Մեկնաբանություն

16.04.2019 21:30


Նոր Հայաստանում օրենքները և Սահմանադրությունը գործո՞ւմ են, թե՞ չէ

Նոր Հայաստանում օրենքները և Սահմանադրությունը գործո՞ւմ են, թե՞ չէ

Կարո՞ղ է օրենսդրությամբ ամրագրված խաղի կանոնները շարունակում են գործել, բայց Հայաստանի երկրորդ նախագահի` Ռոբերտ Քոչարյանի վրա չեն տարածվում։

Կամ` կարո՞ղ է անցումային արդարադատության հայկական «խմբագրությունը», որի փրփուրներից կառչելով` ուզում են շրջանցել օրենքները եւ Սահմանադրությունը, արդեն ուժի մեջ է մտել, մենք` բանից բեխաբար։

Եթե ոչ` միջին վիճակագրական որեւէ քննիչ, դատախազ, դատավոր, որը առաջնորդվում է օրենքներով, ոչ թե «քյառթու» քաղաքական պատվեր է կատարում, կարո՞ղ է չիմանալ ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը, ըստ որի` «արարքի հանցավորությունը եւ պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»։

Եվ կամ` չտեսնելու տալ նույն փաստաթղթի 13-րդ հոդվածը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է. «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի»:

Մի պահ ենթադրենք, թե նախագահի անձեռնմխելիության ինստիտուտն ուժը կորցրած է ճանաչվել, եւ նախագահը կարո՛ղ է պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Ինչքան էլ անհեթեթ է` ընդունենք, թե Ռոբերտ Քոչարյանը գերազանցել է իր լիազորությունները`Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելով եւ կանխելով «մեծ, ավելի մեծ արյունահեղությունը»։

Ասել է թե`խախտել է այն ժամանակ գործող Քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելու) հոդվածը, որի համաձայն` «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը`պատժվում են ազատազրկմամբ տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Երկրորդ` «իշխանությունը պահելը` Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Պե՞տք է իրավաբան լինել` հասկանալու համար, որ նախագահին տեսականորեն կարող էր մեղադրանք առաջադրվել հենց ա՛յդ`300-րդ հոդվածով, բայց ո՛չ երբեք` մարտիմեկյան իրադարձություններից մի տարի անց` 2009թ. մարտին ընդունված 300.1 հոդվածով, որով կարգավորվում է «սահմանադրական կարգը տապալելու» համար անձին պատասխանատվության ենթարկելը։

Ուրեմն, ինչո՞ւ են հեռատեսորեն շրջանցել օրենքի պահանջը եւ «երջանիկ» բացառություն արել Ռոբերտ Քոչարյանի համար` մեղադրանք առաջադրելով «ենթադրյալ հանցագործությունը կատարելու պահին» գոյություն չունեցող հոդվածով։ Արդյոք ո՞չ այն պատճառով, որ գործող նախագահը պարզապես չէր կարող յուրացնել իշխանությունը, որի կրողն էր, իսկ ահա` «Սահմանադրությունը տապալել» գուցե կարող էր (եթե, իհարկե, հիմք ընդունենք խելագարության կանխավարկածը)։ Եվ դրա համար էլ ՀՔԾ-ի «ընտրությունը» կանգ է առել անձի, տվյալ դեպքում`նախագահի վիճակը վատթարացնող 300.1 հոդվածի վրա։

Այս պարզունակ հնարքի շարժառիթը հասկանալով հանդերձ՝ չենք կարող չհարցնել. ո՞ւր է նայում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ինչո՞ւ է բերանը ջուր առել`չի նկատում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի հազար անգամ բարձրաձայնած այս ճչացող անարդարությունը, որի դեմ ժամանակին ինքնամոռաց կռիվ էր տալիս։

Եվ ինչո՞վ է զբաղված գլխավոր դատախազությունը`ինչո՞ւ չի կատարում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու սրբազան առաքելությունը։ Ավելին`դատարանում կրծքով պաշտպանում է նախագահին ներկայացված ակնհայտ անօրինական մեղադրանքը։

Հարցը` իսկ որտե՞ղ են իրավապաշտպան կազմակերպությունները, ինչո՞ւ չեն արձագանքում մարդու իրավունքների նկատմամբ այս խայտառակ ոտնձգությանը, զուտ հռետորական է եւ պատասխան չի ենթադրում. դրանք ուղղակի չկան` վերացել են այն պահին, երբ Նիկոլը քայլելով վերցրեց իշխանությունը ու բոլորին` բոլոր գրանտակերներին, առանց բացառության, դրեց գրպանը....

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը