Քաղաքական

26.04.2019 17:25


«Գործարք չի եղել, գործարքի առաջարկ չի եղել». Ադյանի պաշտպանն արձագանքել է Սանասարյանի պաշտպանին

«Գործարք չի եղել, գործարքի առաջարկ չի եղել». Ադյանի պաշտպանն արձագանքել է Սանասարյանի պաշտպանին

«Իրականությանը չի համապատասխանում. որևէ գործարք չի եղել, որևէ գործարքի առաջարկ չի եղել»,-168.am-ի հետ զրույցում Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի փաստաբան Դավիթ Մնացականայանն այսպես արձագանքեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի այն ենթադրությանը, թե Ադյանը և մյուսները նախաքննական մարմնի հետ գործարքի մեջ են եղել։

168.am-ին գործի մասով մնացած հարցերի մանրամասները փաստաբան Մնացականյանը չփոխանցեց, տեղեկացնելով՝ «Սամվել Ադյանի պահանջն է, որ իր գործի հետ կապված ոչ մի բան չփոխանցվի ԶԼՄ-ներին»։

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը շուրջ երկու ամիս կալանքի տակ գտնվելուց հետո օրերս ազատ էր արձակվել։

Հիշեցնենք նաև, որ Ինեսսա Պետրոսյանը մինչ այդ հարցազրույցներից մեկում նշել էր, որ Ադյանն ազատ կարձակվի։

Նա մասնավորապես նշել էր. «…Երբ որ մենք տեսնում ենք արդեն, որ նրանցից երկուսն արդեն կալանքից ազատված են, և ես վստահ եմ, որ կազատվի նաև Ադյանն առաջիկա օրերին, որովհետև այստեղ միանշանակ Ադյանը և մյուսները գործարքի մեջ են նախաքննական մարմնի հետ»։ Ապա 168.am-ի հետ զրույցում նկատել էր, որ իրենց կանխատեսումն իրականացավ։

Այս խորագրի վերջին նյութերը