Մեկնաբանություն

02.05.2019 09:40


Ինչո՞ւ Նիկոլը «ժերտվա տվեց» իր ընկեր Սանասարյանին

Ինչո՞ւ Նիկոլը «ժերտվա տվեց» իր ընկեր Սանասարյանին

Փաշինյան Նիկոլն ուզում է շուստրիությունը մեծ քաղաքականության պղտոր ջրերում ազատորեն լող տալու վարպետության տեղ անցկացնել, բայց ստացվում է`ինչպես միշտ. ի՛նչ էլ որ ասի կամ անի, ինչքա՛ն էլ «կռուտիտ» լինի, պատեպատ զարկվի (ժամանակակից բառապաշարով ասած` իրեն պատերով տա), մեկ է` «խիյարը թարս է աճում»...

Ձև է անում, թե շախմատ է խաղում`ներկայանում է որպես ճկուն պետական, քաղաքական գործիչ, հմուտ կառավարիչ, որի համար ներքին եւ արտաքին մարտահրավերներին հակադարձելը թքելու պես բան է` անգամ նարդիի կանոններին չտիրապետելով։ Իսկ շախմատը, որպես կանոն, չի ներում գրոսմայստերական հավակնություններով «մեջլիս մտած» դիլետանտներին։ Անուններ չտանք, բայց դրա վառ օրինակը մի տարի առաջ տեղի ունեցած բիրդան իշխանափոխությունն էր...

Վերցնենք թեկուզ քայլարածական իշխանության սորոսական թեւի հույսերի ու հույզերի արտահայտիչ Դավիթ Սանասարյանի շուրջ շարունակվող կոռուպցիոն սկանդալը։ Շատերն են իրենց հարց տալիս` ի վերջո, ինչո՞ւ Փաշինյանը «փուռը տվեց» հեղափոխական պայքարի իր զինակից, «Ժառանգություն»-ից թռնելուց ու շնորհքով ՔՊ ներխուժելուց հետո նաեւ կուսակից ընկերոջը։ Չէ՞ր հասկանում, որ հայտնվելու է երկու կրակի արանքում`սորոսականների և իշխանության մյուս թևի, ու նաև «հակահեղափոխականների» եռակողմ հրետակոծության տակ։

Լա՛վ էլ հասկանում էր` դատելով ամենից, բայց հույս ուներ ջրից չոր դուրս գալ, դեռ մի բան էլ ավելի`միանգամից երկու նապաստակ խփել։ Նախ`հպարտ քաղաքացու աչքին թոզ փչել, հանդես գալ որպես անաչառ արբիտր, որը առաջնորդվում է «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» սկզբունքով եւ հանուն արդարության պատրաստ է զոհաբերել իր մերձավորին (եղբորորդուն պատժելու «միզանսցենը» նպատակին չծառայեց` «տրամաչափն» այն չէր)։

Հասարակության արձագանքը «միանշանակ» չէր։ Անգամ իշխող կուսակցությունը հալած յուղի տեղ չընդունեց Սանասարյանին ներկայացված մեղադրանքը։ Սորոսական հանրույթն աղմուկով ընդվզեց դրա դեմ եւ սպառնաց իրերն իրենց անուններով կոչել, եթե ժողվարչապետը քարը փեշից չթափի ու օր առաջ հետ չկանչի իր «քաղաքական պատվերը»։ Փաշինյանին մերժողներն էլ չարախնդացին, թե`«հակակոռուպցիոն պայքարի» ցուցադրական այս նմուշը մի բանի մասին է խոսում. կա՛մ հեղափոխականները ռեկորդային կարճ ժամանակահատվում`քայլելով իշխանափոխությունից մի տարի չանցած, իրենք են թաթախվել կոռուպցիայի մեջ, կա՛մ Սանասարյանն իսկապես քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Սա իր հերթին նշանակում է, որ քաղաքական հետապնդումները դարձել են հեղափոխական կառավարության կենսակերպի անբաժանելի մասը։ Եզրակացությունը մեկն է` եթե «Նոր Հայաստանում» նույնիսկ յուրայիններին չեն խնայում, «ռեժիմի» հակառակորդներն ինչպե՞ս կարող են «պլստալ» վերեւից իջեցված քաղաքական պատվերներից։

Երկրորդ եւ ամենակարեւորը հարցը, որ Փաշինյանն ուզում էր լուծել` Ռուսաստանի եւ ռուսների հանդեպ անանձնական սիրո եւ հավատարմության երդումները համառորեն չնկատելու տվող Պուտինի սիրտը շահելն էր. տարբեր մակարդակներով, տարբեր ձեւաչափերով արտահայտված դժգոհությունը (առ այն, որ Կրեմլի մեսիջները տեղ չեն հասել, եւ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում առանցքային դեր խաղացած Ռոբերտ Քոչարյանը` Ռուսաստանի նախագահի ընկերը եւ հուսալի գործընկերը շարունակում է փակի տակ մնալ) մեղմելը։

Հաշվարկն այն էր թերեւս, որ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կհանի բոլոր կասկածները, թե Քոչարյանի վրա կարված գործը ջուր է`պայմանավորված է բացառապես անձնական վրեժխնդրության (2008-ի ձախողված հեղաշրջման փորձի համար վրեժ լուծելու) ծարավով եւ հավանական հակառակորդին գլխանց վնասազերծելու անհագուրդ ցանկությամբ։ Հավանաբար կարծում էր`Պուտինը տեղնուտեղը ձեռքերը վեր կբարձրացնի ու կհանձնվի`ասելով. «Դե, եթե Փաշինյանի ընկերն է հայտնվել նորհայաստանյան «արդարադատության» մամլակի տակ, ինչո՞ւ պիտի Քոչարյա՛նը դուրս մնա հայկական Ֆեմիդայի տեսադաշտից»։

Որքանո՞վ արդարացված է այս պարզունակ հաշվարկը`ժամանակը ցույց կտա։

Մի բան պարզ է` շախմատային այս պարտիան Փաշինյանն արդեն տանուլ է տվել. «ձիով քայլը» արել է եւ... հայտնվել ցուգցվանգի վիճակում` որ ֆիգուրին էլ ձեռք տա, իր դեմ է շուռ գալու։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը