Քաղաքական

18.04.2019 10:29


Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի վճռաբեկ բողոքը չի ուշանա

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի վճռաբեկ բողոքը չի ուշանա

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը այս պահին աշխատում է պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատական վերջին որոշման վերաբերյալ ներկայացվելիք վճռաբեկ բողոքի վրա, որը շուտով կներկայացվի, ըստ կարգի: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերի վերաբերյալ այսօր լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ասածներին, ապա Օրբելյանը մասնավորապես նշեց. «Հիմնական մեկնաբանությունը, որ ունեմ դատախազի այսօրվա հայտարարությանը և ընդհանրապես դատախազության մոտեցմանը մեր գործով և վերջին ժամանակներում, և դրանից առաջ՝ մնացած գործերով, հետևյալն է. կարող ենք արձանագրել, որ դատախազությունը և իրավապահ մարմինները պատժողական և կալանավորող մոտեցումից չեն հրաժարվել: Այսինքն, իրենց մոտեցմամբ, եթե որևէ մեկի նկատմամբ կա հիմնավոր կասկած, ապա նրան պետք է կալանավորել: Մոտավորապես մոտեցումն այսպիսին է:

Ինչո՞ւ եմ այդպես եմ ասում: Հետևյալ պատճառաբանությամբ. եթե ունենք հիմքեր, դրանց մի մասը ապագային վերաբերող են: Այսինքն, արդյոք կա՞ հավանականություն, որ Ռոբերտ Քոչարյանը կխոչընդոտի վարույթը, արդյոք կա՞ հավանականություն, որ կփորձի ազդել գործի վարույթի վրա»:

Փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ դատախազի հետ համամիտ է, որ օրենսդրական սահմանափակում չկա, թե որ փուլում կարող է որպես խափանման միջոց կիրառվել կալանքը, որ փուլում չի կարող կիրառվել:

«Բայց երբ մենք ունենք դեպք, որ անձը՝ Ռոբերտ Քոչարյանը, կալանավորված լինելուց հետո, 4 ամիս լինում է ազատության մեջ, և վարույթն իրականացնող մարմնի քննիչը ընդունում է, որ այդ ընթացքում խոչընդոտելու որևէ դեպք չի արձանագրվել և չկա, և իրենք կարծում են, որ խոչընդոտելու որևէ խնդիր չի եղել: Ավելին՝ անձի վարքագիծը ուղղակիորեն խոսում է հակառակի մասին, այսինքն, որ անձը խոչընդոտելու որևէ նպատակ չունի, առաջին իսկ կանչով ներկայանում է, երբ որ չունի արտասահման գնալու որևէ սահմանափակում, բայց մեկնելուց առաջ հարցնում է՝ արդյոք դեմ չեն լինի իր մեկնելուն:

Հստակ է անձի վարքագիծը, որ փորձում է աջակցել գործընթացին, և չխոչընդոտել, բայց մյուս կողմից ասում են, որ՝ չէ՛, միևնույն է, դրանից հետո մենք հիմք ունենք ենթադրելու, որ կխոչընդոտի:

Այսինքն, կա փաստ, որ 4 ամիս, գործի քննության ամենաթեժ փուլում, լինելով ազատության մեջ, Ռոբերտ Քոչարյանը վարույթին չի խոչընդոտել, բայց ենթադրում են, որ կխոչընդոտի կամ ինչ-որ կերպ կազդի վկաների վրա, որովհետև կա նման հնարավորություն»,-նշեց Արամ Օրբելյանը:

Բայց ինչ ասել է՝ կա ենթադրական հնարավորություն: Միշտ էլ ենթադրական հնարավորություններ կարող են լինել, առհասարակ, ցանկացած գործով ու ցանկացած անձնավորության դեպքում: Մինչդեռ, տրամաբանությունը հուշում է, որ կոնկրետ որոշումները պետք է խարսխվեն կոնկրետ իրողությունների, փաստերի ու փաստական տվյալների վրա:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործով ընթացիկ վիճակին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ կա խափանման միջոցի կիրառման ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը, որի առկայությամբ գլխավոր դատախազի կարծիքը երկրորդական է դառնում: Արամ Օրբելյանը նշեց, այսօր ստացել են դատարանի որոշման տեքստը, և համապատասխանաբար, կպատրաստեն վճռաբեկ բողոքը, որը մոտակա ժամանակահատվածում կներկայացնեն բոլոր հիմնավորումներով:

Այս խորագրի վերջին նյութերը