Քաղաքական

04.05.2019 18:09


Զոհրաբ Մնացականյանը մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առնչությամբ

Զոհրաբ Մնացականյանը մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առնչությամբ

Հայաստանն ու Իսրայելը երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Jerusalem Post-ի հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով նշել է, որ երկու երկրներն էլ մեծ պատմություն ունեն ու հին քաղաքակրթությունների կրողներ են:

«Մենք ունենք ազգային ինքնության ու հպարտության մեծ զգացում, կարող ենք միասին աշխատել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսության տարբեր ճյուղերը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, ուղիղ չվերթները, առողջապահությունը, մշակույթը, կրթությունը և այդպես շարունակ»,-ասել է Մնացականյանը:

Արտգործնախարարն անդրադարձել է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստին՝ նշելով. «Դա եղել և մնում է մտահոգության լուրջ առիթ մեզ համար: Իսրայելի զենքի վաճառքը մեր ժողովրդի համար մահացու միջոց է: Մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես է այդ զենքն օգտագործվում մեր իսկ ժողովրդի դեմ: Մենք մտահոգվում ենք անվտանգության հարցով և բացարձակապես վստահ ենք, որ կարող ենք պաշտպանել ինքներս մեզ, և դուք շատ լավ գիտեք, թե դա ինչ է նշանակում: Միևնույն ժամանակ, մենք հանձնառու ենք զարգացնել խաղաղություն և անվտանգություն մեր տարածաշրջանում»: Նա ընդգծել է, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը ոչ մի կերպ չի կարող նպաստել խաղաղության ու անվտանգության կառուցմանը:

Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանը լավ հարաբերությունների մեջ է Իրանի հետ, որն Իսրայելի համար թշնամական պետություն է, ՀՀ արտգործնախարարը նկատել է, որ մեր երկիրը հաստատակամ է հարաբերություններ կառուցելու մի գործընկերոջ հետ՝ առանց բացառելու մյուսին: «Սակայն մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր գործընկերները վարվեն նույն կերպ: Մենք նաև շատ զգայուն ենք մեր գործընկերների զգայունությունների նկատմամբ»,-հայտարարել է Մնացականյանը:

Հարցին, թե արդյոք զարմացած կամ հիասթափված է այն փաստի առնչությամբ, որ Իսրայելը մինչև օրս հրաժարվում է ճանաչել հայերի հետ կատարվածը որպես ցեղասպանություն՝ ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Սա այն հարցը չէ, որի առնչությամբ պետք է զարմանամ: Ես ներկայացնում եմ մի ժողովրդի, որը շարունակում է առերեսվել այն արդարության ճնշմանը, որը ժխտվում է ավելի քան 105 տարի: Իմ ժողովուրդը հաղթանակած է, քանի որ ենթադրվում էր, թե մենք պետք է ջնջվեինք երկրի երեսից: Ժխտվող արդարության հարցը մարդկային բնույթ ունի: Իսրայելն է որոշելու՝ ճանաչել, թե ոչ, այլ ոչ թե Հայաստանը: Մեր հավաքական պատասխանատվությունն է այսօր նվազեցնել ցեղասպանության ու կոտորածների ռիսկը»:

Այս խորագրի վերջին նյութերը