Քաղաքական

26.04.2019 17:36


‹‹Սպայկա››-ն մոտավորապես 20 մլն դոլարի վնաս է կրել. Ընկերությունը գնում է կործանման

‹‹Սպայկա››-ն մոտավորապես 20 մլն դոլարի վնաս է կրել. Ընկերությունը գնում է կործանման

‹‹Սպայկա››-ն այս ընթացքում մոտավորապես 20 մլն դոլարի վնաս է կրել և եթե չկարողանա գործունեությունը շարունակել՝ ընկերությունը կփակվի, այս տարվա հարկերը չեն վճարվի, աշխատողները կկորցնեն աշխատանքը։ ‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հետ զրույցում ասաց ‹‹Սպայկա››–ի փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովը հայտարարել էր, որ դադարեցվել է բանկի կողմից հայկական «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը։ «Մեր մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն մենք դադարեցրել ենք ֆիանսավորումը: Մենք չենք կարող այդպես միանգամից գումար հատկացնել, եթե խոսքը գնում է հնարավոր սնանկացման մասին»,-նշեց Բելյանինովը:

Կ.Բաղդասարյանն անսպասելի չի համարում ԵԶԲ-ի այս որոշումը՝ ընդգծելով, որ ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է հենց այն օրը, երբ բանկը պետք է տրամադրեր ֆինանսավորումը։

Մեր զրուցակցի խոսքով՝ տվյալ ծրագրի շրջանականերում նախատեսվում էր 100մլն դոլար ներդրում, մոտ 1000 աշխատատեղի ստեղծում, որի համար կառավարությունն արդեն տարածք է տրամադրել, որ ջերմոց կառուցվեր։ «Անցած տարի դեկտեմբերի կառավարության որոշմամբ ծրագիրը թարմացվեց, որպեսզի իրականացվի, մենք էլ որոշման համաձայն իրականացրեցինք ԵԶԲ-ի հետ բանակցությունները, որպեսզի արագացնենք ֆինանասավորման տրամադրումը»,-ասաց Կ.Բաղդասարյանը՝ նշելով, որ ներդրումները դադարեցվել են, ծրագրի իրականացումն էլ հետաձգվել։

Խոսելով ընկերության հնարավոր սնանկացման մասին՝ փոխտնօրենը նշեց, որ նման վտանգ կա։ «Ցանկացած ընկերություն էլ կարող է սնանկացման վտանգի առաջ կանգնել, բայց այդ ամենը եթե քաղաքակիրթ ձևով է արվում, այսինքն երբ կառույցի ղեկավարը գործի գլխին է, ամեն հարց էլ կարելի է լուծել, բայց երբ ձերբակալում են՝ ընկերությունը գնում է կործանման»,-ասաց նա:

Որքանով է հավանական, որ կսառեցվեն նաեւ այլ կազմակերպությունների կողմից տրվող ֆինանսնական հոսքերը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Բաղդասարյանն ասաց. ‹‹Արտասահմանյան ֆինանսական հաստատություններն իրենց հայեցողությամբ կարող են նման նախաձեռնություններ անել: Երբ այս պրոցեսը սկսեց, գործնթացը հետ բերել այլևս հնարավոր չի լինելու: Եվ այդ վտանգը այսօր կա առավել քան երբևէ: Այն նույնիսկ անխուսափելի է››։

Նման պայմաններում արդյոք մթերումներ կիրականացվեն՝ հարցի ի պատասխան ընկերության փոխտնօրենն արձագանքեց. «Մենք ասում ենք ընկերությունը կործանվում է, մարդիկ ասում են ծիրան չեք մթերում, մենք հիմա պայմանագրեր ենք ստորագրել, որ այս տարի 10.000 տոննա ծիրան պետք է արտահանենք: Եթե ընկերությունը կործանված է, աշխատատեղերը փակվեն, ոնց ենք դա անելու»:

Արդյոք գյուղնախարարության խոստացած օգնությունը չի կարող նպաստել, որ ‹‹Սպայկա›› ընկերությունը կարողանա հաղթահարել ստեղծված իրավիճակը՝ մեր զրուցակիցը նկատեց, որ գյուղատնտեսության նախարարությունը գումար տրամադրող չէ: «Նախարարությունը գումարը տրամադրում է ինչ-որ բանկերի, ծրագրերի միջոցով: Բանկերն են գումար տրամադրողը: Եթե ընկերությունը կանգնած է կոլապսի առաջ, ո՞ր բանկը, ընկերությանը միջոցներ կտրամադրի:

Միայն ցանկություններ հայտնելով չէ, մարդիկ պետք է մեխանիզմները բացահայտեն››,-ասաց նա:

Բաղդասարյանն ասաց, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի իրենց գործընկերները, աշխարհի հեղինակավոր բանկերը հանգիստ լինեն և վստահեն իրենց: ‹‹‹‹Սպայկա››-ն ավելի քան 200մլն դոլարի ներդրում է արել Հայաստանում, և հիմա մարդիկ անհանգստանում են, թե ինչպես կարող է սեփականատերը ձերբակալված մնալ անորոշ վիճակում››,-ասաց Կարեն Բաղդասարյանը: Այս ընթացքում ընկերության կրած վնասների մասին հարցին ի պատասխան՝ փոխտնօրենը նշեց, որ նախնական հաշվարկներով կրած վնասը կազմում է շուրջ 20 մլն դոլար։

Հիշեցնենք, որ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Այս խորագրի վերջին նյութերը