Մեկնաբանություն

01.05.2019 09:05


Ինչքա՛ն կուզեն, էնքա՛ն կխփեն

Ինչքա՛ն կուզեն, էնքա՛ն կխփեն

Իշխող կուսակցության կարկառուն դեմքերից մեկը` ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, օրեր առաջ 5-րդ ալիքի եթերից ցնցող հայտարարություն արեց։ Ասաց՝ «հեղափոխությունից», այսինքն` Նիկոլի վարչապետ գրվելուց հետո 22 հազար ընտանիք վերադարձել է Հայաստան։

22 հազար ընտանիքը, ինչպես հասկանում եք, կատակ բան չէ` ամենահամեստ հաշվարկներով դա անում է 44 հազար մարդ։ Եթե նկատի ունենանք, որ միջին վիճակագրական հայկական ընտանիքը բաղկացած է չորս անձից`երկու ծնող եւ երկու երեխա, ստացվում է, որ «ներգաղթածների» հավանական թիվը տատանվում է 70-88 հազարի սահմաններում։

Եթե փոխխոսնակը չի ստում` հաշված ամիսների ընթացքում գրանցվել է հայրենադարձության հեղափոխական բարձր ցուցանիշ, կարելի է ներել Փաշինյանի ու իր թիմի մինչև հիմա տիրաժավորած բոլոր պոչով ստերը եւ անհեթեթ, շատ դեպքերում` անմեղսունակ դրսեւորումները։ Կարելի է նույնիսկ չտեսնելու տալ Ղարաբաղյան կարգավորման ճակատում ուրվագծվող սպառնալիքները եւ ասել` հալալ լինի ձեզ մեր գլխին բերած «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը». դուք արել եք այն, ինչ ձեզանից առաջ որեւէ մեկին չի հաջողվել։ Բայց «դավաճանական» մի միտք հանգիստ չի տալիս` որտեղի՞ց են վերցված այդ թվերը։

«7օր»-ը փորձեց ստանալ այս հարցի պատասխանը, բայց ապարդյուն։ Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը, որ «մոտիկից» է զբաղվում այս խնդիրներով եւ պիտի որ տեղյակ լիներ աննախադեպ «հուսադրող» այդ միտումներին, եթե դրանք կան, ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց փոխխոսնակի փոխանցած բարի լուրը։ «Նման տեղեկատվություն չունեմ, չգիտեմ` որտեղից, ինչ աղբյուրներից են ստացված այդ թվերը»,-ասաց նա։

Զուտ «վիզուալ»`աչքաչափով, կարելի՞ է այդպիսի «դուխով ներգաղթի» միտում արձանագրել։ «Որեւէ հարցի պատասխանելու համար ես պետք է հղում անեմ աղբյուրներին։ Այս պահին որեւէ աղբյուրից որեւէ նման տեղեկություն չունեմ։ Սա՛ է իմ պատասխանը»,-համառեց մեր զրուցակիցը։

Կա՞ որեւէ պետական մարմին, որ համակարգված աշխատանք է տանում այդ ուղղությամբ եւ կարող է լույս սփռել այս թնջուկի վրա։ «Միգրացիոն հաշվառում կատարվում է վիճակագիրների կողմից, եւ անգամ իրենց գնահատմամբ`դա չի տալիս ամբողջական պատկերը։ Մյուսը ուղեւորահոսքերի եւ ուղեւորափոխադրումների հաշվառումն է, որը, ըստ էության, միգրացիոն վիճակագրություն չէ. ընդամենը ցույց է տալիս`քանի ուղեւոր է մեկնել երկրից եւ քանիսն է ժամանել։ Սա կարող է օգտագործվել մոտավոր գնահատականներ տալու համար, բայց դրա հիման վրա դժվար է հիմնավոր եզրահանգումներ անել միգրացիոն պրոցեսների վերաբերյալ»,-նկատեց փորձագետը։

«Ներգաղթած» ընտանիքների թվի մասին խոսելն, ըստ նրա, առավել եւս բարդ է, եթե չասենք` անհնար. «Ընտրանքային հետազոտությունների միջոցով` ոչ ընտանեկան, անհատական միգրացիոն տեղաշարժերն ինչ-որ կերպ կարողանում ենք մշակել եւ ստանալ ընդհանուր գնահատական։ Ամենաբարդը հե՛նց ընտանեկան միգրացիայի գնահատումն է, որովհետեւ չկան հավաստի աղբյուրներ, որտեղից կարող ենք քաղել այդ տեղեկատվությունը»։

Կառավարությանն առընթեր Միգրացիոն ծառայության մամուլի պատասխանատու Նելլի Դավթյանը նույնպես չունի մեզ հետաքրքրող հարցի պատասխանը։

«Այդպիսի վիճակագրություն չի վարվում։ Նախ` հարց է, ներգաղթ ասելով` ի՞նչ նկատի ունենք։ Համենայնդեպս, մենք այդ տերմինը չենք օգտագործում`գաղթ արմատը ենթադրում է հարկադիր վերադարձ, իսկ մարդիկ, որոնք բարձրաձայնում են այդ մասին, հավանաբար, նկատի ունեն կամավոր վերադարձողներին։ Կա նաեւ հարցի երկրորդ կողմը`որտե՞ղ է կամավոր վերադարձի եւ հայրենադարձության սահմանը։ Մենք հայրենադարձության հետ կապված որեւէ վիճակագրություն չենք իրականացնում։ Շփվում ենք կամավոր եւ հարկադիր վերադարձողների հետ`ա՛յդ վիճակագրությունն ունենք, այն էլ այնքանով, որքանով վերադարձողներն ուզում են օգտվել որեւէ վերաինտեգրման ծրագրից։

Այսինքն` եթե մարդը որոշում է վերադառնալ Հայաստան, անկախ նրանից, ունի ՀՀ քաղաքացիություն, թե՞ ոչ, պետք է դիմի Միգրացիոն ծառայություն, որպեսզի գրանցվի եւ հայտնվի մեր բազաներում։ Իսկ վերադարձողների ճնշող մեծամասնությունը չի դիմում, դրա համար դժվար է նման վիճակագրություն ներկայացնել, համենայնդեպս` մեր ունեցած գործիքներով»,-ասում է նա։ Հարցին`կա՞ մեկը, ով կարող է սպառիչ պատասխան տալ մեր հարցադրմանը, պատասխանում է մեկ բառով. «Չգիտեմ»։

Վիճակագրական կոմիտեն դեռ չի ամփոփել այս տարվա առաջին եռամսյակի`մարտ ամսվա դրությամբ Հայաստան եկած-գնացածների հաշվեկշիռը, թեեւ դա էլ հիմք չէ`մշտական բնակության նպատակով հայրենիք վերադարձած ընտանիքների թվի մասին դատողություններ անելու համար։ Միակ բանը, որ հաստատ է` այն է, որ Հայաստանի մշտական բնակչության թիվը 2019 թ. հունվարի 1-ին կազմել է 2 մլն 965 հազար` 7600-ով պակաս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Եվ ուրեմն` ԱԺ փոխխոսնակի պատասխանատու պաշտոնն զբաղեցնող անձը կա՛մ շեֆի պես` մատից հոտ քաշելով, «ինչքան ուզում, այնքան խփում է», կա՛մ ունի հավաստի տվալներ, որ հունվարից հետո Հայաստանում «մի ուրիշ ձեւի» ժողովրդագրական բում է արձանագրվել, մենք, ինչպես միշտ` բանից անտեղյակ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը