Քաղաքական

23.04.2019 20:01


ՊՎԾ-ի գործով կալանավորված Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել

ՊՎԾ-ի գործով կալանավորված Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել

Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը ազատ է արձակվել: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նրա խոսքով` Ավետիսյանն ազատ է արձակվել գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ խափանման միջոցը փոխելու արդյունքում. «Նման որոշման կայացման հիմք է հանդիսացել ռիսկերի նվազմամբ պայմանավորված՝ նախնական կալանքի հիմքերը վերանալու հանգամանքը»,- նշեց Աբրահամյանը:

Տարոն Ավետիսյանի նկատմամբ նոր խափանման միջոց է ընտրվել` ստորագրությունը չհեռանալու մասին:

Ավելի վաղ դատախազությունը փոխել էր նաեւ Պետական վերահսկողության ծառայության գնումների գործընթացի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանի խափանման միջոցը։ «Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է՝ կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու և քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով»,-«Փաստինֆո»-ին հայտնել էին դատախազությունից։

Նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ քննիչի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է նրա պաշտոնավարությունը։

Այս խորագրի վերջին նյութերը