Մեկնաբանություն

22.04.2019 18:30


Բա ասում էր` առարկայական քննարկումներ չկան

Բա ասում էր` առարկայական քննարկումներ չկան

Փաշինյան Նիկոլի խոսքին ու գործին լուրջ վերաբերվելն ինքնին անլուրջ է (հատկապես այն բանից հետո, երբ բոլորի աչքի առաջ գործից հեռացրեց մաքսատան աշխատակցին, հետո բոլորին ի լուր ասաց` ե՞ս ինչ անեմ, թո՛ղ դիմում չգրեր), բայց եւ այնպես։

Օրերս լրահոսից տեղեկացանք, որ ապրիլի 20-ին՝ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը, սա, ի շարս առանցքային այլ հարցերի, անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին եւ շեշտել այդ հարցի վերաբերյալ քննարկումներ սկսելու անհրաժեշտությունը. «Հատկապես այն պարագայում, երբ Հանրային խորհրդում են մարդիկ, որոնք անմիջական կապ ունեն այդ հարցի հետ` Վազգեն Մանուկյան, Արկադի Տեր-Թադեւոսյան, Լարիսա Ալավերդյան եւ ուրիշներ»։

Ինքը, ինչպես հայտնի է, էդ գործում չկա` Արցախյան հիմնահարցի հետ կապ չունի՝ չհաշված, որ տղան Արցախում է ծառայում, եւ իր ընտանիքի համար կենսական խնդիր է` հնարավորինս հետ պահել Ադրբեջանին հրադադարի խախտումներից եւ ապահովել շփման գծի հարաբերական կայունությունը։ Մնացած հարցերում կոմպետենտ չէ` արցախցիներն իրեն չեն ընտրել, չեն լիազորել` Արցախի փոխարեն տնօրինելու Արցախի ճակատագիրը։

Եվ քանի դեռ Ադրբեջանն ու Մինսկի խմբի համանախագահները խոսքները մեկ են արել`չեն ընդունում Արցախը, որպես բանակցությունների լիարժեք կողմ, դրանք բանակցություններ չեն, այլ «ընդամենը»` հանդիպումներ, որոնց ընթացքում ինքը կիրթ եւ բարեկիրթ Իլհամի հետ ինչի մասին ասես` ասում-խոսում է, բայց առարկայական հարցեր չի քննարկում։

Ադրբեջանի, ապա` նաեւ Ռուսատանի արտգործնախարարները, իրար հերթ չտալով, շտապեցին Նիկոլին «սուտ հանել» եւ պաշտոնապես արձանագրեցին, որ Վիեննայում Մինսկի խմբի հովանու ներքո անցկացված բանակցությունների ժամանակ կողմերի միջեւ լա՛վ էլ առարկայական քննարկումներ են ծավալվել։ Ավելին, բանակցությունները 2016թ. սեղանին դրված փաստաթղթի` «Լավրովի պլանի» շուրջ են։ Որը, ըստ նույն Փաշինյանի, նախկինում բանակցված-մնացած բոլոր առաջարկությունների հանգույն բացառապես «հողեր հանձնելու մասին է»։

Հասկանալով, որ օղակը սեղմվում է` մանիպուլյացիոն տեխնոլոգիաները չեն աշխատում, ժողովրդի վարչապետն իր հերթին շտապեց ցրել պատասխանատվությունը յուր վտիտ ուսերից, այս անգամ` Հանրային խորհրդի օգնությամբ։ Եվ առաջարկեց սկսել հանրային քննարկումներ, «ձեւակերպել համազգային դիրքորոշում» այդ խնդրի շուրջ` վեր կանգնելով տարածված կարծիքից, թե հիմնահարցի լուծման լիազորությունն ու պատասխանատվությունը իշխանությանն է։

«Սա այն հարցն է, որտեղ պետք է համազգային պատասխաններ ձեւակերպել, եւ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է կրի պատասխանատվություն իր առաջարկած լուծման համար»,-հայտարարում է նա` խոստովանելով, որ բանը բանից անցել է. ժամանակն է այո կամ ոչ ասել «Լավրովի պլանին»։ Եվ տեսեք, թե ինչ «մուխաննաթ» ձեւով է դնում խնդիրը։ Ասում է` կա երկու մոտեցում. «Մեկն այն է, որ Ադրբեջանի հետ ունենում ենք խաղաղության մասին փաստաթուղթ, մյուսը` որ պահպանում ենք այսօրվա ստատուս քվոն»։

Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ 1997թ. Տեր-Պետրոսյանն էլ հարցը կտրուկ էր դնում`պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Մնում է`կրկնի ադրբեջանցիների եւ սրանց տեսակետները տիրաժավորող բրայզաների ասածը` «ստատուս-քվոյի փոփոխության այլընտրանքը պատերազմն է», որ ամեն ինչ իր տեղն ընկնի։

Հետաքրքիր է`ինչ որոշում է ակնկալում Փաշինյանը Հանրային խորհրդից. որ խորհուրդը դե՞մ է «խաղաղության մասին փաստաթղթի» ստորագրմանը եւ ուզում է` այսօրվա ստատուս քվոն անվերջ երկարի՞։ Դրանով իսկ` ամրագրի, որ ոչ թե Ադրբեջանը, այլ մե՛նք ենք խոչընդոտում խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որովհետեւ պատրաստ չենք չկրակելու դիմաց զոհաբերել Արցախը եւ սեփական բնօրրանում ապրելու արցախցիների իրավունքը։

Թե՞ սպասում է, որ Վազգեն Մանուկյանը եւ «Արցախյան հիմնահարցի հետ անմիջական կապ ունեցող» մյուս գործիչները կրակն իրենց վրա վերցնեն եւ լեգիտիմացնեն խոստումների դիմաց`առանց Արցախի կարգավիճակի հստակեցման եւ անվտանգության հստակ երաշխիքների տարածքներ հանձնելու «հաղթողական» ծրագիրը...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը