Տնտեսական

18.04.2019 13:55


Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ՝ գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակում

Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ՝ գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակում

Հայաստանի Հանրապետությունը գազի գնի հարցում պարտքեր չի կուտակում և չի կարող կուտակել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը:

«Գազի սակագնի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են: Ձևավորված են որոշակի առաջարկներ, և մենք պետք է քննարկենք ռուսական «Գազպրոմի» հետ: Թե դա երբ և ինչ ժամկետում կլինի, չեմ կարող ասել: Քանի դեռ սպառողների սակագները չեն բարձրանում, այդ տարբերությունը վճարվում է ընկերության կողմից: Ես ասում եմ, որ վերանան այն կասկածները, թե պարտքեր են կուտակվում: Գազի հարցում պետության կողմից որևիցե պարտք չի կուտակվում և չի կարող կուտակվել»,- ասաց Բաղրամյանը:

Նախարարի պարտականությունները կատարողը նշեց, որ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած հայ-ռուսական միջկառավարական նիստի ընթացքում այնտեղ ձեռք է բերվել համաձայնություն, որ մինչ հուլիսի 1-ը կներկայացվի սահմանին գազի գնի մեխանիզմներ սահմանող նախագիծ:

«Այդ համաձայնագիրը կլինի այնքանով նպաստավոր մեզ համար, որ մենք կունենանք որոշակի կանխատեսելիություն հնգամյա ժամանակահատվածի համար»,- նշեց Գարեգին Բաղրամյանը:

Հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր Հայաստան մատակարարվող գազի գինը (150 ԱՄՆ դոլարից դարձավ 165 ԱՄՆ դոլար՝ սահմանին), և Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով, իսկ տարբերությունը փոխհատուցվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը