներով, եւ բավական պարզ ցույց է տվել, որ հայ ժողովրդին չի շփոթում թավշյա կառավարիչների հետ. Հայաստանը բարեկամ երկիր համարելով`սրանց չի ընդունում որպես գործընկեր, առավել եւս` ռազմավարական գործընկեր։ Ընդամենը` հանդուրժում է, քանի որ բախտի քմահաճույքով իրենք են ներկայացնում այս երկիրը ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում, որի դեմ ժամանակին կատաղորեն սուր էին ճոճում։ Հենց միայն բանտախցում գտնվող Ռոբերտ Քոչարյանին ցուցաբերած քաղաքական եւ բարոյական աջակցությունը`քաջառողջության եւ ոգու արիության մաղթանքներով ամանորյա ուղերձն ամեն ինչ արժեր։

Բայց դա «չկանգնեցրեց» հեղափոխականներին։ Ջայլամի պես գլուխը մտցրած ավազի մեջ` ձեւացրին, թե ո՛չ տեսել են, ո՛չ լսել, ու շարունակեցին քծնել Ռուսաստանին։ Զորախումբ ուղարկեցին Սիրիա, եւ ոչի՛նչ` սիրո եւ հավատարմության այս երդումը տեղ չհասավ։ Պակասը լրացնելու համար Տեր-Պետրոսյանի վկաներից մեկին` օբյեկտիվորեն կամ անհրաժեշտաբար Փաշինյանի մամուլի խոսնակի կարգավիճակում հայտնված Վլադիմիր Կարապետյանին գործուղեցին Մոսկվա, որ բարեխոսի իմքայլական վարչախմբի համար, դա էլ չօգնեց։

Հաշվարկը թերեւս այն էր, թե ԼՏՊ-ն իբր ռուսամետ գործչի համարում ունի, եւ Կարապետյանի մեսիջներն այստեղ հալած յուղի տեղ կընդունվեն։ 10 տարի է՝ փչում են այդ փուչիկը`փորձելով թոզ փչել մեր եւ ռուսների աչքին, չի ստացվում. փաստերը եւ փաստարկները համադրելու ունակ ցանկացած մեկը հասկանում է` եթե Լեւոնը եւ իր ղեկավարած ՀՀՇ-ն, չասենք` ռուսամետ լինեին, բայց գոնե հակառուս չլինեին, «Կոլցո» օպերացիան, որի «արդյունքում» կորցրինք Շահումյանն ու Գետաշենը (եւ ոչ միայն), պարզապես չէր լինի։

Այնպես որ, այս սցենարն էլ չաշխատեց` Մոսկվան ոչ միայն կուլ չտվեց այդ խայծը, այլեւ կոշտ արձագանքեց իրեն հիմարացնելու այդ պարզունակ փորձերին` Նիկոլի եւ իր նվիրական ցանկությունների կատարածու ՀՔԾ-ի երեսին շրխկացրեց ռուսական առաջատար հեռուստալիքների հայտնի ռեպորտաժները Քոչարյանի վրա կարված գործի վերաբերյալ։ Որտեղ Քոչարյանը, հիշեցնենք, ներկայացված էր որպես դասական քաղբանտարկյալ, Փաշինյանը` անկարգությունների ոգեշնչող եւ ուղղորդող, Տեր-Պետրոսյանը` «փորձառու սադրիչ»։ Եվ այդքանից հետո, երբ իմքայլական երեսփոխաններին հարցնում են, թե ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը, իրենց «շլանգի» տեղ դնելով, հայտարարում են`գերազանց (սրա մասին է ասված` երեսին թքում ես, ասում է` անձրեւ է գալիս)։

Վիեննայից վերադառնալուց հետո Փաշինյանի առաջին գործերից մեկը եղավ զանգահարել Վլադիմիր Պուտինին եւ զեկուցել` ինչպես է անցել Ալիեւի հետ բանակցությունների հերթական ռաունդը։ Անգամ շնորհակալություն հայտնեց Ալիեւի հետ երկխոսությանն աջակցելու համար, բայց դարձյալ ապարդյուն. Պուտինի սիրտը շահելու այս փորձն էլ չծառայեց նպատակին։

Ավելին` իմքայլականներին բան հասկացնելու «գործընթացը» դուրս եկավ հայ-ռուսական հարաբերությունների սահմաններից եւ սահուն կերպով տեղափոխվեց... Ղազախստան։ Ինչպես տեղեկացնում է երկրորդ նախագահի գրասենյակը, Նազարբաևը նամակ է գրել Ռոբերտ Քոչարյանին եւ անձամբ տեղեկացրել Ղազախստանում ընթացող ներքաղաքական զարգացումների մասին։ Հետն էլ ընդգծել է, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները եւ հույս հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։

Ինչո՞ւ. որովհետեւ մախաթը պարկի մեջ չես թաքցնի։ Ռուսաստանի (եւ ոչ միայն Ռուսաստանի) քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում, ոմանց հակառակ, ընդունված չէ թացը չորին խառնել։ Ի վերջո, մարդիկ «ինստիտուցիոնալ» հիշողություն ունեն, գիտեն` ով ինչով է շնչում Նոր Հայաստանում, ժամանակին ով ինչ է ասել, եւ հիմա՛ ինչ է խոսում հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ-ին եւ ԵՏՄ-ին անդամակցության մասին, հասկանում են` ում խոսքն է գործ եւ ով կարող է մինչեւ կեսօր մի բան ասել, կեսօրից հետո` հակառակը։ Ամենակարեւորը` շատ լավ տեսնում են՝ ովքեր են այսօր Փաշինյանի կողքին։

Ի՞նչ վստահության մասին է խոսքը, երբ Ռուսաստանին պատերազմ հայտարարած սորոսական գրանտակերներից մեկը Պետական վերահսկողության պետն է,իսկ ԱԺ պատշպանության եւ անվտանգության հանձնաժողովն էլ, ո՜վ սարսափ, ղեկավարում է հիվանդագին ռուսատյացությամբ տառապող մյուսը՝ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը՝ Շիրակի նախկին մարզպետը, որից ժողովուրդը դոշ էր թափ տալիս։ Մեկը, որ դեռ 2016թ.-ին էր փորձում էր գործ տալ Կրեմլի վրա. հղում անելով ոչ անհայտ Լիտվինենկոյի հայտարարությանը, թե Հոկտեմբերի 27-ը Ռուսաստանի հատուկ ծառայությունների ձեռքի գործն է` 1in.am-ի դասալքության համար դատված խմբագրապետին տված հարցազրույցում «զարմանում» էր ու վրդովվում, թե` կազմակերպիչների մասով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, իսկ իրավապահ մարմինները շարունակում են «քար լռություն» պահպանում։ Մարտի 1-ն էլ էր փորձում ռուսների վրա «սաղացնել». իբր` Քոչարյանը Մարտի 1-ի ցույցը ցրել է Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո` ստանալով Կրեմլի դոբրոն։

Հեռու չգնանք` 2018թ. դեկտեմբերի 24-ին, երբ արդեն «Իմ քայլի» ցուցակով մտել էր խորհրդարան, 24 news-ին տված հարցազրույցում հաստատել է իր «սկզբունքային դիրքորոշումը», որ օր առաջ պետք է քանդել Հոկտեմբերի 27-ի կծիկը` ելնելով Կրեմլի մեղավորության կանխավարկածից։ Այն, որ, հասկանալով իր վիճակի լրջությունը, շտապ կարգով ասուլիս արեց եւ անամոթաբար ստեց, թե` ես նման բան չեմ ասել, 7օր-ի խմբագրությունն է գլխիս սարքել՝ ջանալով կռվացնել մեզ եւ Ռուսաստանին, ոչինչ չի փոխում։

Ստի ոտը կարճ է։ Նիկոլի եւ իր «շքախմբի» մանիպուլյացիաներին հավատացողների շարքերն արագորեն նոսրանում են։ Մնում է տարածել ձեռքերը եւ Նիկոլի հանգույն հարցնել Նոր Հայաստանի տերերին՝ դուք ոնց որ թե չեք հասկանում, հա՞, որ երկրում բա՛ն է փոխվել...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը