Մեկնաբանություն

24.04.2019 09:21


Քայլելով տնտեսական հեղափոխության բլեֆը

Քայլելով տնտեսական հեղափոխության բլեֆը

Ամենաանամոթ ստերից մեկը, որ Փաշինյան Նիկոլը համառորեն փորձում է փաթաթել աչքը ճամփին` տնտեսական հեղափոխության սպասող հպարտ քաղաքացուն, հետեւյալն է՝ ինչպես մի տարի առաջ քայլելով հեղափոխություն արեցինք եւ ազատեցինք երկիրը «արյունախում ռեժիմից», այնպես էլ քայլելով տնտեսական հեղափոխությո՛ւն ենք անելու։

Ամբողջ մի տարի իշխանությունը միանձնյա` սրտի ուզածի պես եւ սրտի ուզածի չափ տնօրինելուց հետո միջին վիճակագրական կարողություններ ունեցող ցանկացած մեկը գլխի կընկներ, որ «քաղաքական հեղափոխությունը»`թավշյա, ոչ բռնի, գունավոր կամ անգույն, և «տնտեսական հեղափոխությունը» երկու տարբեր բաներ են. իրարամերժ, մեկը մյուսին բացառող երեւույթներ, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ նույն կաթսայում չեն եփվի։

Եվ խնդիրը միայն այն չէ, որ տնտեսությունը, տնտեսության թռիչքաձեւ զարգացումը (եթե ստեղծված ոչ կոնվենցիոնալ պայմաններում`քայլարածական դիլետանտ կառավարիչների օրոք նման բան ընդհանրապես հնարավոր է) հանգիստ եւ կայուն միջավայր են սիրում։ Իսկ իշխանափոխությունը (հատկապես մեր դեպքում, երբ մարդիկ բառիս բուն իմաստով փողոցից իշխանության գալով` մոռացան վենդետաներ չանելու խոստումները եւ վհուկների որսը դարձրին պետական քաղաքականության գերակա ուղղություն), երկիրը անկայունության, անկանխատեսելիության եւ անորոշության մատնելու ամենակարճ ճանապարհն է։

Դժբախտությունն այն է, որ այդ մարդիկ ոչինչ չսովորեցին, ոչինչ չհասկացան. հազար անգամ սայթաքեցին, առերեսվեցին սեփական անկարողության, հռչակագրային սուտ բարեփոխումների թշվառության հետ, բայց այդպես էլ իրենց հաշիվ չտվեցին, որ մի բան է` ամբոխավարության ալիքի վրա կազմալուծել, կազմաքանդել գոյություն ունեցող, լավ թե վատ աշխատող համակարգը եւ ելնել ժողովրդի շալակը, բոլորովին այլ բան` թագավորել ավերակների վրա։

Եղածը քանդելու համար «ընդամենը» պետք է մի քիչ «դուխ» ունենալ եւ վճռականություն` «գնալու մինչեւ վերջ»։ Մի քիչ էլ` արտաքին աջակցություն սորոսական հիմնադրամների ու դրանցից սնվող ապազգային տարրերի` սեռական, կրոնական եւ հայկական ինքնության հետ հեռավոր առնչություն չունեցող այլ փոքրամասնությունների «շահագրգիռ մասնակցության» տեսքով։ Իսկ ահա տնտեսական հեղափոխության շարժիչը կառուցելն է` ամենօրյա համառ եւ հետեւողական աշխատանքը եւ պրոֆեսիոնալիզմը, իրատեսական լուրջ ծրագրեր առաջ քաշելու եւ դրանց հետամուտ լինելու հաստատակամությունը։

«Ժողընտիր» վարչապետի պարզած ակնհայտ կեղծ թեզը, թե քաղաքական հեղափոխությունը 100 տոկոսով «հաղթել» ենք, սուրը փառքով դրել պատյան, մնում է ազգովի «ատելության նոր թիրախ» առաջադրենք` ատենք անհիշելի ժամանակներից հայի ուղեղում բուն դրած «աղքատությունը» եւ վճռական ոչ ասենք «ժողովրդի կառավարության» կյանքն անհարկի բարդացնող այդքան ատելի այդ աղքատությանը, մնացածն ինքնիրեն կստացվի, որեւէ քննադատության չի դիմանում։

Դժվար է ասել`քանի միամիտ կա Հայաստանում, առավել եւս` Հայաստանից դուրս, որ հավատա այդ հեքիաթին, որին ինքը` Փաշինյանն էլ հաստատ չի հավատում։ Կամ`«ատելության» դոզան, որ ուզում է ներարկել հպարտ քաղաքացուն, կհերիքի՞ միանգամից մի քանի ճակատով` ե՛ւ «նախկինների», ե՛ւ տնտեսության տեղապտույտի, ե՛ւ հեռակառավարվող արդարադատության զոհերի դեմ կռվելու եւ հաղթելու համար։

Մի բան պարզ է. Փաշինյանի միակ զենքը եղել եւ մնում է ատելությունը`սիրո եւ համերաշխության, ատելության եւ թշնամանքի էջը փակելու կարգախոսներն ընդամենը «կոնսպիրացիայի» համար էին։ Իսկ ատելությամբ հեռու չես գնա։

Այնպես որ, բարեկամաբար խորհուրդ ենք տալիս ժողորվրդի վարչապետին չչարաշահել ատելությունը, որպես հարցեր լուծելու գործոն եւ գործիք։ Եվ հիշել` ատելությամբ եկածը ատելությամբ կգնա, ու ատելություն ցանողը ատելություն կհնձի ավելի «հուժկու», քան ինքն ու իմքայլականների իր թիմը կարող են պատկերացնել...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը