Լրահոս

27.03.2010 09:33


Դատարանը բավարարեց Զարուհի Փոստանջյանի բողոքը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը այսօր հրապարակեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ պատգամավորը բողոքել է ՀՀ ոստիկանության քննիչի որոշման վերաբերյալ, որով վերջինս կարճել էր «Ազատամտություն» օրաթերթում Զարուհի Փոստանջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ հարուցված քրեական գործը:

Դատական նիստին ներկայացել էին նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը, խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության երիտասարդները, ինչպես նաև լրագրողներ ու մի խումբ քաղաքացիներ:

Դատարանը որոշեց բավարարել Զարուհի Փոստանջյանի բողոքը, վերացնել հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՀ ոստիկանության քննիչի 2009թ. դեկտեմբերի 21-ի որոշումը և գործը հետ ուղարկել վարույթն իրականացնող մարմնին' լրացուցիչ քննության: Որոշումը կարող է բողոքարկվել 10 օրվա ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը