Լրահոս

26.03.2010 17:00


«Սերժ Սարգսյանն իր աֆերիստությունով ժողովրդի հախից եկավ»

Կառավարության որոշումը թոշակների և նպաստների բարձրացման մասին գյումրեցիներին ավելի շատ զայրացրել ու զարմացրել է, քան ուրախացրել: Նրանցից շատերի կարծիքով վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը խորամանկություն են անում  ժողովրդի դժգոհությունն ու ցասումը զսպելու համար:

«Այդ բարձրացրած 2000 դրամին մի կիլոգրամ կարագ էլ չես առնի: Սերժ Սարգսյանն իր աֆերիստությունով ժողովրդի հախից եկավ: Իրենց ավելացումով ոչ մի հոգս չես կարողանալու հոգալ»,-ասում է Գյումրիի տարեց բնակիչ Անահիտ Սարգսյանը:

Մեկ այլ գյումրեցի կին բարձրաստիճան չինովնիկներին խորհուրդ տվեց գոնե մեկ ամիս գոյատևել իրենց բարձրացրած թոշակներով, այնուհետև ավելացրեց, որ սարսափելի գնաճի պայմաններում թոշակների ու նպաստների չնչին բարձրացումը որևէ նշանակություն չունի:

«Թոշակներն ու նպաստները բարձրացրել են, բայց գներն այնպես են բարձրացրել, որ դա ոչ մի նշանակություն չունի: Երբ գազի, ալյուրի, շաքարավազի և այլ ապրանքների գներն իջնեն, այդ դեպքում նոր բարձրացումները տրամաբանական կլինեն»,-ասում է Կարինե Սահակյանը:

Իսկ գյումրեցի Վաղինակ Գրիգորյանը վարչապետի նշված որոշման տակ քաղաքական ենթատեքստ է տեսնում և գտնում է, որ սրանով իշխանությունների մոտ աշխատել է ինքնապահպանման բնազդը. «Միտված են անում. ժողովուրդն արդեն ուզում է վտարել այդ թալանչիներին, դա անում են, որ ժողովուրդը ձայնը կտրի ու նստի տեղը»:

Հետաքրքիրն այն էր, որ հարցված մոտ մեկ տասնյակ քաղաքացիներից որևէ մեկը կառավարության որոշման վերաբերյալ դրական կարծիք չհայտնեց:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը