Մեկնաբանություն

20.04.2019 11:05


Քանդուքարափ հեղափոխություն

Քանդուքարափ հեղափոխություն

Ամիսներ առաջ, ԱԺ ամբիոնից ներկայացնելով իր վարչապետ չընտրվելու ծրագիրը, Նիկոլ Փաշինյանը «զարմանքով» արձանագրեց`երբ իր հետ քայլողներին պաշտոններ էր բաժանում, մտքով անգամ չէր անցկացնում, թե ընդամենը մի քանի ամսում քանդուքարափ կլինեն։

«Թավշյա ոչ բռնի հեղափոխության» տարին չլրացած, քայլարածների ամպոտ ոտքերով հրեշտակ լինելու բլեֆը բոլորիս աչքի առաջ քանդուքարափ է լինում`հե՛չ պետքը չէ. ավելի կարեւոր գործեր ունի` զբաղված է բենզա եւ գազալցակայանների ՀԴՄ կտրոններ չխփող անպատասխանատու աշխատակիցներին (կամ դրանց սեփականատերերին) ասֆալտին փռելու եւ պատերով տալու անհետաձգելի հարցով։ Երեւի ուշացել են` չեն հասցրել միանալ թավշյա հիմնադրամներին «մուծվելու» հարվածային նախաձեռնությանը։

Առողջապահության նախարարությունում փոխնախարարի մակարդակով գրանցված պաշտոնական լծակների չարաշահման հետ կապված պատմությունը «տրամաբանական ավարտին» չհասած` հպարտ քաղաքացու գլխին կոռուպցիոն նոր սկանդալ պայթեց։ Պարզվեց` կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարի «գլխավոր վարչությունում»` Պետական վերահսկողական ծառայությունում, ինչ-որ բան այնպես չէ. ՊՎԾ պետի տեղակալը կասկածվում է իր լիազորությունները չարաշահելու մեջ եւ որպես մեղադրյալ ներգրավվել է դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում։

Իսկ օրերս պաշտոնապես հաստատվեց մամուլում եւ քաղաքական կուլուարներում համառորեն շրջանառվող վարկածը, թե դա ընդամենը այսբերգի երեւացող մասն է. դիալիզի սարքերի մրցույթի շուրջ «բորբոքված» կոռուպցիոն բացահայտման արմատներն ավելի խորն են`ձգվում են վերեւ եւ հասնում իրեն իշխանության բերած հպարտ քաղաքացու հանդեպ պլատոնական սիրով տոչորվող սորոսական հայտնի ակտիվիստի առանձնասենյակ։ Եվ դա ամրագրվեց հանրային գիտակցության մեջ, որպես հեղափոխական իշխանության բարի համբավը եւ «անբիծ մաքրությունը», մեղմ ասած, հարցականի տակ դնող իրեղեն ապացույց։

Փողոցից իշխանության եկած եւ պալատական օթյակներում հարմարավետ տեղավորված Սանասարյան Դավիթի կոկորդիլոսի արցունքները, երդումներն ու թախանձագին խնդրանքները` չհավատալ իրեն մեղսագրվող արարքներին, ինքը եղել է, կա եւ կմնա կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի առաջին գծում, պարզապես անլուրջ են. դրանց անգամ իր սակավաթիվ կողմնակիցները չեն հավատում։ Այն, որ հանկարծ հիշել են անմեղության կանխավարկածը եւ իրենց կոտորում են, թե` առանց դատարանի վճռի մեր ընկերոջը հանցագործ մի ճանաչեք, ավելի շուտ «սորոսական համերաշխության» ոլորտից է. ничего личого, ինչպես ասում են:

Հիմա էլ, ահա, մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման հետ կապված կասկածելի պատմությունն է ջրի երես դուրս եկել (որքան էլ ոմանց համար տհաճ է, բնության օրենքները, որոնց համաձայն, կեղտը ջրի երես ելնելու վատ սովորություն ունի, ոչ մեկ չեղյալ չի հայտարարել)։ Դատելով Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի երեկվա հայտարարությունից՝ կան բոլոր հիմքերը` ասելու, որ «70 տոկոսանոց տպավորիչ քվեով» Երեւանի քաղաքապետ կարգված երբեմնի կատակերգակը ոտով-գլխով խրվել է կոռուպցիոն լուրջ սկանդալի մեջ, որտեղից դուրս պրծնելը շատ դժվար է լինելու։ Եթե, իհարկե, վարչապետի մակարդակով քաղաքական այլ որոշում չընդունվի։

Մարդը մրցույթ է հայտարարել աղբահանության մեքենաների ներկրման համար, եւ այնպիսի սպեցիֆիկ չափանիշներ է սահմանել «հաղթողի» համար, որին կարող էր բավարարել միայն «Կամազ» ընկերությունը։ Ընդ որում`այնքան է ձգձգել այդ հարցի լուծումը, մայրաքաղաքում բառի բուն իմաստով աննախադեպ այնպիսի հակասանիտարական իրվավիճակ է ստեղծել, որ մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչել եւ նոր մրցույթ հայտարարել` կնշանակեր Երեւանը դարձնել համատարած աղբավայր բաց երկնքի տակ։

Իսկ Փաշինյան Նիկոլի քեֆին քեֆ չի հասնի`նա շարունակում է ասել-խոսել-սրամտել, տափակ կատակներ է անում, հրճվում իր ասածների վրա` կառավարության նիստերը վերածելով բալագանի։ Կողքից նայելով`կարելի է կարծել, թե ալամ աշխարհի ամենազարգացած, հարուստ, բարեկեցիկ, կայացած, կոռուպցիոն ռիսկերից ապահովագրված երկրի, ոչ թե քանդուքարափ հեղափոխականներից «քաշված» Նոր Հայաստանի վարչապետն է։

Արմեն Նահապետյան

Այս խորագրի վերջին նյութերը