Լրահոս

30.03.2010 18:38


«Ժառանգության» կոչը ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, «Օրինաց Երկրին», ՀՅԴ-ին և ՀԱԿ-ին

«Ժառանգություն» կուսակցությունը, բովանդակ հայ ժողովրդի հետ մեկտեղ խիստ անհանգստացած լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան խնդիրների շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից եւ առկա սպառնալիքներից, ստեղծված իրավիճակը գնահատում է որպես Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին ուղղված ամենավտանգավոր մարտահրավերը, որը երբեւէ եղել է 1993-ից ի վեր:

Այս պայմաններում Արցախի եւ hայ-թուրքական խնդիրներում ահագնացող արտաքին ճնշումներին, այդ թվում' Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանն ի պատասխան' «Ժառանգությունը» կոչ է անում ընդդիմադիր ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին եւ կոալիցիոն կուսակցություններին' ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, մինչեւ ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրությունները, գործող խորհրդարանի քաղաքական ցածր արդյունավետության պայմաններում ձեւավորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն' Կլոր սեղանի ձեւաչափով, որում կընդգրկվեն նշյալ 3 ընդդիմադիր եւ 3 կոալիցիոն ուժերը, ինչի շնորհիվ համամասնորեն ներկայացված կլինեն ընդդիմությունն ու իշխանությունը: Կլոր սեղանը առաջարկում ենք ձեւավորել առանց նախնական օրակարգի, ապա սեղանին դնել ընդդիմադիր ու իշխանական ուժերին հուզող բոլոր հիմնական խնդիրները եւ առանց նախապայմանների գալ ընդհանուր հայտարարի մի շարք հարցերում: Սա կարող է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ներհասարակական-ներքաղաքական միասնության ապահովման եւ համախմբված ուժերով հակառակորդին դիմակայելու համար, ինչպեսեւ' խթանել ժողովրդավարական բարեփոխումները:

Կլոր սեղանը պետք է լինի առաջին քայլը' ազգային միասնության առավել լայն քաղաքական, քաղաքացիական եւ հոգեւոր ձեւաչափի կայացման ուղղությամբ, որն ի վերջո կընդգրկի Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, ինչպեսեւ Սփյուռքի քաղաքական ուժերին ու քաղաքացիական առանցքային դերակատարներին, Մայր եկեղեցու եւ մյուս հիմնական հարանվանումների ներկայացուցիչներին: Նմանատիպ առաջարկով «Ժառանգությունը» պատրաստվում է պաշտոնապես դիմել նաեւ վերը նշված ազգային միավորներին:

Առաջիկայում «Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնապես կդիմի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի առաջնորդներին' քննարկելու այս առաջարկը եւ վերոնշյալ շրջանակներին ներգրավելու հարցը:

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը