Տնտեսական

30.04.2019 18:14


Տնտեսագետները մտահոգություն են հայտնում ակցիզային հարկի առաջարկվող բարձրացման հետ կապված

Տնտեսագետները մտահոգություն են հայտնում ակցիզային հարկի առաջարկվող բարձրացման հետ կապված

Ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, այսինքն՝ ոչ առաջնային անհրաժեշտության ապրանքների ակցիզային հարկի բարձրացումը որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ աղքատության վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին նման տեսակետ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն՝ անդրադառնալով նույն ամբիոնից հնչեցված կարծիքներին:

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի կարծիքով՝ նախագծով առաջարկվում են ակցիզային հարկերի դրույքաչափերի այնպիսի փոփոխություններ, որոնք ուղղակիորեն ազդելու են բնակչության լայն խավի տնօրինվող եկամուտների վրա:

Այս տեսակետին ի պատասխան փոխնախարար Պողոսյանը նշեց՝ աղքատության և սպառման կապը գնահատելիս շատ կարևորվում է առաջնային անհրաժեշտության բարիքների սպառման մասը: «Նախագծով առաջարկում ենք բարձրացնել ծխախոտի արտադրանքի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի ակցիզային հարկը, որոնք չեն համարվում առաջնային անհրաժեշտության ապրանքներ: Եվ մենք ճիշտ ասած, առանձնապես մտահոգ չենք, որ ուղիղ կապ կա գոնե այս ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի բարձրացման և աղքատության միջև»,-նշեց Պողոսյանը:

Նա նկատեց, որ դրանք այն ապրանքներն են, որոնք որոշակի կախվածություն են առաջացնում, և ավելի շուտ այլ վարքագիծ է դրսևորվում սպառողի մոտ: Պողոսյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ չեն կիսում այն կարծիքը, թե կարող է հանգեցնել աղքատության:

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը ավելի շուտ նույն քննարկմանը ևս իր ելույթում անդրադարձել էր թեմային՝ նշելով, որ կառավարության ծրագրում հստակ նշված է աղքատության դեմ ռազմավարական պայքարի մասին, և մյուս կողմից նախատեսվում է բարձրացնել ակցիզային հարկը: «Ակցիզային հարկը բարձրացնելու պարագայում անհնար է, որ ապրանքի գները չբարձրանան: Եվ պարզ է, որ ընկնում է գնողունակությունն ու քաղաքացին ավելի է աղքատանում»-նշել էր պատգամավորը:

Այս խորագրի վերջին նյութերը