Լրահոս

03.05.2019 19:49


Կալանավորի հետ հեռախոսով ծանոթացած կինը ներքնազգեստի մեջ «մարիխուանա» է փոխադրել «Գորիս» ՔԿՀ

Կալանավորի հետ հեռախոսով ծանոթացած կինը ներքնազգեստի մեջ «մարիխուանա» է փոխադրել «Գորիս» ՔԿՀ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Կապան քաղաքի երկու բնակչի:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կապան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1981թ, հեռախոսակապի միջոցով ծանոթացել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հետ, որից հետո 38-ամյա կինը սկսել է տեսակցել նրան: 2019թ. փետրվարի 18-ին 1983թ. ծնված կալանավորը, հեռախոսազրույցի ընթացքում տեղեկանալով, որ հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին, 38-ամյա կինը պատրաստվում է այցելել իրեն, խնդրելով դրդել է նրան վերցնել Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մուտքի էլեկտրական հաշվիչների պահման արկղի վրա առկա փաթեթը եւ գաղտնի տեղափոխելով՝ փոխանցել իրեն:

Համաձայնելով նշված առաջարկին՝ Կապան քաղաքի 38-ամյա բնակչուհին մատնանշված վայրից վերցրել է զգալի չափերով՝ 7.54 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փաթեթը, թաքցրել այն ներքնազգեստի մեջ եւ իր վրա կրելով ՝2019 թվականի փետրվարի 19-ին փոխադրել քրեակատարողական հիմնարկ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից, սահմանված կարգով, կատարված անձնական խուզարկության ժամանակ թմրամիջոցը հայտնաբերվել է եւ վերցվել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 35-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը