Քաղաքական

22.04.2019 15:14


Եթե պարզվի, որ այդ ամենը ճիշտ է, դա վնաս կտա հեղափոխությանը. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին (տեսանյութ)

Եթե պարզվի, որ այդ ամենը ճիշտ է, դա վնաս կտա հեղափոխությանը. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին (տեսանյութ)

ՀՀ-ում գործ չեն սարքում: Կարծում եմ՝ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել՝ փորձելով պաշտպանել: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի փաստաբանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Սանասարյանի պաշտպանությունն ստանձնած փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ապրիլի 20-ին հայտարարել է, թե Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է. «Նրա դեմ ցավոք գործ են սարքել և կարում են այդ գործը՝ օգտագործելով հին մեթոդները»։

Արձագանքելով փաստաբանին՝ ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ փաստաբանը մարտավարություն կառուցելու համար է գործին չծանոթացած հայտարարում, թե գործը շինծու է։ «Իմա՞ստը որեւէ մեկի գլխին շինծու ինչ-որ բան անելու: Սկսենք նրանից, որ ո՛չ ընտրություն կա, ո՛չ ինտրիգ կա այդ ամենի մեջ: Հայաստանում ո՞վ ում վրա ինչի համար եւ ինչ պետք է կազմակերպի շինծու: Դրա իմաստը ուղղակի չկա: Ասենք, եթե մեկն ուզենար այդ պաշտոնը զբաղեցնել կամ ընտրություններ լիներ, ինչ-որ մեկն ուզենար, ասենք, իմ նկատմամբ ինչ-որ բան անել, տրամաբանություն կլիներ: Կա փաստ, բողոք եւ կա գործ, որի հետ կապված քննությունը, վստահեցնում եմ, լինելու է բաց եւ դուք կտեսնեք: Աստված տա, որ սխալված լինեն եւ պարոն Սանասարյանի հետ կապված որեւէ հարց չլինի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ իրավապահ մարմիններին վստահում է։ «Դավիթ Սանասարյանն իր ընկերն է եւ եթե որեւէ բանի հետ կապված սխալ չի գործել, որեւէ խնդիր չի լինի: Ես գիտեմ, որ ինքը նույնպես դրա մեջ վստահ է»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ ավելացնելով, որ եթե պարզվի, որ այդ ամենը ճիշտ է, ապա դա վնաս կտա հեղափոխությանը. «Ինձ համար շատ ցավալի կլինի, բայց միաժամանակ չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետեւդա ինձ համար տհաճ թեմա է: Դա ինձ համար ցավ է»:

Դիտարկմանը, որ իշխանության աջակիցների մեջ պառակտում կա, ձեւավորվել են սանասարյականների թիմ եւ վանեցյանականների թիմ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նախ, վանեցյանականներ չեն կարող լինել: Արթուր Վանեցյանը վարչապետին առընթեր հիմնարկի տնօրեն է, ինքը քաղաքական միավոր չէ: Կա պետություն, եւ կա օրենսգիրք»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանը եւ նրա պաշտպան Իննեսա Պետրոսյանը պնդում են՝ գործը շինծու է։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը