Մեկնաբանություն

26.04.2019 00:41


Վերադարձ ի շրջանս յուր` ՀՀՇ-ական ակունքներին

Վերադարձ ի շրջանս յուր` ՀՀՇ-ական ակունքներին

Վերջին օրերին Փաշինյանը ուշագրավ մի քանի հայտարարություն արեց, որոնք պարզորոշ ցույց են տալիս`մեր հերոսի մտքինն ինչ է եւ ինչ «դիրքորոշում» ունի մեզ համար հանգուցային երկու խնդիրների` Հայոց ցեղասպանության եւ Արցախյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ պետության կողմից իրականացվելիք քաղաքականության վերաբերյալ, անգամ եթե ուղիղ տեքստով չի ասում այդ մասին։

Ցեղասպանության 104-րդ տարելիցին «նվիրված» ուշացած ուղերձում ժողովրդի վարչապետը լալահառաչ արձանագրեց՝ 1915թ. «Հայ ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաեւ զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Մեզ հետևողականորեն զրկել են այն հողից, որտեղ հազարամյակների ընթացքում ձեւավորվել եւ զարգանում էր հայկական մշակույթը, հայկական ինքնությունը», «Երկրի երեսից ջնջվել է հայկական ինքնությունը կազմող մշակութային ժառանգությունը՝ հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ եւ վանքեր: Ոչնչացվել են հայկական մշակույթի էության կրողները՝ նրա մտավորականությունն ու հոգևորականությունը», ու էլի նման հուզիչ բաներ։

Եվ ոչ մի խոսք` այն մասին, թե ո՞վ է «կրավորական սեռով» շարադրված այդ գործողությունների հասցեատերը, որտե՞ղ, աշխարհի ո՞ր դժբախտ կետում է իրականացվել այդ Ցեղասպանություն ասածը, ո՞վ է մեզ զրկել մեր հայրենիքից եւ այդ հայրենիքում ապրելու իրավունքից։

«Մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»,- ասում է նա` ցուցադրաբար շրջանցելով մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունը դատապարտելու, դրա հետեւանքները վերացնելու`մասամբ վերացնելու անհրաժեշտությունը։ Եթե մի կողմ դնենք, մեղմ ասած, լղոզված այս ձեւակերպումների զգացական կողմը, սա նշանակում է մի բան՝ այդ խնդիրն այլեւս չկա մեր արտաքին քաղաքականության օրակարգում․ «ժողովրդի կառավարությունը վերադարձել է ի շրջանս յուր՝ «պետք չէ գրգռել քնած գազանին`ինչքան քիչ արծարծենք թուրք «գործընկերների» վրա կարմիր լաթի ազդեցություն գործող այս հարցերը, այնքան մեր օգուտն է» արատավոր թեզի ակունքներին։ Այն, ինչ ուզում էր, բայց չկարողացավ անել Տեր-Պետրոսյանը։

Գիտի` ինչպես լուծել հարցը, բայց չի ասում

Նախ Հանրային խորհրդի, ապա` ԵՊՀ ուսանողության հետ հանդիպումների ժամանակ եւ դրան հաջորդած «բացառիկ հարցազրույցում» Փաշինյանը մի՛ բան է ասում՝ որ ինքը խնդրի լուծման տեսլական չունի։ Այսինքն`իր տեսլականը կարգավորման տեսլական չունենալն է`որպես արտաքին քաղաքականության, ամենից առաջ` Արցախի հարցում որդեգրված ուղեգծի թիվ 1 պատասխանատուի պատասխանատվությունը Հանրային խորհրդի, իսկ որ ավելի արտառոց է` «3 միլիոն վարչապետերի» վրա «խուրդելն» է. ձեւակերպեք`ինչպես եք տեսնում հարցի հանգուցալուծումը, շպարգալկա կազմեք, տվեք ձեռքս, գնամ` կռիվ տամ այդ «լուծման» համար։

Եվ սա`այն դեպքում, երբ արցախահայությունը եւ Արցախի իշխանությունները (որոնց բանակցային գործընթացում անմիջականորեն ներգրավված չլինելու դեպքում, եթե հիշում եք` խնդիրը չի կարող լուծվել) վաղուց են ձեւակերպել իրենց մոտեցումն այդ հարցում։ Դա այն է, որ չկա եւ չի կարող լինել վերադարձ 1988-ի ստատուս-քվոյին` ո՛չ սահմանների, ո՛չ կարգավիճակի առումով։ Եթե սա «դիրքորոշում» չէ, ապա ի՞նչ է` Փաշինյանի կարծիքով՝ օդի տատանո՞ւմ։

Հայաստանի նախկին իշխանությունները նույնպես հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Առաջինը դա արել է Տեր-Պետրոսյանը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հայտնի հարցազրույցում, ավելի ուշ` «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հրապարակման մեջ։ Այդ դիրքորշումը հանգում է ԼՂԻՄ-ի եւ հարակից տարածքների փուլային հանձնմանը` «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել» տրամաբանության շրջանակում։

1998-ի իշխանափոխությունից հետո պաշտոնական Երեւանը հրաժարվեց կապիտուլյանտական այդ մոտեցումից եւ նոր մոտեցում առաջ քաշեց՝ Արցախը երբեք չի եղել եւ չի լինի անկախ Ադրբեջանի կազմում` որեւէ կարգավիճակ, որտեղ Արցախը նշված է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, անընդունելի է Հայաստանի համար։ Արդյունքում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը պաշտոնապես ամրագրվեց համանախագահների առաջարկների «Մադրիդյան» փաթեթում։ 2008թ.-ից հետո այդ մոտեցումը, որոշակի խնդրահարույց շեղումներով հանդերձ, մեծ հաշվով մնաց անփոփոխ։

Նիկոլ Փաշինյանին այդ դիրքորոշումը «չգիտես՝ ինչու» ձեռք չի տալիս` նա ուզում է «իր կետից» շարունակել գործընթացը, բայց չի բացահայտում` ո՞րն է այդ կետը։ Ընդամենը հպանցիկ ասում է` ես ունեմ իմ պատկերացումը խնդրի լուծման վերաբերյալ, բայց չեմ ասի։

Սա այն դեպքն է, երբ պետք է համաձայնենք ժողվարչապետի հետ։ Իր «դիրքորոշումը» նա բավական հստակ շարադրել է դեռ 2001թ. «Հայկական ժամանակ»-ի ոչ անհայտ հրապարակման մեջ. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ», «Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին»։ Այդ հարցը, ըստ խմբագրապետ Փաշինյանի, տեսականորեն կարող էր քննարկվել, եթե մենք, որպես ժողովուրդ, որպես պետություն, սպառած լինեինք Հայաստանի ներկայիս սահմաններում` «մեր 29 հազարում» զարգանալու բոլոր հնարավորությունները։

Իրականությունը, սակայն, այլ է. «Քայլեք Երեւանի փողոցներով եւ Երեւանից դուրս եկեք չորս ուղղությամբ ու նայեք. ախր էս երկիրը գույն չունի եւ շատ նման է ցնցոտիի, անապատի, անմարդաբնակ տարածքի։ Ախր էս երկիրը տեր չունի, եւ մենք, որ պետք է լինենք այս երկրի տերը, մերը թողած` ուզում ենք տեր լինել ուրիշին։ Կամ, որ մեր դեպքում ավելի ճիշտ է ասել, չենք ուզում, որ ուրիշը տեր լինի։ Եվ իսկապես, ինչի՞ պիտի մերը լինեն Ադրբեջանի յոթ շրջանները. որ մի քանի գեներալ երկաթգծի ռելսերը վաճառեն իրանցիների՞ն, որ բնությունը ոչնչացնեն ու որպես գերան արտահանե՞ն, որ գործարանները քանդեն, վաճառե՞ն»։

2018թ. մայիսի 1-ի «թեկնածուական» ելույթից հետո, պատասխանելով հարցին`այդ մոտեցումը փոխվե՞լ է, թե՞ ոչ, Փաշինյանը պատգամավորին մեղադրեց ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Եվ հրապարակեց խնդրո առարկա հրապարակման «բնօրինակը», որտեղից էլ, ի դեպ, քաղել ենք հիշյալ մեջբերումները։

Իմաստն այն էր, թե դա ասվել է բոլորովին «այլ» համատեքստում. կոմպյուտերային խաղերից մեկում իր ուժերը փորձելով՝ նկատել է, որ համակարգիչը թույլ է տալիս նոր տարածքներ գրավել միայն մի դեպքում` եթե արդեն յուրացրել եւ իրացրել ես նախկինում գրաված տարածքները, ինչը մեր դեպքում չկար`հասկանալի պատճառով։ Հիշեցնենք` հոդվածը գրվել է 2001թ., երբ երկիրը՝ այսօր բանտախցում գտնվող Քոչարյանի գլխավորությամբ, նոր-նոր փորձում էր շտկել մեջքը եւ Տեր-Պետրոսյանի թողած ավերակների վրա ինչ-որ բան ստեղծել եւ չուներ ռեսուրսներ` ազատագրված տարածքներում լայնամասշտաբ «կառուցողական աշխատանքներ» իրականացնելու։

Արդյոք, դրանից հետեւո՞ւմ է, որ պետք էր ձեռքերը վեր բարձրացնել եւ արյան գնով ազատագրված հողերը սկուտեղի վրա մատուցել նավթադոլարների հոտից հաբրգած Ադրբեջանին` թողնում ենք Փաշինյանի խղճին։ Բայց փաստը` որ Փաշինյանը դրանք «օկուպացված տարածքներ» էր համարում, վստահ էր, որ այդ տարածքների տերը Ադրբեջանն է, եւ անկեղծորեն զարմանում էր, որ «մերը թողած»` աչք ենք տնկել «ուրիշի» ունեցածի վրա, դրանից չի փոխվում։

Ի՞նչ է փսփսացել Ալիեւը Փաշինյանի ականջին

Նույն օրը, պատասխանելով նույն պատգամավորի հարցին, թե ինչպե՞ս եք տեսնում Արցախյան հիմնախնդրի փոխզիջումային լուծումը, Փաշինյանը պատասխանել է՝ փոխզիջման մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը պատրաստակամություն կհայտնի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Իսկ ադրբեջանցիների կոշտ դիրքորշումը`այն, որ կտրականապես մերժում են ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որեւէ տեղ չի թողնում խոսելու որեւէ փոխզիջման մասին:

Հիմա ի՞նչ է փոխվել. ժողվարչապետն ինչո՞ւ է իրար խառնվել, ինչո՞ւ է պահանջում օր առաջ քննարկել եւ հստակ պատասխանել` ուզո՞ւմ ենք լուծել խնդիրն ու խաղաղ ապրել, թե՞ չենք ուզում։ Կարո՞ղ է` Ալիեւը նրա ականջին բան է շշնջացել`խոստացել է ճանաչել ինքնորոշման իրավունքը։ Եթե այո, ինչո՞ւ է օրը մի քանի անգամ հոխորտում, թե`ականջի ծայրը կտեսնեք, Ղարաբաղի`Ադրբեջանից դուրս որեւէ կարգավիճակ երազում չեք տեսնի...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը