Լրահոս

06.05.2019 15:40


Արսեն Ջուլֆալակյանը հերքում է իր և հոր կողմից Սերգեյ Մխիթարյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը

Արսեն Ջուլֆալակյանը հերքում է իր և հոր կողմից Սերգեյ Մխիթարյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հերքում է իր և հոր` Լևոն Ջուլֆալակյանի կողմից քաղաքացի Սերգեյ Մխիթարյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը:

«Ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և, իհարկե, Լևոն Ջուլֆալակյանի կողմից չի եղել։ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել (ավելի ուշ բուժքույրն ասաց ճնշումը բարձրացել էր...), կանչել ենք շտապօգնություն և տեղափոխել հիվանդանոց։

Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու, թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում։

Կրկնում եմ` իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշեմ։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն, որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը», - ֆեյսբուքյան էջում գրել է Ջուլֆալակյանը:

Ավելի վաղ Ոստիկանությունից «Ազատության»-ը հայտնել էին, որ մայիսի 5-ին՝ ժամը 17:40-ին, ահազանգ են ստացել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության մեքենայով Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից սալջարդերով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ըստ ոստիկանության լրատվության բաժնի՝ տուժողը 1956 թվականին ծնված տղամարդ է, միջադեպի հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր։

Ըստ shamshyan.com-ի՝ հիվանդանոց տեղափոխված անձը՝ Սերգեյ Միխիթարյանը, հայտնել է, որ իրեն «ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել» Լևոն և Արսեն Ջուլֆալակյանները, վերջինս Ազգային ժողովի պատգամավոր է։

Լևոն Ջուլֆալակյանը Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է, Արսեն Ջուլֆալակյանը հայտնի ըմբշամարտիկ է, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։

Այս խորագրի վերջին նյութերը