Տնտեսական

30.04.2019 14:27


Ատոմ Ջանջուղազյանը հասկացությունները շփոթել է. Դավիթ Անանյան

Ատոմ Ջանջուղազյանը հասկացությունները շփոթել է. Դավիթ Անանյան

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հարկային ծախս եւ հարկային պոտենցիալ հասկացությունները շփոթել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում Ջանջուղազյանի հայտարարությանը, թե Հայաստանը նախորդ տարի իր հարկային պոտենցիալից շուրջ 440 մլրդ դրամի հարկ չի հավաքագրել:

Անանյանի խոսքով, կա հարկային ծախս հասկացություն եւ հարկային պոտենցիալ հասկացություն. «Հարկային ծախսն այն մեծությունն է, որ հարկային արտոնությունների պատճառով թերի են հավաքագրվում եկամուտները: Այո, մոտ 440 մլրդ դրամի չափով հարկեր չեն հավաքագրվել այդ պատճառով: Դուք կարող եք 2015-ի ուղերձ-բացատրագրում նայել, որ հարկային ծախսը գնահատվում է 442 մլրդ դրամ: Հավանաբար պարոն Ջանջուղազյանը հարկային ծախս եւ հարկային պոտենցիալ հասկացությունները շփոթել է: Այսինքն թերակատարման մասին չի խոսքը: Այո, գումար կորում է, երբ օրենքով հարկային արտոնություն ես տալիս եւ այդ գումարը չի հավաքագրվում բյուջե: Օրինակ առողջապահության ոլորտն ազատված է ավելացված արժեքի հարկից եւ այդ արտոնության չափը գնահատվում է 25-30 մլրդ դոլար: Այ դա մենք կորցնում ենք»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նա նաեւ նշեց, որ կա նաեւ հարկային ներուժ հասկացություն. «Դա այն է, որ երկիրն ունի այդպիսի պոտենցիալ, բայց թերի վարչարարության պատճառով չենք կարողանում հավաքագրել: Բայց ոչ ոք նման հաշվարկ չի անում, թե որքան է հարկային պոտենցիալը:

Այո, կա հարկային ստվեր, որը հաշվարկելու տարբեր մեթոդաբանություններ կան: Բայց 440-460 մլրդ դրամի հարկային ստվեր գոյություն չունի: Դա այնքան հասարակ բան է, որ իմ տեղակալը սուբորդինացիայից եւ էթիկայից ելնելով չի փորձել ուղղել պարոն Ջանջուղազյանին»:

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը