Քաղաքական

06.05.2019 14:51


Ինչո՞ւ չկա հարուցված քրգործ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ. Կորյուն Գրիգորյան

Ինչո՞ւ չկա հարուցված քրգործ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ. Կորյուն Գրիգորյան

«Երիտասարդ Դեմոկրատների Ազգային Լիգա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան Մարտի 1-ի իրադարձություններին, դրա հետևանքներին և համացանցում ամենաշատը քննարկվող հարցին՝ ո՞վ է մեղավոր։

ՀԿ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանն ասաց. «Բոլորիս համար պետք է պարզ լինի, որ այդ ամենի համար կար հստակ մեկ մեղավոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ով հավաքել էր այդքան բազմություն ու հետո թողել անկազմակերպ, միանշանակ պետք է բերեր այն ամենին, ինչ եղավ, ոչ մի բան պատահական չէր։ Տեր-Պետրոսյանը լինելով մարդ, ով լավ տիրապետում էր մանիպուլացիաներին, ով շատ լավ ստրատեգ էր, կարող էր գնալ զոհերի, շատ բնական էր այն ամենն, ինչ կատարվեց։ Ցույցերի ժամանակ ես այնտեղ եմ եղել, շփվել եմ թե ցուցարարների, թե լիդերների հետ, տեսել եմ ամենը։ Բացի ցուցարարներից, կային մարդիկ, ովքեր կողմ էին, որ ամեն ինչ զարգանար ոչ թե խաղաղ, այլ ջարդուշփուրով։ Կային նաև կրիմինալ տարրեր, գրպանահատներ, որոնց համար կարևոր չէր, ովքեր են այնտեղ, ուղղակի իրենց խառնաշփոթ էր պետք։ Կար զանգված, որ ամեն ձև խրախուսում էր բախումները ոստիկանների հետ, բայց խաղաղ ցուցարանները երբեք իրենց թույլ չէին տա բախումներ, չէին գնա թալանի»։

Նրա խոսքով՝ այս դեպքում բացառապես Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որ ամենը կարող էր պահել օրենքի շրջանակներում, բայց արդյոք դա իրեն ձե՞ռք էր տալիս. «Նա իրեն ապահովագրեց, թե իրեն պահել են տնային կալանքում։ Փառք աստծո եղավ ՄԻԵԴ-ի պատասխանը, որ նա ունեցել է տեղաշարժի հնարավորություն, ազատ է եղել այդ հարցում»։

ՀԿ ներկայացուցիչներից Արսեն Սիմոնյանն էլ նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կորցնելու ոչինչ չուներ, իսկ կատարվածից միայն քաղաքական դիվիդենտներ շահեց. «Անհանգստանալու ոչինչ չուներ, պետությունն ապահովում էր իր անվտանգությունը, որդուն էլ հեռացրել էր երկրից»։

Կորյուն Գրիգորյանն էլ հավելեց, որ շատ հստակ սցենարով են աշխատել և Տեր-Պետրոսյանը շատ շահեկան դիրքում էր։

«Ինչու՞ չկա հարուցված քրեական գործ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ինչո՞ւ է նա դուրս մնացել, ինչո՞ւ է բարիկադի մի կողմը միայն։ Մարտի 1-ի գործով պետք է լինի համակողմանի քննություն։ Նրա գործողությունները շատ հստակ են եղել և պետք է հիմա պատասխանատվության ենթարկվեր»,-հավելեց նա։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը