Լրահոս

29.03.2010 17:20


Ո՞ւր է մեզ տանում մեր արտաքին քաղաքական վեկտորը

Ո՞ւր է մեզ տանում մեր արտաքին քաղաքական վեկտորը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանն անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ ասել է, թե առաջիկա մի քանի ամսվա կամ տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության հարցում էական փոփոխություն չի լինի։

-ԼՂ-ի հարցում ժամանակ առ ժամանակ գործընթացներն արագանում են, հանդիպումներ են տեղի ունենում, բայց իմ համար մի բան ակնհայտ է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը հասել է մի կետի, որից հետո տնտեսական դաշտում է սկսվել պայքարը։ Հետևաբար մեր երկու պետությունները՝ Արցախը և ՀՀ-ն, պետք է իրենց տնտեսությունները զարգացնեն, որ հետ չմնան նավթային ռեսուրսներով զարգացող Ադրբեջանից։ Սա հստակ է, և հարցի լուծումը հենց այս կոնտեկստում եմ պատկերացնում։ Պետք է զարգացնենք, որ մարտահրավերներին կարողանանք դիմագրավել,-նշել է նա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Մենուա Հարությունյանն ասել է, թե գործընթացը գնալով ավելի է բարդանում։

-Հենց այսօր Էրդողանը դարձյալ տվել է կոշտ գնահատականներ, և կարծում եմ, որ այս տիպի գնահատականներով նա գործընթացը տանում է փակուղի,-նշել է նա։

Նրա խոսքերով՝ ակնհայտ չէ, որ գործընթացը մտնի փակուղի, բայց թուրքական կողմի վարքագիծը դրան կտանի։

ՍԴՀԿ անդամ Նարեկ Գալստյանն էլ նշել է, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում Հայաստանը հսկայական շահաբաժին է կորցրել, իսկ Թուրքիան՝ շահել։

-Այսօր քաղաքական դաշտի մի մասը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մեջ (օրինակ՝ ՀԱԿ-ը) ղարաբաղյան և հայ-թուրքական գործընթացներում ինչ-որ չափով համամիտ է, ինչն ինձ համար ցավալի է, որովհետև Հայաստանում այսօր անհրաժեշտ է հզոր ընդդիմություն, որը կկարողանա այս գործընթացներին դեմ կանգնել։ Այսօր Հայաստանն ունի ժողովրդավարության հետ կապված լրջագույն խնդիրներ, որոնք օրհասական են և օր առաջ լուծվելու կարիք ունեն, բայց  հայ-թուրքական գործընթացն ու Արցախի խնդիրը մեծ հաշվով մեզ կանգնեցրել է, չեմ ուզում խիստ գույներով ներկայացնել, բայց... լինել -չլինելու առջև,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը