Մեկնաբանություն

03.05.2019 19:10


Հեղափոխությունը խժռում է իր խորթ զավակներին

Հեղափոխությունը խժռում է իր խորթ զավակներին

Այն, որ Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստանը» օրգանապես օտար են Նիկոլ Փաշինյանին, թրաշամանուկների իր թիմին եւ սրանց կողմից «հռչակված» ու չհռչակված արժեքներին (եթե այդպիսիք ընդհանրապես կան), պարզ էր դեռ թավշյա ու դեռ մի բան էլ ոչ բռնի իշխանափոխության օրերին, երբ Ծառուկյանը, կանխատեսելով, թե ուր է տանում «Սերժին մերժելու» հողի վրա ահագնացած ընդվզման ալիքը, հայտարարեց, որ «ժողովրդի հետ» է։ Այսինքն`Նիկոլի կողքին։

Այն, որ Ծառուկյանի եւ Փաշինյանի ջրերը նույն առվով չեն հոսում, ակնհայտ դարձավ Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ ԲՀԿ-ն ու իմքայլականները «սիրալիրություններ» էին փոխանակում՝ ջանալով վերմակն իրենց վրա քաշել` առավելագույնը քաղել ուժերի այդ ստուգատեսից։

Ավելի ուշ, երբ «Ծառուկյան» խմբակցությունը քվեարկեց խորհրդարանի բնականոն գործունեությունը հեղափոխական եւ այլ կատակլիզմներից ապահովագրող օրենսդրական նախաձեռնության`ԱԺ կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի օգտին, քայլարածների դժգոհությունը Ծառուկյանից եւ իր թիմից հասավ գագաթնակետին։

Բայց պրագմատիզմը հաղթեց` ԲՀԿ առաջնորդը հասկացավ, որ մատը մեղվի փեթակի մեջ մտցնելը կարող է իր վրա թանկ նստել, եւ լավագույն բանը, որ շարունակվող զանգվածային հոգեխանգարմունքի պայմաններում կարելի է անել` անհարկի «չցցվելն» է։ Եվ այդպես էլ արեց` հանգիստ նստեց տեղը։ Արդյունքը եղավ այն, որ ինդուլգենցիա ստացավ անձամբ Փաշինյանի կողմից եւ դարձավ չօլիգարխ` խոշոր սեփականատեր։

Հակասությունները նորից գլուխ բարձրացրին արդեն թավշյահեղափոխական նոր խորհրդարանում, որտեղ կարծես թե պետք է համերաշխ լինեին իշխանական «Իմ քայլը» և անշառ ընդդիմադիր ԲՀԿ-ն։ Բայց ժամանակն անում է իրենը`Փաշինյանի ռեյտինգն առաջվանը չէ, հեղափոխական էյֆորիայի ալիքն արագորեն տեղի է տալիս, եւ ԲՀԿ-ին այլեւս ձեռք չի տալիս իր կարգավիճակը, հատկապես որ Նիկոլենք հարձակման են անցել։

Ծառուկյանցիներն, ըստ այդմ, սկսել են ավելի համարձակորեն քննադատել իմքայլական մեծամասնությանը, առավել եւս, երբ սրանք իրենց ոչ ադեկվատ դրսեւորումներով, անմեղսունակության աստիճան անկապ հայտարարություններով եւ գործողություններով լիուլի ընձեռում են այդ հնարավորությունը։

Արարատի ցեմենտի գործարանի հետ կապված օրենքի նախագիծը ոչ թե պատճառ էր, այլ առիթ, որպեսզի այդ հակասությունները եւս մեկ անգամ ջրի երես դուրս գան։ Եվ Փաշինյանը չհապաղեց օգտվել առիթից` հեղափոխության «խորթ զավակին» իր տեղը ցույց տալու։ Այն էլ` ուրիշի միջոցով. օգտագործելով անցանկալի անձանց վրա գործ տալու «ինստիտուտը»։

Այդ պատասխանատու գործառույթն իր վրա վերցրեց «Քաղաքացու որոշում» կոչեցյալ անհայտ կազմակերպությունը` սրտակեղեք ահազանգելով բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու հիմնարար սկզբունքի դեմ չլսված, չտեսնված ոտնձգության մասին։ Իբր Ծառուկյանը ոտնակոխ է արել Սահմանադրության սրբության սրբոցը` ձեռնարկատիրական գործունեությունը համատեղել է պատգամավորական մանդատի հետ։ Սա` այն դեպքում, երբ մարդը, ինչպես կարգն է, իր բիզնեսները վաղուց հանձնել է հավատարմագրային կառավարման, եւ դե յուրե գործում է իրավական դաշտում։

Պակասը լրացրեց ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը`առավոտ շուտ ավետեց, որ գրություն է ուղարկել ԲՀԿ խմբակցության ղեկավարին եւ ուշադրություն հրավիրել բիզնես-շահերի եւ պատգամավորական լիազորությունների բախման փաստի վրա (կարծես՝ չգիտեր, որ Ծառուկյանը, որպես սեփականատեր, չէր կարող շահագրգռված չլինել ցեմենտի գործարանի եւ իր աշխատակիցների ճակատագրով)։ Վերջում էլ`կոչ է արել «առնվազն սպառիչ պարզաբանումներ ներկայացնել այդ հարցի վերաբերյալ»։ Եթե «լոլոները» մի կողմ դնենք, սա նշանակում է` վայր դրեք պատգամավորի մանդատը եւ հանգիստ քնեք։

Ստեղծված «բարդ» իրավիճակում Ծառուկյանը երկու ճանապարհ ունի։ Առաջին՝ ընդունել մարտահրավերը, եւ, ինչպես թերթերից մեկին ասել էր բացահայտվել չցանկացած բհկականներից մեկը, հակասահմանադրական վիճակ ստեղծել խորհրդարանում`ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների եւ համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուների կոլեկտիվ հրաժարականի տեսքով։ Կամ, որ նույնն է`երկիրը տանել արտահերթ նոր ընտրությունների, ինչին, ի դեպ, սթափ դատելու կարողությունը կամաց-կամաց վերականգնող քաղաքացին հաստա՛տ դեմ չի լինի։

Երկրորդ` համակերպվել հեղափոխության խորթ զավակի կարգավիճակին, որին ցանկացած պահի կարելի է կշտամբել, անկյուն կանգնեցնել, ստորացնել, հարկ եղած դեպքում` փուռը տալ։

Ծառուկյանը «բնավորություն ցույց կտա՞», թե՞ հեղափոխությունը կխժռի իր խորթ զավակին`կապրենք, կտեսնենք...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը