Մեկնաբանություն

26.04.2019 15:05


Ամուլսարում եփած ճաշը, Հայաստանի ներդրումային ներկան ու տնտեսական ապագան

Ամուլսարում եփած ճաշը, Հայաստանի ներդրումային ներկան ու տնտեսական ապագան

Այն, ինչ տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու հանքի հետ, լրջագույն հարված էր Հայաստանի բիզնես միջավայրին, ներդրումային ներկային ու տնտեսական ապագային։ Կառավարության բառադիությունը կամ կասկածելի վարքագիծն այս հարցում պարզապես ապշեցուցիչ են։

Միայն միջազգային արբիտրաժում պատասխանող կողմի կարգավիճակում հայտնվելու հեռանկարը մի քիչ սթափեցրեց Նիկոլ Փաշինյանին, բայց, ընդհանուր առմամբ, շարունակվում է անպատասխանատու վարքագիծը։

Ինչ ճաշ է եփվել Ամուլսարում

Կառավարությունը, պատկերավոր ասած, այնպիսի ճաշ եփեց հանքի տարածքում (կամ առնվազն չխոչընդոտեց այդ ճաշի եփմանը), որ տակից շատ դժվար է դուրս գալու։ Ընդ որում՝ բումերանգի էֆեկտն արդեն սկսել է աշխատել կառավարության դեմ։

Եթե հիշում եք, «քաղակտիվիստական» շրջանակներից լուրեր էին տարածվում, թե, իբր, «Լիդիան Արմենիան» հանքը շահագործում է կոռուպցիոն գործարքի շրջանակներում։ Որևէ հիմք կամ փաստ, բնականաբար, չէր ներկայացվում, սակայն մերկապարանոց հայտարարություններ անելը և անմեղության կանխավարկած խախտելը շատ նորաձև են դարձել «նոր Հայաստանում»։

Տպավորությունն այնպիսին է, որ Կառավարությունն առնվազն դեմ չէ, որ «Լիդիանի» դեմ կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցվեն։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ հիմա արդեն «թավշյա» պաշտոնյաներին են սկսել մեղադրել կոռուպցիայի մեջ։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը որոշել է միջազգային փորձաքննություն անցկացնել Ամուլսարում, որպեսզի որոշում կայացնի՝ թույլ տա՞լ հանքի շահագործումը, թե՞ ոչ։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ բազմակի աուդիտի անցկացումը կառավարության կողմից խտրական վերաբերմունք է առանձին վերցրած մեկ ընկերության նկատմամբ։ Մի կողմ թողնենք նաև այն, որ փորձաքննության անցկացումը չպետք է ուղեկցվեր հանքի ճանապարհների փակումով ու գործադիր իշխանության ապօրինի անտարբերությամբ։ Տվյալ դեպքում ուզում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ամուլսարի հանքի բնապահպանական փորձաքննությունն իրականացնում է լիբանանյան մի ընկերություն, որին պետբյուջեից հատկացվել է մոտ 400 հազար դոլար, և որն այդ ոլորտում ամենևին էլ հեղինակություն չէ, եթե չասենք՝ անփորձ է։

Կառավարության համապատասխան պաշտոնյաներն այնքան աչք փակեցին «Լիդիանի» դեմ հնչող անհիմն կոռուպցիոն հայտարարությունների վրա, որ հիմա իրենք են դարձել հանքի հետ կապված կոռուպցիայի մեջ մեղադրվողներ։

Մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիթորինգով զբաղվող «Earth link եւ Advanced Resources Development» (ELARD) ընկերության հետեւում կանգնած են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ նրա գրասենյակի ղեկավար, ծագումով լիբանանցի Վարագ Սիսեռյանը։ ELARD-ը նույնպես լիբանանյան ընկերություն է, և կասկած կա, որ հենց Սիսեռյանի ջանքերով է այդ կազմակերպությունը 400 հազար դոլարի պատվեր ստացել՝ չունենալով համապատասխան որակավորում։

Այդ լուրերից հետո Սիսեռյանը շտապել է հերքել իրենց ու լիբանանյան ընկերության միջև կապը՝ «Հրապարակի» հետ զրույցում հայտարարելով, որ Ավինյանի գրասենյակն այդ մրցույթի հետ կապ չունի, եւ որ ELARD-ը հաղթող է ճանաչվել Քննչական կոմիտեի հայտարարած մրցույթի արդյունքում, քանզի ՔԿ-ն է զբաղվել այս հարցերով, ո՛չ իրենք։

«Ես կարծում եմ, որ այդ հոդվածի մեջ կա հանցագործության մասին հաղորդում, այսինքն՝ ինձ մեղադրում են պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Եթե ասում են, որ ես իմ դիրքն օգտագործել եմ, եւ ինչ-որ ընկերության հետ կապ եմ հաստատել, ուստի այստեղ փաստացի կա հանցագործության մասին հաղորդում, եւ դրանով պետք է այս դեպքում կա՛մ ԱԱԾ-ն, կա՛մ ՀՔԾ-ն զբաղվի, եւ հետաքննություն սկսեն, որ հասկանան՝ որքանով են այդ մեղադրանքները համապատասխանում իրականությանը։ Ես պահանջում եմ, որ դա կատարվի»,- ասել է Սիսեռյանը։

Ահա այսպես, կառավարությունն այնքան տեղ տվեց էժանագին քարոզին ու հակակոռուպցիոն շոուներին, որ հիմա Փաշինյանի թիմակիցներն են մեղադրվում կոռուպցիայի մեջ։

Ամուլսարում բնապահպանական հարց չկա

Ի դեպ, նույն Ավինյանի նախկին օգնական Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից մեկին ու նշել, որ անկախ բնապահպանական փորձաքննության արդյունքներից՝ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի հանքը չշահագործվի։

«Ես ուզում եմ ասել, որ այստեղ խնդիրը բնապահպանական կամ, ավելի ճիշտ, միայն բնապահպանական չէ. այստեղ կա իրավունքի խնդիր, և հարցը հանգում է հետևյալին. արդյոք մարդը իր կենսամիջավայրի և ապագայի մոդելի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունի՞, թե՞ ոչ։ Եվ ես ասում եմ, որ համայնքը պատրաստ չէ հրաժարվել այդ իրավունքից»,– գրում է քաղաքացիական ակԾիվիստ աշխատած, հետո քայլարած դարձած ու հիմա կուսակցականի դրոշի տակ հանդես եկող սույն երիտասարդը։

Բազմիցս է գրվել այն մասին, որ Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրները բնապահպանական չեն։ Խնդիրը քաղաքական է ու առնչվում է նաև սեփականության վերաբաշխմանը։ Դրսի ու ներսի տարբեր շահագրգիռ շրջանակների ականջները հնարավոր չէ թաքցնել։ «Սորոսի» հայաստանյան հիմնադրամը պարգևատրում է հանքի ճանապարհը փակողներին, նույն այդ փակողներին մոտ մեկ տարի կանոնավոր սնունդ են տալիս ու ֆինանսավորում, ՀՀ արդարադատության նախարար Զեյնալյանը բերանը բաց նկարվում է ճանապարհ փակողների հետ, ոստիկանությունը Ջերմուկում «չի նկատում» հանքի հետ կապված բախումներն ու դանակահարությունը, Փաշինյանը, իր ոճին հավատարիմ, վերջնական որոշում չի կարողանում կայացնել։

Միքայելնահապետյաններն էլ, տեսնելով, որ Փաշինյանը կամուկաց է, հաթաթա են տալիս նրան, թե բա՝ մեզ պատերազմ չհայտարարեք, միևնույն է, անկախ բնապահպանական փորձաքննության եզրահանգումից՝ ջերմուկցին թույլ չի տալու, որ հանքը շահագործվի։

Թե ինչպես են Երևանում նստած «բնապահպաններն» ու նախկին քայլարածները որոշում կայացնում ջերմուկցու փոխարեն, այլ հարց է։ Էականն այս պատմության մեջ այն է, որ անկախ կառավարության որոշումից՝ Հայաստանի ներդրումային իմիջին ու տնտեսությանն այնպիսի հարված է հասցված, որ դժվար է լինելու վերականգնելը։

Ո՞վ է պատասխան տալու այս ապօրինությունների ու Հայաստանին հասցված հսկայական վնասների համար։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Օրերս ՀՀ ընդհանուր իրավասության ու վերաքննիչ դատարանները բավարարել են «Լիդիանի» դիմումը՝ արձանագրելով, որ ոստիկանությունը պարտավոր էր քրեական գործ հարուցել հանքի ճանապարհը փակողների դեմ՝ հիմք ընդունելով առերևույթ իրավախախտումները:

Փաշինյանն օրենքը պահպանելու հրահանգ կտա՞ ոստիկանությանը։

Այս խորագրի վերջին նյութերը