Քաղաքական

24.04.2019 16:10


Մնացականյանը պարզաբանել է, թե երբ կհայտարարվի ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպման ժամկետների և վայրի մասին

Մնացականյանը պարզաբանել է, թե երբ կհայտարարվի ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպման ժամկետների և վայրի մասին

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպման տեղի, ժամկետի մասին կհայտարարվի, երբ հանդիպման շուրջ լինի բոլոր կողմերի համաձայնությունը: Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե, ըստ Բաքվից եկած տեղեկությունների, Փաշինյանի, Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնում:

«Մոսկվայում վերջին հանդիպմանը քննարկել ենք, թե հաջորդ քայլն ինչ է լինելու և, մոտավորապես, ուրվագծել ենք, թե որտեղ, ինչպես և երբ կարող է լինել հաջորդ հանդիպումը: Մենք քննարկել ենք, հանդիպումից հետո յուրաքանչյուրը պետք է տեսնի, թե ինչպես է հնարավոր ֆիքսել այդ ժամկետները, որից հետո կհայտարարենք: Գիտեք, որ հանդիպումներ են տեղի ունենում տարբեր մայրաքաղաքներում, ներառյալ համանախագահ երկրների մայրաքաղաքներում: Ճիշտ է, որ բոլորս միասին պայմանավորվենք, նոր հայտարարենք, ինչպես որ արել ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Լրագրողները փորձեցին ճշտել, թե արդյոք Ռուսաստանի առաջարկներով տարբերակն է հիմա բանակցային սեղանին, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ հայտարարության մեջ եղածն արտահայտում է այն, ինչ քննարկվել է:

«Ես լրացուցիչ մեկնաբանության կարիք չեմ ունեցել անելու, որովհետև ամենն արտահայտված է փաստաթղթում, որի շուրջ միասին համաձայնության ենք եկել: Մենք քննարկել ենք կողմերի տարբեր մոտեցումները և դիրքորոշումները, սա փաստ է, բայց որևէ փաստաթուղթ այս փուլում չենք քննարկել»,-ասաց նախարարը:

Այս խորագրի վերջին նյութերը