Լրահոս

25.04.2019 10:20


Սյունիքի մարզում ոչ սթափ վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Սյունիքի մարզում ոչ սթափ վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Երեկ՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Առաջաձոր գյուղի բնակիչ, 29-ամյա Սամվել Արզումանյանը իր վարած Mercedes մակնիշի 97 ՕQ 997 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Կապան ավտոճանապարհի 296 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 53-ամյա Վարդանիկ Հակոբյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Ս. Արզումանյանն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ՝ Toyota մակնիշի 10 AQ 099 համարանիշի ավտոմեքենային, որն էլ, իր հերթին, բախվել է կայանված վիճակում գտնվող Volkswagen մակնիշի 20 ՍՕ 314 համարանիշի ավտոմեքենային։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթից հետո Ս. Արզումանյանը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Ժամեր անց վարորդ Ս. Արզումանյանը Կապանի ոստիկանների ու ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին, իսկ մահացածն աշխատում էր «Ապավեն» ՍՊԸ-ում, ով ավտոմեքենան կայանել է ու փողոցն անցել է, որպեսզի գնումներ կատարի, այդ ժամանակ տեղի է ունեցել վրաերթը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը