Մեկնաբանություն

01.05.2019 11:56


Աճեմօղլուին սպասելիս

Աճեմօղլուին սպասելիս

Հետհեղափոխական էյֆորիկ ու պոպուլիստական հերթական քայլերից մեկն էլ, կհիշեք, հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուից աջակցություն ստանալու ակնկալիքն էր։ Աճեմօղլուի գալը քարոզչության միջոցով ներկայացվում էր որպես տնտեսական հրաշքի կատարված փաստ, բայց ոչ Աճեմօղլուն էր եկել, ոչ էլ, առավել ևս, տնտեսական հրաշքն էր տեղի ունեցել։

Հիմա շատերի համար է պարզ, որ «Աճեմօղլուն» հերթական «թավշյա» քարոզչական նախագիծն էր։ Ասացին, այդ օրը «լայքերն» ու «սրտիկները» հավաքեցին, հետո անցան այլ քարոզչական փուչիկների հորինման գործին։

Չի բացառվում, որ Փաշինյանը, քարոզչական էֆեկտներ ապահովելուց զատ, անկեղծորեն մտածել է, որ կարող է Աճեմօղլուի միջոցով Հայաստանում տնտեսական հեղափոխություն անել, բայց դա եղել է պարզ մոլորություն։

«Աճեմօղլու» նախագիծը

2018 թ. մայիսի 13-ին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել Աճեմօղլուի հետ:

«Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»,-գրել էր Փաշինյանը:

Դրանից հետո անցավ մի որոշ ժամանակ, Աճեմօղլուն ոչ եկավ Հայաստան, ոչ էլ աջակցեց քայլարածներին Հայաստանի տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում։

2018 թ. հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը տեսակոնֆերանս ունեցան Աճեմօղլուի հետ: Քննարկեցին Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Ինչպես հայտնեցին վարչապետի մամուլի ծառայությունից, տնտեսագետը կարևորել էր իշխանության տարբեր ճյուղերում ինստիտուցիոնալ հակակշիռների ճկուն մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն նախկինում եղած արատավոր երևույթների բացառումը, կառավարության գործելաոճի թափանցիկության բարձրացումը, ինչը թույլ կտա հանրությանն իշխանության գործողությունները պահել մշտադիտարկման մեջ:

Նշվեց նաև, որ նա պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով աջակցել Հայաստանի կառավարությանը զարգացման, ժողովրդավարացման և բարեփոխումների իրականացման գործում:

«Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկայում ևս շարունակել քննարկումները վերոհիշյալ հարցերի շուրջ»,-ասվում էր ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Սրանից հետո էլ Աճեմօղլուն ոչ աջակցեց քայլարածներին ու, ըստ էության, ոչ էլ շարունակեց քննարկումները։ Մամուլում լուրեր տարածվեցին, որ նա հսկայական գումարներ է պահանջել խորհրդատվության համար. այդ լուրերը ո՛չ հերքվեցին, ո՛չ հաստատվեցին։

2018թ. հունիսի 12-ին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Աճեմօղլուն հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիներն ինքնուրո՛ւյն պետք է կառուցեն իրենց երկիրը:

«Ես ցանկանում եմ առաջին հերթին հասկանալ, թե ինչ մարտահրավերներ ունի նոր կառավարությունը և ինչպես է ցանկանում հաղթահարել դրանք: Երբ ես դա լիարժեք հասկանամ, կնստեմ և կկատարեմ իմ «տնային աշխատանքը», կվերլուծեմ, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը և կկարողանամ իրական խորհուրդներ տալ, այլ ոչ միայն այցելել Հայաստան որպես զբոսաշրջիկ»,-ընդգծեց նա:

Այս հայտարարարությունից հետո էլ անցավ մի որոշ ժամանակ, Աճեմօղլուն ոչ եկավ Հայաստան, ոչ էլ աջակցեց քայլարածներին։ «Տնային աշխատանքն» էլ չկատարեց։ Չեկավ թավշյա Հայաստան անգամ որպես զբոսաշրջիկ։ Չտեսավ, թե ինչ մարտահրավերներ ունի նոր կառավարությունը և ինչ ծրագրով է ցանկանում հաղթահարել դրանք (չեղած բանն ինչպե՞ս պետք է տեսներ)։

Փոխարենը՝ ՀՀ նոր կառավարության կողմից տեսավ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, ծնոտները ծռելու, բանկային գաղտնիքին տիրապետելու և հրապարակելու, ընտրովի արդարադատություն ու մեղավորության կանխավարկածով անցումային արդարադատություն իրականացնելու հայտարարություններ և քայլեր։ Այն կառավարության, որից աշխարհահռչակ տնտեսագետն այդքան միամտաբար ու անկեղծորեն սպասում էր մարտահրավերները հաղթահարելու կոնկրետ ծրագրեր ու հստակ գործողությունների տեսլական։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը