Մեկնաբանություն

19.04.2019 12:55


Մի՛ մեղադրիր, որ չմեղադրվես

Մի՛ մեղադրիր, որ չմեղադրվես

Վերհիշենք ոչ վաղ անցյալը։ Մեջբերումներ ՊՎԾ նախագահ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջից։

Հուլիսի 26, 2018թ

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ:

Սիրում եմ բոլորիդ։

Հուլիսի 28, 2018թ

Երեկ հիշեցի Հանրապետության հրապարակում ելույթս, որտեղ Քոչարյան Ռոբերտին կոչ արեցի՝ գնա Հայաստանից, քանի որ գիտեի, որ արդարադատությունը նրա դուռն էլ է թակելու, չլսեց։

Վստահ եմ, որ Քոչարյանը, Մարտի 1-ի ոճրագործության ժամանակ բոլոր պատասխանատուներն ու մեղավորները կկանգնեն Հայաստանի արդարադատության առաջ։

Բայց նաև պետք է վստահ լինենք, որ ամեն մեկը պատասխանում է իր արածի համար և ոչ ավելին։

Դեկտեմբերի 28, 2018թ․

ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվեցին դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։

Սիրում եմ բոլորիդ։

Դեկտեմբերի 28, 2018թ․

Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը։

Պարոն ռեկտորը կամ խորը մոլորության մեջ է, կամ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։

Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու։

------

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եվ ուրեմն, մի՛ եղեք Դավիթի պես։ Հարգե՛ք մարդկանց անմեղության կանխավարկածը, այդ թվում նաև՝ Դավիթի պարագայում։ Թեև ինքը բազմիցս խախտել է այլոց անմեղության կանխավարկածը։

ՀԳ Եվս մի քանի մեջբերում Դավիթ Սանասարյանի էջից։

Մայիսի 31, 2018թ

Մի տեսակ առողջ մրցակցություն է սկսվել ԱԱԾ, Ոստիկանության ու Պետական վերահսկողական ծառայության միջև (մենք դեռ չենք սկսել)։

Որ կառույցն ավելի շատ կոռուպցիա ու հանցագործություն բացահայտեց, էդ կառույցը դառնում է ժողովրդի ամենասիրելին։

ՊՎԾ-ն չի պատրաստվում զիջել ոչ ԱԱԾ-ին, ոչ էլ Ոստիկանությանը։

Սիրում եմ բոլորիդ, հատկապես ԱԱԾ ու Ոստիկանություն սիրողներին

Մարտի 21, 2019թ․

Նոր Հայաստանում իրավապահների ու դատարանի վրա ոչ մի պաշտոնյա չի կարող ճնշում գործադրել, որի համար կռիվ ենք տվել ու որի համար շարունակում ենք կռիվ տալ։ Իրավական պետության այլընտրանքը Հայաստանի համար չէ։

Ապրիլի 18, 2019թ

Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։

Ապրիլի 19, 2019թ

Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը։

------

Վավերագրական ֆիլմի վերջ։ Վարագույրն իջավ։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը