Հարցազրույց

16.04.2019 09:50


«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

«Ազատության» հյուրն էր Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին։

«Ազատություն». Եկեք խոսենք Լեռնային Ղարաբաղի մասին։ Սա Հայաստանի առջև հառնած կարևորագույն խնդիրներից մեկն է։ Եվ մենք գիտենք, որ Փաշինյանն առաջարկում է նոր երկխոսություն սկսել ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև։ Նա ցանկանում է խաղաղ գործընթացի մաս կազմել և նա անգամ ասել է, որ պատրաստ է անձամբ դիմել ադրբեջանցի ժողովրդին։ Մյուս կողմից, նա ասել է, որ ցանկանում է վերականգնել բանակցությունների սկզբնական ֆորմատը և Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղանի մոտ։ Սակայն, որքան հասկանում եմ, ադրբեջանական կողմը պատրաստ չէ ընդունել այս առաջարկը։ Ի՞նչ կարող եք ասել այս ուղղությամբ վերջին զարգացումների մասին։

Թրեյսի. Ինչպես գիտենք, այսօր Մոսկվայում տեղի է ունենալու արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ, որին մաս է կազմում նաև Միացյալ Նահանգները։ Ես տեսնում եմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում որոշակի՝ շատ դրական զարգացումներ են տեղի ունեցել, և ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել դրանց վրա։ Վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև մի քանի՝ շատ լավ շփումներ են տեղի ունեցել, որոնք գնահատում եմ դրական և կառուցողական։ Մենք տեսնում ենք, որ Շփման գծում միջադեպերը նվազել են։

«Ազատություն». Արդեն մի քանի ամիս է՝ սահմանին զոհեր չեն եղել։

Թրեյսի. Այո, և դա հենց այս երկու առաջնորդների շփումների և երկխոսության արդյունքն է։ Մենք կցանկանայինք, որ դրանք շարունակվեին։ Բայց սա շատ բարդ բանակցային գործընթաց է, և մենք շարունակելու ենք աշխատել հակամարտության կողմերի հետ՝ փորձելով հասնել հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։ Որովհետև, ի վերջո, Միացյալ Նահանգների տեսանկյունից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարող է մեծ դեր խաղալ ո՛չ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի բարգավաճման և կայունության հարցում։

«Մենք Թուրքիայի հետ քննարկում ենք հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տարածաշրջանի ապագայի հետ կապված»

«Ազատություն». Իսկ ի՞նչ կասեք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ Մենք գիտենք, որ կառավարությունը արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է երկխոսություն սկսել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի, բայց մյուս կողմից որևէ արձագանք չկա։ Կարծում եք, որ ինչ֊որ բան տեղի կունենա՞ ապագայում, թե ոչ։

Թրեյսի. Մի փոքր դժվար է ենթադրություններ անել կամ կանխատեսել։ Ես, իհարկե, հույս ունեմ, որ Միացյալ Նահանգները կարող է խրախուսել այնպիսի շփումներ կողմերի միջև, որոնք կօգնեն խաղաղ հագուցալուծման հասնել Լեռնային Ղարաբաղում, ինչը, իհարկե, կարող է նաև օգնել Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջներ ձգելուն և ընդհանուր միջավայրը բարելավելուն։

«Ազատություն». Տիկին դեսպան, մենք ինչ֊որ խողովակներ ունե՞նք՝ Միացյալ Նահանգների միջոցով Թուրքիայի հետ այս թեմայով բանակցելու համար։ Հաշվի առնելով այժմ Թուրքիայում ստեղծված բարդ իրավիճակը՝ այդ խողովակները բա՞ց են։

Թրեյսի. Մենք Թուրքիայի հետ քննարկում ենք հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տարածաշրջանի ապագայի հետ կապված մեր մտահոգությունների և այստեղ կայունության հաստատման և բաց հարաբերությունների ձևավորվման մեր ցանկությունների մասին։ Այդ համատեքստում մենք, իհարկե, խոսում ենք Թուրքիայի հետ։

ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մասին. «Մենք շատ ավելին կարող ենք անել»

«Ազատություն». Եկեք խոսենք ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մասին։ Իհարկե, հարաբերությունները շատ լավն են, և մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներում, Կալիֆորնիայում հայկական մեծ սփյուռք կա։ Բոլոր նախադրյալները կան, երկու երկրները էլ ավելի մերձեցնելու՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, բայց այս գործընթացը, կարծես թե, մի փոքր դանդաղ է ընթանում։ Ի՞նչ կարող եք ասել, մեր հարաբերությունները բարելավվո՞ւմ են, թե՞ որոշակի լճացում կա։

Թրեյսի. Ճիշտ հակառակը։ Ես կարող եմ մի օրինակ բերել. տառացիորեն երեկ երեկոյան ես մի միջոցառման մասնակցեցի, որը կոչվում էր «Հաքատոն»։ Այն անցկացվում էր Երևանի պետական համալսարանի Նորարարական տեխնոլոգիական լուծումների կենտրոնում՝ Հանրային լրագրության ակումբի հետ համագործակցությամբ։ Այս միջոցառմանը մասնակցում էին ձեռներեցներ, ՏՏ մասնագետներ, պետական պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր միասին փորձում էին բաց կառավարմանն ուղղված լուծումներ գտնել՝ ստեղծելով ծրագրային հավելվածներ, որոնք կարող են գործածվել շարքային քաղաքացիների կողմից՝ պետական ծառայություններից ավելի լավ օգտվելու համար։ Եվ Միացյալ Նահանգները այս միջոցառման գործընկերն էր և ֆինանսավորում էր այն։ Եվ ես կարծում եմ, որ սա մանրակերտն է այն գործընկերության, որը մենք ունենք և որը ապացուցում է, որ մենք շատ ավելին կարող ենք անել։ Այնպես որ, ես շատ լավատես եմ մեր հարաբերությունների հարցում։

«Ազատություն». Կարծում եք, որ այս հեղափոխությունից հետո, հարաբերությունները է՛լ ավելի կբարելավվե՞ն, քան նախկինում էր։ Այսինքն՝ հույս ունեք, որ հարաբերություններն ավելի արա՞գ կզարգանան։

Թրեյսի. Ես բնույթով լավատես եմ։ Հենց դրանում է կայանում դիվանագետի աշխատանքը՝ մենք միշտ լուծումներ և ուղիներ ենք փնտրում, որպեսզի բարելավենք իրավիճակը։ Այնպես որ այս հանգամանքը նկատի ունեցեք իմ խոսքերի ենթատեքստում։ Եվ չնայած ես կարճ ժամանակ է, որ այստեղ եմ, կա մի բան, որը ինձ լավատեսություն է ներշնչում. դա այն տաղանդն է, որ ես տեսնում եմ Հայաստանում, այն դրական էներգիան՝ կառավարությունից դուրս… և հետո, այս կառավարությունը մինչև այժմ աներկբայորեն արտահայտել է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու և բիզնեսի համար գրավիչ միջավայր ստեղծելու պատրաստակամությունը, և բավականին հետևողական է այդ հարցում։ Իհարկե, կարիք կա ամրապնդելու նախորդ տարվա ձեռքբերումները, բայց, ինչպես արդեն ասացի՝ առջևում կան հնարավորություններ և ես Հայաստանում տեսնում եմ այդ հնարավորությունները։

Այս խորագրի վերջին նյութերը