Լրահոս

27.03.2010 09:26


Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Մարտի 26-ին շարունակվեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Մոսկվա:

Նույն օրը կայացավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարների խորհուրդը աշխատանքները սկսեց նեղ ձեւաչափով' պատվիրակությունների ղեկավարների եւ ԱՊՀ գործադիր քարտուղարի մասնակցությամբ, ապա նիստը շարունակեց պատվիրակությունների մասնկացությամբ:

Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում' ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման,  հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության եւ  միգրացիոն քաղաքականության բնագավառներում փոխգորխակցության, իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ակտիվացման եւ մի շարք այլ  հարցերը:

Նախարարները հավանության արժանացրեցին եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացրեցին Մեծ Հայրենական Պատերազմում Հաղթանակի  65-ամյակի առթիվ ընդունվելիք ուղերձի նախագիծը: 

Նույն օրը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշենկոյի հետ:

Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով իր ուկրաինացի գործընկերոջը նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշեց, որ սերտ համագործակցության ակնկալիք ունի' երկու երկրների հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար:  

Նախարարները մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Գրիշենկոն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների եւ դրանց կարգավորման ուղիների շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը