Քաղաքական

07.05.2019 11:50


«Այո՛, պարոն վարչապետը ճիշտ է ասում՝ բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, բայց պետք է լինեն ծանոթություններ». Ծառուկյան (տեսանյութ)

«Այո՛, պարոն վարչապետը ճիշտ է ասում՝ բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, բայց պետք է լինեն ծանոթություններ». Ծառուկյան (տեսանյութ)

Այո՛, պարոն վարչապետը ճիշտ է ասում՝ բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, բայց ամենակարեւորը պետք է լինեն ծանոթություններ, կապեր, վստահություն, հավատք, ընկերություն, շրջապատ, որովհետեւ ցանկացած ծրագիր ու ներդրում կայանում է ծանոթության, վստահության կլոր սեղանի շուրջ: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս իրավիճակում վայր դնի մանդատը, որպեսզի ավելորդ խոսակցությունները դադարեն, թե՞ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ի գիտություն կընդունի իր պատասխանը եւ հարցը դրանով կփակվի, Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ միայն պարոն Միրզոյանը, այլ նաեւ ամբողջ հանրության համար եւ ամենակարեւորը դիմողների համար, հասկանան, որ այդ ամենը անհիմն է: Իմ պատասխանում եւ իրավական եւ քաղաքական պատասխանը բարձր մակարդակով ներկայացված է: Այդպիսի խոսակցությունները վնաս են պետությանը, ներդրմանը: Այս 15 օրվա լարվածության մեջ ոչ մի բան չկա, անհիմն է: Բոլորը գիտեն, որ Ծառուկյանը իր ընկերությունները հանձնել է կառավարման, տարիներով չեմ գնում»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

Նա հավելեց, որ այս իրավիճակն ազդում է, որ իր հետ պայմանավորվածություն ունեցող 18 ներդրողները մտավախություն ունեն, որ «ինչ-որ մեկը կարող է քնից արթնանալ, անհիմն հայտարարություն անի»:

«Կամ կարող է վատ է քնել, կամ երազում ինչ է տեսել, չի կարելի... դա ազդելու է մեր տնտեսության զարգացման, ներդրումների վրա: Արդեն մարդկանց մոտ մտավախություն կա՝ ներդրում անեն այս երկրում, թե ոչ: Կարող է մարդը վատ քնի, հելնի, մի հատ անհիմն եզրակացություն ասի: Ես ուզում եմ, որ մեր երկրում ներդրում լինի, որ մեր երկիրը զարգի, ծաղկանա, բարեկեցիկ երկիր դառնա»,-ընդգծեց Ծառուկյանը:

***

Այսօր երկրի բոլոր խնդիրները լուծել ա, ներդրումներն արել ա, ժողովրդի վիճակը լավացել ա, Ղարաբաղի խնդիրը լուծված ա, ու էսօր ամենակարեւոր խնդիրը Ծառուկյանի մանդա՞տն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ես մանդատից կհրաժարվեմ այն ժամանակ, երբ իմ պատկերացրած երկիրը լինի, ժողովրդի վիճակը լավանա, վարկերը փակված լինեն, բոլորի դեմքին ժպիտ լինի, երկիրը զարգանա, այո, այդ ժամանակ իմ կյանքով կապրեմ»,-ասաց Ծառուկյանը:

Նա ընդգծեց, որ չի հավատում, որ իր դեմ գործում է երկրի իշխանությունը. «Ես չեմ ուզում հավատալ, որ սա իշխանությունն է անում: Չեմ ուզում հավատալ, որ իշխանությունն այսօր Ծառուկյանի դեմ ճնշման քայլեր է կատարում, բայց չկայացած, չերեւացող մարդիկ իրենց երեւալու համար դա անում են: Չեմ ուզում մտածել, որ քաղաքական հետապնդում կա, բայց նախանձողներ, չար մարդիկ կան: Սաղի դարդուցավը մնացել ա Ծառուկյանի մանդա՞տը, երկրի խնդիրները լուծվել, պրծել ա՞»,-ասաց նա:

Աղբյուրը՝ NEWS.am

Այս խորագրի վերջին նյութերը